Ձոն օճառին

-Դեռ երբ հազիվ չորս տարեկան էի, ամեն անգամ, երբ մայրիկիս հետ մտնում էի տնտեսական խանութ ու հազիվ հասցնում չկորցնել մայրիկիս` հետևելով նրա կոշիկներին ու անընդհատ փախչելով, հիմա սովորական դարձած, սակայն այն ժամանակ վիթխարի թվացող մարդկանցից, միշտ կանգնում էի օճառների բաժնում ու հիանում: Օճառների ամենատարբեր տեսակներն ու բույրերն ինձ հիացնում էին, ու ես գլուխս վեր էի բարձրացնում, կանգնում փոքրիկ ոտքերիս վրա ու ծննդյան տոներին նվեր ստացող երեխայի նման դիտում օճառները: Հանկարծ գալիս էր մի վիթխարի հասակ ունեցող մարդ, ինձ քաղաքավարի ձևով հրում այն կողմ ու անփույթ ձևով օճառներից մի քանիսը խցկում իր զամբյուղն ու գնում: Ու իմ հրապուրանքը վերջանում էր: Ես սկսում էի այնքան ատելությամբ լի հայացքով նայել այդ մարդու հետևից, որ կարծում էի, թե անպայման մեքենայի տակ կընկնի: Ինքս ինձնից գոհ նորից թեքվում էի դեպի օճառները, նորից բարձրացնում գլուխս, կանգնում ոտնաթաթերիս վրա ու զննում օճառները նույն երեխայական ժպիտով: Հետո ձեռքս մեկնում ու վերցնում էի այն օճառը, որն ինձ գերել էր: Կարդում էի վրայի գրված տառերը, որոնք սովորել էի արդեն դպրոցահասակ քրոջիցս, ասում իմ անունը ու մտքում ընկերանում: Հաճախ դեռ մի խաղ էլ չխաղացած, հայտնվում էր մայրիկս, ձեռքիցս խլում օճառը, փնթփնթում, որ այն մեզ պետք չէ ու ձեռքիցս բռնած քաշում դուրս: Իսկ ես անընդհատ մտքում մտածում էի` ինչպես կարող է լինել ընկեր, որը մեզ պետք չէ:

Այսպես ես սիրեցի օճառը,- այսպես էր պատմում իր մանկության հուշերի մասին Էդվարդը:
Նա խոսում էր ժպիտը դեմքին, հիացմունքով ու մեծ բավականությամբ և այնպիսի մեծ սիրով, որ կարելի էր խելագարվելու աստիճան սիրահարվել օճառներին: Էդվարդն իր սերը դեպի օճառներն այսպես էր բացատրում. «Ես բարի եմ ու մեծահոգի, ու ես սիրում եմ բարիներին ու մեծահոգիներին, իսկ ինչը կարող է լինել ավելի բարի ու մեծահոգի, քան օճառը: Նվիրեք ձեր սրտից մեկ մոլեկուլի չափ սեր օճառին, ու նա ձեր այդքան փոքր սերն անգամ անպատասխան չի թողնի: Օճառն ինձ համար ամենևին էլ նյութ չէ: Օճառը մարդ է` դեռ մարդուց ավելի, կամ իդեալը մարդու: Պարզաբանեմ: Ինչպիսի՞ն է մարդու իդեալը: Բարի, ընկերասեր, նվիրվող ու մեծահոգի: Իսկ ի՞նչ է օճառի արածը: Նա լվանում է ձեր ձեռքերը կեղտից, նա հանում է գարշահոտությունը ձեր վրայից` տալով իր բույրն անուշ: Իսկ դու մտածե՞լ ես, թե ինչ է պատահում օճառի հետ այդ ժամանակ: Նա մաշվում է, կամաց-կամաց մեռնում: Նա մաքրում է ձեր ձեռքերը կեղտից ու ազատում ձեզ գարշահոտությունից տալով անուշ բույր ձեր մեղավոր մարմիններին, և այդ ամենն իր կյանքի գնով: Իսկ դուք, մարդիկ, ապերախտ եք…»