Sargis մելքօնյան

Մայրիկ, ես չեմ ուշանա…

Չալոն ամբողջ գիշեր ոռնում էր: Ոռնում էր արտասովոր ձայնով, արտասովոր ուժգնությամբ, արտասովոր տխրությամբ: Չալոյի ձայնից չափազանց վաղ արթնացավ այրին: Արթնացավ վատ տրամադրությամբ, իջավ փոքրիկ առվակի մոտ, որ երազը ջրին պատմի: Աչքերը հառեց երկնքին. ըստ երևույթին, նա Տիրոջ հետ էր ուզում զրուցել, բայց ամեն բան փոխվեց, երբ երկնքում տեսավ այդ ամպերը: Եվ խոսքերը սառեցին բերանում:

-Աստվա’ծ իմ, կրկին այս ամպերը: Ես ատում եմ կարմիր արշալույսները, այնքան արյունոտ են դրանք…

Նախախնամություն, թե՞… Սրտնեղած, տխուր, մտախոհ ու մտամոլոր գնաց ամուսնու հետ կիսվելու: Կանգնեց հերոս ամուսնու նկարի առաջ ու սկսեց աչքի առաջով անցկացնել իր կյանքի մաշված ժապավենը:

-Բարև, Արամ: Ինչպե՞ս ես: Ե՞ս… Ես տխուր եմ առանց քեզ, տխուր, բայց հպարտ, կոտրված սրտով, բայց ապրելու նոր հույսով, որ ինձ ու մեր դեռ չծնված որդուն տվեցիր Արցախ գնալուց առաջ: Գիտե՞ս, մինչև հիմա ականջներումս են քո վերջին խոսքերը` «Գնամ, հաղթենք գամ, չանհանգստանաս արևս, տղուս լավ կնայես, շուտ կգամ, շո՜ւտ…»: Ինչքա՜ն հավատով էիր դու ասում այդ խոսքերը, ինչքա՜ն հույս, պայքարի ցանկություն կար դրանց մեջ: Ու ինչքան հայրենասիրություն, խաղաղ երկնքի տակ հայրենիք կերտելու ձգտում, ինչքա՜ն պարզություն ու մաքրություն  կար քո կապույտ աչքերում: Բայց այդ արյունոտ արշալույսները, այդ գույժը, քո խոշտանգված դին… Քո, չէ՛, մե՛ր հայրենիքը…

Արցունքներով փակվեցին աչքերը: Հուզմունքից կտրվեց այրու ձայնը: Իսկ այդ ամպերը, գուժող ամպերը փակեցին կնոջ դեմքի ուրախ գծերը: Կինը դուրս վազեց տանից, իջավ այգի՝ մի կերպ լացը խեղդելով: Առվակի ջուրն արդեն կարմիր էր: Կակաչներն արդեն բացվել էին, բոլորը կարմիր: Ծառի բողբոջների վրա հավաքվել էին ժրաջան մեղուները: Ամեն բան պատվել էր առավոտյան ցողով, և նրա աչքերին ամեն ինչ արցունքոտ էր թվում: Ամեն ինչի պատճառն այդ ամպերն էին: Այդպիսի ամպեր էին երկնքում, երբ ամուսնու կորստի մասին լուրը ստացավ: Միայն թե նույնը չկրկնվեր որդու հետ, ով ևս հայրենիքի կանչով մեկնեց Արցախ մի քանի օր առաջ: Դարպասի դուռը թակեցին: Արցունքները զսպելով գնաց, որ դուռը բացի: Որդին էր եկել… Եկե՞լ… Բերել էին նրան… Մայրը գրկեց ու համբուրեց որդու խոշտանգված մարմինը: Մոր ականջներում զնգում  էին վերջին խոսքերը. «Մայրիկ, չեմ ուշանա… Մայրիկ, շուտ կգամ…»:  Մոր աչքերից վարար գետի նման թափվեցին արցունքները որդու արյունոտ ու մաշված  զինվորական հագուստի վրա … Եվ արցունքի միջից դուրս եկան լացակումած խոսքերը… «Տղես, ողջ արի…»

Ինչքան անարդար է երբեմն կյանքը: Մի՞թե որդին պիտի մահանար ռազմաճակատում… Որքան նման են ճակատագրերն իրար… Որքան հաճախ է կրկնվում պատմությունը… Որքան հայրենասեր են մեր տղերքը… Որքան ճշտապահ… Բայց մի՞թե խոստումը այսպես պիտի կատարվեր… «Տղե՜ս, ողջ արի…»: