Anna Andreasyan

Հիպիների պատմությունը

Հոգնած օրվա դասերից՝ քայլերս ուղղում եմ դեպի հաջորդ դասը՝ յոթերորդը: Եթե նույնիսկ օրվա հոգնածությունից չնայեի՝ ուր եմ գնում, երաժշտության հնչյունները ինձ կտանեին այդ դասարան: Ահա և ներս եմ մտնում, զբաղեցնում իմ տեղը, մի քանի վայրկյանից  ուսիս զգում եմ իմ իտալացի ընկերուհու ձեռքը, ինչն ազդարարում էր՝ ինքն արդեն դասարանում է: Նրա անունը Լեա է, ինչպես արդեն նկատեցիր, կողքս է նստում, փոխանակման աշակերտ էր՝ Իտալիայից: Մի բան ասեմ թեմայից դուրս՝ փոխանակման աշակերտները, որ երկրից էլ որ լինեն, միշտ գտնում են իրար ու ամեն հարցում հասկանում են իրար շատ ավելի լավ, քան ուրիշ մեկը երբևիցե կարող էր:

Լավ, շարունակեմ սկսածս թեման մի շատ յուրահատուկ դասաժամի մասին, որ իմ ամենասիրելին էր: Երբ նոր էի սկսել անցնել այդ առարկան, մի տեսակ այնքան էլ գոհ չէի, բայց հիմա հասկանում եմ, թե ինչքան տարբերվող էր այն ամեն ինչով: Խոսքս պատմություն առարկայի մասին է: Բայց ոչ սովորական պատմություն, որ մեր դպրոցներում ենք անցնում: Այն 60-70-80-ակաների պատմությունն էր, որ բոլորս անվանում էինք «հիպիների պատմություն»: Նախ ասեմ, որ երբեք հետաքրքրված չեմ եղել նրանց պատմությամբ ու երաժշտությամբ: Իսկ թե ինչպես էի հայտնվել այդ դասին, պատասխանը պարզ է՝ դպրոցում խորհրդատուս վստահեցրեց, որ ուրախ և բոլորի կողմից սիրված դասաժամ է:

Հիմա կասես՝ այսքան խոսեց, վերջը չասաց, ինչն էր այդքան յուրահատուկ այդ դասաժամի հետ կապված: Հիմա ասեմ՝ ամեն ինչը: Այն մթնոլորտը, որ այդ դասարանում էր ուրիշ ոչ մի տեղ չէիր գտնի: Ուսուցչիս մշտական սրախոսությունները ու աշակերտների՝ իրենց սիրելի երաժշտության ժամանակաշրջանով հետաքրքրված լինելը, այն հաճելի էր դարձնում: Մի տեսակ, ասես, դաս չլիներ, այլ նույն հետաքրքրություններով ու իրար հասկացող մարդկանց խումբ, որոնք ուսումնասիրում էին իրենց սիրելի թեման ու լսում իրենց սիրելի երաժշտությունը: Այդ դասաժամը ասես բոլորիս համար փախուստ լիներ օրվա ծանրաբեռնված ու անընդհատ լարված ռեժիմից:

Իմ ամենասիրելի հիշողություններից մեկն այն էր, երբ ուսուցիչս՝ իրեն հատուկ դերասանական տաղանդով, պատմում էր, թե ինչպես էր հայտնի հիպիներից մեկի ճամպրուկները տարել հյուրանոցի համար, երբ այնտեղ էր աշխատում: Պետք է ուղղակի ներկա լինեիք մեր ուրբաթներին, այդ օրերին ամբողջ ժամին երաժշտություն էինք լսում և իրենց հետ հավասար ու ավելի բարձր մենք էլ էինք երգում: Ամբողջ միջանցքում լսվում էր մեր երաժշտությունը, մեր ուրախ դասի հնչյունները:

Այս ամենը պատմելուց հետո մի գաղտնիք բացեմ, հիմա նոր եմ հասկանում, թե իրականում ինչքան շատ էի սիրում այդ դասաժամը, ու ինչքան հարազատ էր դարձել այն ինձ համար: Հիմա, հենց այդ ժամանակաշրջանի երգերը լսում եմ, հիշում եմ իմ սիրելի դասաժամը իր բոլոր ուրախ հիշողություններով:

Հ.Գ. Իհարկե, մենք այդ ժամին դաս էլ էինք անում, ուղղակի դասը հենց այս ամենն էր, ինչի մասին պատմում էի: