Հասարակական ակտիվությունը՝ որպես պետության զարգացման նախադրյալ

Սոցիալական փիլիսոփայության մեջ ընդունված է հասարակությունը մեկնաբանել տարբեր կերպերով։ Շատ փիլիսոփաներ կարծում են, որ գոյության արժանի է միայն այն հասարակությունը, որը համապատասխանում է մարդու իրական, վեհ, անփոփոխ բնությանը։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է բաղկացած լինի որոշակի վեհ գաղափարներ կրող անհատներից, որոնք, տարբեր խնդիրներ լուծելով, պետությունը կտանեն զարգացման ճանապարհով։ Իսկ երբ մարդը տեղեկացված է, ունի հստակ նպատակներ ինչ-որ խնդիր լուծելու, թերություններ հարթելու, բարելավելու համար, պայքարում է, որպեսզի նպատակն իրագործվի։ Այսպես է կարծում նաև Գավառ համայնքի ակտիվ երիտասարներից մեկը՝ Անի Պետոյանը։ Անին սովորում է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ապագա քննիչ է և 16 տարեկանից սկսել է կրթությանը զուգահեռ ներգրավվել նաև տարբեր հասարակական միջոցառումներում։

-Իրավագիտության ուսումնասիրումը ոչ միայն իրավաբան, փաստաբան, քննիչ, դատավոր դառնալու համար է պետք, այլև այն միաժամանակ օգնում է ցանկացած ոլորտում, հասարակական, համայնքային տարբեր խնդիրների հետ առնչվելիս, երբ տեղյակ ես քո ու դիմացինիդ իրավունքներից ու պարտականություններից, և տեղեկացվածությամբ ու կարծիք արտահայտելով կարողանում ես որոշ դրական փոփոխություններ իրականացնել համայնքում,- ասում է Անին։

Ըստ նրա՝ ակտիվիստը պետք է իր մեջ աստիճանաբար ձևավորի վերլուծական մտածելակերպ, որպեսզի կարողանա տեսնել խնդիրն իր դրական և բացասական կողմերով, առաջնորդի հմտություններ ունենա, սառը դատելու կարողություն, համարձակություն, հաղորդակցման հմտություններ, համագործակցելու պատրաստակամություն։

Անին խրախուսում է երիտասարդների մասնակցությունը տարաբնույթ սեմինարների ու դասընթացների, քանի որ դրանց արդյունքում նրանք հնարավորություն են ունենում համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, մասնակցել մի շարք ծրագրերի ու ներգրավվել համայնքային աշխատանքներում։

20-ամյա ակտիվիստը համագործակցում է բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Դրանցից են` Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը, երիտասարդական հիմնադրամը, «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, «Դարույնկ» հասարակական կազմակերպությունը, որպես կամավոր մասնակցել է Կանանց իրավունքների պաշտպանության գրասենյակի, «World Vision»-ի կողմից կազմակերպված մի շարք ծրագրերի, կամավոր ու ծրագրային աշխատանք է տանում նաև Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում։

-Բացի դպրոցի տված ֆորմալ կրթությունից՝ ակտիվությունը օգնում է ծանոթանալ ուսուցման ոչ ֆորմալ մեթոդներին, թույլ է տալիս ուժերդ փորձել տարբեր ոլորտներում, մշտադիտարկումներ իրականացնելու փորձ ձեռք բերել, մեծ ներգործություն է ունենում մտածելակերպիդ վրա, զարգացնում է ազատ արտահայտվելուդ կարողությունները, թույլ է տալիս ընդլայնել ծանոթներիդ, ընկերներիդ շրջանակը,- ասում է Անին և շարունակում,- կար ժամանակ, երբ պաշտոնյաների՝ վարչապետի, նախագահի հետ հանդիպումը շատերի համար երազանք էր, բայց քաղաքացիական ակտիվության շնորհիվ դա հեշտ է դառնում։

Ինչպես ցանկացած գործ՝ հասարակական ակտիվությունը ևս ունի իր դժվարությունները։ Անին հիշում է, որ սկզբում դժվարանում էր ազատ արտահայտվել, կարծում էր, որ իր կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրի, ու գերադասում էր լռել, իսկ այժմ դժվարությունների մասին խոսելիս նա ասում է.

-Դժվարությունները պետք է դիտել որպես փորձություններ, որոնք պետք է հաղթահարել։ Երբ սովորում ես հաղթահարել տարբեր բարդության փորձություններ, դրա արդյունքում հասուն տարիքում քո առջև նոր դռներ են բացվում։ Դժվարությունների դեմ իմ առաջին և ամենակարևոր հաղթանակը բանավեճի ակումբում ներգրավվելն էր ու ազատ խոսքին, հռետորությանը վարժվելը։ Արդեն 10 տարի է, ինչ բանավեճի ակումբի անդամ եմ։ Բանավեճի միջոցով ես բացահայտեցի իմ ներսում թաքնված շատ կարևոր հատկություններ, սովորեցի կառավարել զգացմունքներս, աշխատել թիմում։ Այդ գործում իր մեծ ներգործությունն ունի նաև Գավառի պետական համալսարանը, որը միշտ խրախուսում է ակտիվ երիտասարդներին, որոնք բուհական կրթության հետ զուգահեռ ժամանակ են գտնում համայնքային ակտիվության համար։ Բուհի սաներից շատերը Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի շահառուներ են, տարբեր ոլորտներում մասնագիտացած մարդիկ, ովքեր կամավոր հիմունքներով կիսվում են իրենց հետաքրքրություններով ու երիտասարդությանը ներգրավում համայնքային խնդիրների լուծման գործընթացում։

Անին հավաստիացնում է, որ կամավոր, ակտիվ աշխատանքը վարձատրվում է նոր գիտելիքներով ու հմտություններով, նոր փորձով ու ընկերներով, և խորհուրդ է տալիս երիտասարդներին ակտիվ, տեղեկացված ու պահանջատեր լինել, ու ամենակարևորը՝ երիտասարդ մնալ, որովհետև երիտասարդությունը մարդու հետ չի մեծանում, եթե դու այն պահպանես քո մեջ, այն միշտ կուղեկցի քեզ։