narek babayan

Հայի առանձնահատկություն №103

Քայլում եմ փողոցով, ծննդյանս օրն է։ Սովորաբար մենք ծննդյան տոները նշում ենք ժամը երկուսից հինգը։

Ընկերներիս տեսնելու եմ գնում, քնիցս մոտ կես ժամ առաջ եմ արթնացել։ Քայլում եմ եղբորս հետ, նա իր ընտանիքի հետ ծնունդիս հյուր էր եկել։

Ճիշտ հասկացաք. հյուրերը մեր տանն են, կենացս են խմում, երևի չգիտեն էլ, որ այնտեղ չեմ։ Դե դա էական չի մեզ մոտ։ Մեզ ասելով՝ հայերի։ Հա, մենք ուրախանում ենք նույն ձևով, անկախ առիթից ու պայմաններից։ «Եկա, կերա, գնացի» ենք էլի անում։ Գիտեք, ծնունդիս նախօրյակին մերոնց ասացի, որ չեմ ուզում նման կերպ նշել, մի պահ լուրջ կասկածեցին, որ ես կարող եմ Եհովայի վկա լինել։ Անիմաստ ա էլի, հաց ուտել ու ալկոհոլ օգտագործել ինչ-որ իրադարձության համար, բայց դե դարերից եկածն էլ էդ ա։

Մինչև էս տողը ոմանք կասեն, չէ, անկապ հաց չենք ուտում, պարում ենք էլ։ Լավ, պարում ենք էլ։ Բայց խոսքս էնքան նշման ձևի մասին չի, ինչքան միօրինակության։ Էսօր հաց կերեք, պարեք, բայց վաղը կարող եք արշավ գնալ, կամ խաղասրահ, չգիտեմ։ Ոչ թե ծնունդ՝ ուտել-խմել։ Հարսանիք՝ ուտել-խմել։ Քառասունք՝ ուտել-խմել… Հավերժական սովա՞ծ եք

Հենց սրա համար ա ատամհատիկը սիրածս տոնը, դե Նոր տարին չհաշված:  Նոր տարին ներքին լավ խորհուրդ ունի, սեղանների «քոփի փեսթին» չեմ նայում։

Կարծում եմ, միտքս որոշ չափով հասկանալի արտահայտեցի։ Սպասենք, երբ ղեկի առաջ ես ու տարեկիցներս կկանգնենք, կգա այդ օրը։