Հայրավանք

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Սևան-Գավառ ճանապարհի ձախ կողմում՝ Սևանա լճի առափնյա հրվանդանի վրա է գտնվում Հայրավանքի Սբ. Ստեփանոս վանական համալիրը: Մամռակալած ժայռերով շրջապատված տեղանքում արթուն է դարերի շունչը: Պատմական աղբյուրների համաձայն՝ վանքի տեղանքը դեռևս 4-րդ դարից եղել է սրբատեղի: Վանքի ներսում զգում ես ժամանակի ընթացքում այստեղ հնչած բյուրավոր աղոթքների հոգեպարար զորությունը:

Վանքի տարածքը լուսանկարելու համար կան բազմաթիվ գեղեցիկ դիտանկյուններ: Արածս բազմաթիվ լուսանկարներից ինձ հատկապես դուր եկան վանքի հետևի ժայռերից նկարածները: Այնպես որ, եթե գեղանկարիչ չեք ու չեք կարող կտավին հանձնել ձեր տեսածն ու զգացածը, ապա գոնե ֆոտոխցիկ ունեցեք:

Պատմական աղբյուրների համաձայն՝ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը Կեսարիայից վերադառնալիս  անցել է Գեղամա ծովի այս վայրերով: Հայրապետին ուղեկցող վարդապետներից մեկը նրան խնդրել է ճգնության համար իրեն թողնել այստեղ: Լուսավորիչը վարդապետին թողել է այստեղ և նրան հանձնել Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Մասունքը դրվել է 4-րդ դարում այստեղ կառուցված աղոթատանը, որի հիմքերն այսօր էլ պահպանվում են:

9-րդ դարում, Մարիամ իշխանուհու նվիրատվություններով կառուցվել է Ս. Ստեփանոս եկեղեցին, որը հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է: 1211թ. եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կից կառուցել երդիկավոր ութանիստ գմբեթով գավիթը:

19-րդ դարում  բնական աղետի հետևանքով վանքի գմբեթը փլուզվում է, և խաչափայտի մասունքները տեղափոխվում են Սևանավանք, ապա՝ Սբ. Էջմիածին: 2017 թ. հուլիսի 9-ին՝ Հայրավանքի ուխտի օրը,  Ն.Ս.Օ.Տ.Տ  Գարեգին Բ-ի օրհնությամբ խաչափայտի մասունքները բերվեցին Հայրավանք: Այդ օրը տարբեր վայրերից բազմաթիվ մարդիկ այցելեցին Հայրավանք՝ հաղորդակցվելու մասունքների օրհնաբեր զորությանը:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին գրի է առել մի ավանդություն՝ մասունքների հրաշագործ զորության մասին: Ըստ այդ ավանդության, երբ 1381թ-ին Լենկթեմուրը ավերելով Հայաստանը հասնում է  այս վանքի մոտ, վանահայր տեր Հովհանը մեջքին է կապում Քրիստոսի խաչափայտի մասունքները  և վազելով փախչում է ծովի մակերեսով այնպես, ինչպես դա կաներ գետնի վրայով: Լենկթեմուրը զարմանում է և կանչում վանահորը` խոստանալով կատարել նրա բոլոր պահանջները: Վարդապետը վերադառնում է և բռնակալին խնդրում արձակել այնքան քրիստոնյա գերի, որքան վանքը կտեղավորի իր մեջ: Լենկթեմուրի թույլտվությամբ վարդապետը Սուրբ Գիրքը ձեռքին  մարդկանց ընդունում է եկեղեցի: Այն իր մեջ տեղավորում է քրիստոնյաների ողջ բազմությունը: Ապշահար բռնակալը ներս մտնելով տեսնում է, որ վանք մտնող մարդիկ աղոթքի զորությամբ վերածվում են աղավնիների և թռչում են դեպի կղզի: Այդ օրվանից վանքը, վանահայր Հովհանի անունով, կոչվել է Հովհաննավանք, Հայր Հովհանու վանք, նաև` Մարդաղավնյաց վանք, իսկ հետագայում` Հայրավանք:

Հետաքրքիր է այն զգացողությունը, երբ ներս մտնելով վանք, մի պահ քեզ համարում ես  այն բազմաթիվ քրիստոնյաներից մեկը, ովքեր Տեր Հովհանու աղոթքի զորությամբ    վերածվում են աղավնու և խաչքարերով պատված հրվանդանի բարձունքից լճի վրայով ճախրում են կղզի:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի