mariam tonoyan

Մանուկը մեր մեջ չի ծերանում

«Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են»,-գրում է Վարդգես Պետրոսյանը, իսկ ես համոզված եմ, որ մարդիկ ծերանում են, երբ մենակ են, մենակ՝ երկար ժամանակ։ Մենությունը դանդաղ սարդոստայն է հյուսում մարդու հարթ մաշկի վրա, դարձնում այն կնճռոտ, գունատ, հյուծված։ Մենության մեջ անցնող ծերությունը հաճախ մարդիկ համարում են դժբախտություն, բայց դժբախտությունը ոչ թե ծերության, այլ միայնության մեջ է։

Հիվանդանոցի միջանցքով անցնելիս ականջիս հասավ բուժքույրերի խոսակցությունը 88-ամյա տատիկի մասին, ով բուժում էր ստանում նույն հիվանդանոցում և հաճախ գրքեր էր կարդում։ Բռնկված հետաքրքրությունս զսպել չկարողացա ու տատիկի մոտ գնացի՝ զրուցելու։ Նրա անունը Աստղիկ է, ինչը կարելի է իսկույն կռահել, եթե ուշադրություն դարձնես նրա աստղերի նման փայլուն աչքերին, որոնցում կարծես պահպանվել են մանկան մաքրությունն ու պարզությունը։
-Ի՞նչ է եղել, աղջիկ ջան,- հարցական հայացքով դիմավորեց ինձ իմ տարեց ընկերը։
-Լսել եմ՝ գրքեր եք կարդում այս տարիքում,- հետաքրքրվեցի ես։
-Դու է՞լ ես գրքեր սիրում,- ժպտաց ինձ Աստղիկ տատիկը։
-Սիրում եմ, իսկ ի՞նչ գրքեր եք սիրում։
-Թումանյան, Իսահակյան, Բակունց, ո՞ր հայ գրողին չես սիրի, աղջիկ ջան: Ես ամեն ինչ էլ կարդում եմ։ 13 տարի է՝ մենակ եմ ապրում, մենակ մարդն ինչո՞վ զբաղվի, եթե չկարդա։ Որ կարդում եմ, գրքի հերոսների հետ ընկերանում եմ, իրենց ապրումները ես էլ եմ զգում, մենակությունս էդ ձևով եմ թոթափում։
Տատիկը խոսքն ավարտեց, իսկ ես հուզված կանգնել էի լուռ ու մտածում էի, բայց մտածում՝ ոչ մի բանի մասին, ոչ մի բանի… Այդպես պատահում է, երբ ենթագիտակցությունդ բախվում է վեհ, վերերկրային մտքերի, իրականում դու մտածում ու ուժասպառ ես լինում, բայց միևնույն ժամանակ, չես ընկալում, թե ինչն էր մտածմունքիդ առարկան։
Կարծելով, թե լռությունս նշանակում է՝ էլ հարցեր չունեմ, տատիկը շրջվեց ու դանդաղ քայլեց դեպի իր հիվանդասենյակ, ապա մի պահ կանգ առավ, հայացքը իմ կողմն ուղղեց ու ցածրաձայն ասաց.
-Աղջի՛կ ջան, կարդալու համար տարիքը, տեսողությունը չի խանգարում։ Կարդա, ինչքան կարող ես, կարդացողի մեջ մանուկը չի ծերանում։
«Մանուկը չի ծերանում…»,-մտքումս կրկնեցի, որ չմոռանամ ու հասկացա, որ տատիկի դեմքի ու ձեռքերի ծալքերը ոչ թե ծերության կնճիռներ ու ակոսներ են, այլ միայն մենության ծանր հետևանքներ կամ ժամանակի կողմից պարտադրված մի հագուստ, որը նա կրում է միայն արտաքուստ։

Նրա շողշողուն աչքերի մեջ մանուկը դեռ ապրում էր…