Հիմա նրան բոլորն են ճանաչում

Լուսանկարը՝ Անի Գրիգորյանի

Լուսանկարը՝ Անի Գրիգորյանի

Աշտարակի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամներով որոշեցինք մենք էլ մեր կարողությունների սահմանում օգնել Արցախում հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի ընտանիքին: Որոշումը կայացավ, բոլորը համաձայն էին: Հավաքեցինք որոշակի գումար: Ես, 7-րդ դասարանից մի տղա  և 2 ծնող գնացինք Արտաշավան գյուղ: Տան ճանապարհը ուշ գտանք, գյուղացիներից հարց ու փորձ անելով: Բոլորի աչքերը միանգամից լցվում էին արտասուքով, երբ հարցնում էինք, թե որտեղ է գտնվում նրանց տունը: Վերջապես գտանք, բայց նրանք տեղափոխվել էին Քյարամի հորեղբոր տուն, քանի որ իրենց տունը կիսակառույց վիճակում էր:

Երբ հասանք, մտանք ներս, ասացինք մեր կարեկցանքի խոսքերը: Ահավոր հուզված էինք: Ես հազիվ էի ինձ զսպում, արցունքները խեղդում էին կոկորդս: Քյարամի մայրը ոչ մի բառ չէր կարողանում ասել, նստել էր տղայի նկարների կողքին, ուշադիր նայում էր սառած աչքերով և երևի մտովի հիշում տղայի հետ անցկացրած ամեն մի պահը: Նրանց վիշտը մեծ էր: Նայում էի նրանց թախծոտ աչքերին ու ցավ էի զգում: Քյարամի հայրն ու եղբայրները հպարտանում էին նրանով, ասելով, որ իրենք էլ են պատրաստ զոհվել հանուն հայրենիքի:

Այնտեղ էին նաև բարեգործական կազմակերպություններից մարդիկ, որոնք Քյարամի եղբայրների և գյուղացի կամավորների հետ մասնակցում էին Քյարամենց կիսակառույց տան շինարարությանը: Նրանք ցանկանում էին իրականացնել Քյարամի խոստումը, որ տվել էր մորը. Բանակից վերադառնալուց հետո ավարտել տան շինարարությունը: Հայրը ցավով հիշեց, որ իր տղան վերջին լուման դրեց տան պատի առաջին քարի տակ, որ այդ տունը իրենց լիություն բերի ու շուտ կառուցվի:

Լուսանկարը՝ Անի Գրիգորյանի

Լուսանկարը՝ Անի Գրիգորյանի

Նա մի քանի դեպք պատմեց իր որդու հետ կապված և ասաց իր սրտի խոսքը:

-Բանակ գնալուց առաջ մի փոքր շուն բերեց, ասեց` պահեք մինչև գամ: Բանակից միշտ զանգում հարցնում էր, ասում էր` ո՞նց ա շունս, ես էլ ասում էի` շատ լավ ա, ուզում ես` հեսա կնկարեմ, կուղարկեմ քեզ:

Շունը շատ ուրախ էր, միշտ խաղում էր, ուտում, իսկ Քյարամի պոստ բարձրանալու օրը չափից ավելի անհանգիստ էր, իրան տարօրինակ էր պահում… Ու հենց իմացանք, որ տղես մահացել ա, հաջորդ օրը շունը կորավ, անհայտացավ ու մինչև հիմա չկա….

Երեք ընկեր են եղել, զգացել են, որ չեն կարում էլ պայքար մղեն, փամփուշտներն էլ վերջացած ա եղել: Հենց թուրքերի դիմաց տրաքացրել են իրենց, Քյարամի ոտքն ա կտրվել, իսկ 2-ը մահացել են: Վիրավոր էլ մինչև վերջ կռվել է:

Մեկը մեկին տենում, դուխով են դառնում ավելի: Մերոնք լավ դուխով կռվել են, հալալ ա իրանց:

Ամսի 30-ին գնալու եմ տղերքի հետ, ես պիտի տեսնեմ, թե որտեղ է քնել իմ տղան, սրտահովանք կլինի: Մի քիչ էլ շոր-մոր ունի ընդեղ, գնամ բերեմ: Ես հպարտ եմ, որ իմ տղեն իրոք հողի համար արյունը տվեց, մալադեց իրան:

Ես էսօր չեմ մտածում` իմ երեխեն ա, էդ երեխեն սաղինն ա, մենակ իմը չի: Փառք մեր բոլոր զինվորներին, ով մահացել է,  մեր համար է մահացել: Փառք Աստծո, էլի տղերք ունեմ, մարդ կա` մի մինուճար տղա ունի, բայց իմ տղերքը կողքս են:
Խաղաղություն ըլնի, մեր ջահելները մեղք են:

Հազար ու մի նպատակ ուներ, ինչ իմանար` կմահանար: Ուրախանում էր, ասում էր` պապ, հաշվում եմ օրերս:

Ամսի 27 ին տղես կդառնա 20 տարեկան, պիտի գնամ գերեզմաններ նշեմ: Իմ երեխեն շատ նեղություն ա տեսել, երեխա ժամանակվանից աշխատում էր:

Մահացողների ծնողներն էդքան մեղք չեն, վաղը-մյուս օր ծնողը կուտի էլ, կխմի էլ… Զինվորներն են մեղք, եթե մահանում են, ուրեմն պիտի անուն, շնորհք թողնեն…

Ահա այսքանը, այս դաժան ու անգութ պատմությունը կմնա մեր բոլորի սրտում: Մենք պետք է միշտ հիշենք նրանց, ովքեր չհասցրեցին ապրել…