Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Մեր սարն անապատացել է

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Եթե նստեք տատիս կողքին ու զրուցեք, նա անպայման կասի, որ ինքը իր տղաների ընտանիքների հետ 11 տարի սար է գնացել, շատ անասուններ են պահել ու դրա շնորհիվ գյուղում երկու տուն են գնել։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Սար գնացող ընտանիքներ գյուղում շատ կան, բայց հիմա այնքան հեռու տեղեր չեն գնում, ինչպիսին մերոնք են գնացել։ Այդ ժամանակներից  անցել է մոտ 15-16 տարի, ու հիմա երբ հիշում են այդ տարիները, երանի են տալիս, չնայած որ շատ ծանր ու դժվար աշխատանք է եղել, կարոտով են հիշում այդ ամենը։ Ինձ համար այդ զգացմունքները խորթ են, քանի որ փոքր եմ եղել ու ոչինչ չեմ հիշում։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Ամռանը անընդհատ ուզում էինք գնալ սար, տեսնել ամեն ինչ, վերհիշել ապրած օրերը, բայց միշտ մի բան խանգարում էր։ Վերջապես կարողացանք հարմարեցնել: Մայրս էլ միացավ մեզ, նրա մանկությունը նույնպես սարում է անցել՝ իր տատ ու պապի մոտ։ Վերջապես գնացինք։ Չնայած դժվար էր առավոտյան 4-ին արթնանալը, բայց մենք հաղթահարեցինք ու ճամփա ընկանք։ Ճանապարհի ամեն հատվածի հետ կապված մի հիշողություն կար, ու ճամփան կարճ թվաց, քանի որ անընդհատ պատմում էին ու պատմում։ Տեղ հասնելուն քիչ էր մնում, երբ տեսանք մեր թաղամասից մի տղայի, որը հորթերին բերել էր արոտի։ Նրա աչքերը սկսեցին փայլել, ու քույրս հիշեց, թե ինչպես էին իրենք ուրախանում, երբ գյուղից մարդ էր գալիս։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Տեղ հասանք: Բոլորը զարմացած հարցնում էին թե. «Բա էս ի՞նչ խաբար ա, որ էկել եք», ու զարմանում էին մեր այն պատասխանից, որ ուղղակի եկել ենք կարոտներս առնելու։ Բոլորը հրավիրում էին իրենց օդա (սարի տնակներն են) հանգստանալու, սուրճ խմելու։ Առավոտը նոր էր բացվել, բայց սարվորներն արդեն ավարտել էին կիթը ու կաթն էին մշակում: Այդպես է սարում. օրը շուտ է սկսվում։  Այդ մոտիկ սարերում գյուղից շատ մարդ կա, ու դեռ պահպանվում են սարի ավանդույթները։ Մենք մտանք մորս քեռու տուն, հետո մեր սարվորի (դա այն մարդն է, որը պահում է մեր կովը) ու մի քիչ հանգստանալուց հետո բարձրացանք ավելի հեռվի սարերը՝ մեր սարերը։ Ծառերը, թփերն ու քարերը իրենց տեղում էին, տնակների փոխարեն մի քանի քար կար, նստարանի փոխարեն՝ միայն հիշողություն, որ այդտեղ նստարան է եղել: Մարդիկ նույնպես չկային, այդ սարը հեռուներից է, ու ոչ ոք էլ այդտեղ չի գնում։ Այն կոչվում է Մակոյի ուրթ։ Մեր տնակի տեղում մոռի թփեր էին աճել, աղբյուր տանող ճանապարհը ամբողջությամբ պատված էր փշոտ բույսերով, երեխաների խաղալու վայրերը նույնպես մոռի թփերով էին ծածկված։ Երբ նստեցինք այն ժայռերին, որոնց նստել էին նրանք այն ժամանակ, քույրս հուզվեց ու լաց եղավ։ Մեր սարն անապատացել էր, ու ոչինչ այլևս չկար, բացի հիշողություններից։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Մորս պապի օդեն պահպանվել էր, որովհետև այն համեմատաբար մոտիկ է, ու մարդիկ իրենց օգտագործելու համար հետևում են, որ չքանդվի։ Մայրս մտավ ներս ու նկատեց, որ ամեն ինչ իր տեղում է՝ պապի սարքած սեղանը, մահճակալները, խփած ամեն մի մեխը։ Նա էլ էր հուզվել ու լաց եղել, բայց մեր աչքից հեռու։ Մայրս ցուց տվեց մեզ այն ծառը, որից պարանով ճոճանակ էին կախում ու օրորվում։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Ես մտքում երազում էի, որ այստեղ հայտնված լինեի 15 տարի առաջ, որ կարողանայի ամեն ինչ սարքին ու կարգին տեսնել, բայց…

Գյուղ վերադարձանք ուշ երեկոյան, տատիս պատմեցինք մեր տեսածները, ու նա էլ հուզվեց…