Anush margaryan

Հոգուն վրա հասար

Զնգում է զարթուցիչս… Ես անջատում եմ ձայնը այն ակնկալիքով, որ 5 րոպեից կարթնանամ: Հը՜մ, այսօր էլ մնացի քնած: 40-րդ զգուշացումից հետո տագնապով լի բացում եմ աչքերս, ու սովորության համաձայն, ոտքս հարվածում պահարանին: Գրեթե միշտ աջն է լինում (տատիկս դեռ մանկուց պնդում էր, որ օրը ձախ ոտքով չի կարելի սկսել), հետո նայում ժամացույցին ու հասկանում, որ դպրոց հասնելու համար ընդամենը 20 րոպե ժամանակ ունեմ: Ա՜խ, ինչպե՞ս հասցնեմ:

Բարի լո՜ւյս…

Տանից խելագարի պես դուրս եմ թռչում փողոց, խոստացել եմ, որ էլ չեմ ուշանալու (ինչպես հասկացար` իմ խոստումները ոչնչով չեն տարբերվում նախընտրական խոստումներից): Փողոցում ես եմ, անօթևան կատուն ու կողքի հարևանը, որը ծածկում է նոր տնկած նռնենին: Մտքումս փորձում եմ մի երգ հորինել նռնենու մասին, բայց ոչինչ դուրս չի գալիս, ավելի լավ է շտապել: Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր արժանացել են իմ վեհ կատարումները վայելելու պատվին, աղերսում են, որ էլ երբեք դրանք չկատարեմ:

Բարևում եմ կատվին, ի պատասխան նա մլավում է, չարացած հայացքով նայում ինձ, շրջում գլուխն ու հեռանում… Կներես, գրպանումս ձուկ չունեմ, թե չէ բարևի փոխարեն դա կնվիրեի քեզ:

-Հոգուն վրա հասար,- բացականչում է ընկեր Մարգարյանն ու թույլ տալիս նստել:

Դասարանն էլի կիսատ է, էլի բոլորը պարապմունքներ են ունեցել ու մնացել քնած, դե՜, մարտնչող քննությունների դարաշրջանն է սա, ինչ արած:

Ես նախապատրաստում եմ ականջներս ու նստում ընկերուհուս՝ Արևի կողքին, սկսվում է իսկական կորեական դորամա մարաթոն: Մի ողջ դասաժամ Արևը պատմում է իր անհավանական երազների, Ջուն Կուկի, Բուկաների ու էլ ավելի սարսափելի բաների մասին, կողքից Արփինը գրեթե միշտ ուշացած մեջ է ընկնում ու հարցնում դրանց անտեսանելիության մասին: Հա՜, այս ամենին գումարած` բղավում է նաև Դավիթը՝ մեր դասարանի ամենազայրացկոտ տղան, որ վերջ տանք այդ հիմար զրույցներին: Արևը թաքուն ծիծաղում է, էլի շարունակում ենք:

Հետո զայրանում է ընկեր Մարգարյանը ու պնդում, որ «գայլի գլխին Ավետարան են կարդում, իսկ նա մտածում է սարն անցնող ոչխարների մասին»:

Բոլորս ծիծաղում ենք, ընկեր Մարգարյանն էլ: 60 վայրկյան բոլորս լուռ ենք, լսվում է միայն ժամացույցի թիկ-թակը, հետո էլի շարունակում ենք միալար բզզալ:

Հիմա էլ սկսվում է անգիրների մարաթոնը: Ընկեր Մարգարյանը բացում է պարտացուցակն ու բոլորիս ենթարկում «քրեական պատասխանատվության»:

-Ձայն բարբառո հանապատի,- շշնջում է նա ու մեկ առ մեկ կանչում գրատախտակի մոտ:

-Ուշ-ուշ ենք գալիս, բայց ոչ ուշացած,- սկսում եմ ես:

«Չնայած, լավ էլ ուշացած եմ գալիս»,- մտածում եմ ես ու խորամանկ ժպտում:

Ժպտում է նաև ընկեր Մարգարյանը, նա միշտ, նույնիսկ մի ակնթարթում, հասկանում է ամեն բան…