Հեծանիվով

Ցանկացած մարդ ունի սիրած զբաղմունք, որով զբաղվում է ազատ ժամանակ, կամ փորձում է ամեն կերպ գտնել այն, թեկուզ, փոքր, բայց հաճելի ժամանակը, որը կարող է տրամադրել իր հոբիին:
 Երբ փոքր էի, ինը, թե տասը տարեկան, դեռ հեծանիվ վարել չգիտեի: Ծնողներս, եղբայրս, պապս ամեն ինչ անում էին, ամեն բան առաջարկում, որ գոնե նստեմ, կողքից բռնեն` փորձեմ վարել, բայց ես վախենում էի: Շատ ուժեղ վախ ունեի այդ երկու ակնանի փոխադրամիջոցից: Մի շոգ ամառվա առավոտ, երբ միայնակ դրսում նստած էի, որոշեցի իջեցնել նստարանը և նստել: Իջեցրեցի, նստեցի, հիշեցի եղբորս տված խորհուրդները և շարժեցի ոտնակները: Ի զարմանս ինձ սկսեցի առաջ շարժվել, ուզեցի` թեքվել ու հետ գնալ, բայց ընկա: Ուրախությունից անգամ քերծվածքներս չնկատեցի և վազեցի մորս մոտ: Կանչեցի և ցույց տվեցի, ինչպես եմ վարում: Մի քանի անգամ ընկնելուց հետո, արդեն բավականին վարժ էի վարում: Ու չէի էլ կարող պատկերացնել, որ այն հեծանիվը, որից այդքան վախենում էի, մի քանի տարի հետո կդառնա իմ հոբին: 
Հիմա ամեն օր երեկոյան, երբ բավականաչափ մութ է, դուրս եմ գալիս հեծանիվ վարելու: Փոքրիկ լապտերը ամրացնում եմ ղեկին, որը լուսավորում է ինձանից մոտ 3-4 մետր հեռավորություն, միացնում եմ ականջակալներս ու սկսում վարել: Գիտեմ, որ չի թույլատրվում ականջակալներով վարել, բայց հնարավորինս զգույշ եմ և մեքենաների լույսերը տեսնում եմ ու կողմնորոշվում: 
Հրաշք է մթության մեջ հեծանիվ վարելը` մթություն և ադրենալին սիրողների համար: Պաշտում եմ արագությունն ու քամին: 
Երազում եմ ունենալ պրոֆեսիոնալ հեծանիվ, որով կկարողանամ մասնակցել հեծանվային արշավների: