Mari Baghdasaryan malishka

Մասնագիտությունը՝ նոտար

Հարցազրույց Վայոց Ձորի մարզի «Վայք» նոտարական տարածքի նոտար Օլյա Գասպարյանի հետ: 

-Ներկայացրեք նոտարի մասնագիտությունը, ինչո՞ւ ընտրեցիք հենց այն: 

-Ընտրեցի նոտարի մասնագիտությունը, որովհետև սիրում եմ մարդկանց հետ աշխատել, իսկ նոտարի մասնագիտությունն այնպիսին է, որ մարդկանց հարցերին, խնդիրներին լուծում է տալիս: Ընտրեցի, որ իմ հնարավորության սահմաններում օգտակար լինեմ մարդկանց:

-Վերջին շրջանում նոտարական համակարգում ի՞նչ բարեփոխումներ են տեղի ունեցել: 

-Վերջին շրջանում բավականին մեծ բարեփոխումներ եղան, «ԱԵՆԻՍ» էլեկտրոնային համակարգի ներդրումը նոտարական պրակտիկայում շատ մեծ առավելություններ տվեց, նոտարը կարող է առցանց հարցումներ ուղարկել մյուս նոտարներին, կապ հաստատել ԱԳԿՊԿ (անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե) ստորաբաժանումների հետ, առցանց ստանալ և ուղարկել փաստաթղթեր և այլն: Ստեղծվել են կտակների, ժառանգական գործերի և լիազորագրերի շտեմարաններ, համակցում է կատարվել մի շարք պետական մարմինների՝ ՔԿԱԳ, անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային շտեմարանների հետ: Էլեկտրոնային նոտար համակարգի միջոցով կարելի է առցանց դիմել նոտարին և այլն:

-Ի՞նչն եք կարևորում քաղաքացիների հետ շփման մեջ: 

-Քաղաքացիների հետ աշխատում եմ լինել առավել համբերատար, որովհետև մեծ ջանքեր են պահանջվում քաղաքացիների հետ գործ ունենալիս: Մտածում եմ, որ ամեն մարդ շատ հոգսեր, խնդիրներ ունի և հույսով թակում է պետական և ոչ պետական մարմինների դռները՝ իրեն հուզող հարցերին լուծումներ տալու համար: Եվ մենք պետք է կարողանանք հնարավորինս լավ սպասարկել քաղաքացիներին, օգնել նրանց:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում քաղաքացիների իրազեկվածության մակարդակը նոտարական գրասենյակ այցելելիս: 

-Շատ ցածր մակարդակի վրա է, հաճախ դուռը թակում և ասում են՝ մի տեղեկանք է պետք, անկախ այն բանից` դա կլինի ժառանգության վկայագիր, լիազորագիր, թե մեկ այլ փաստաթուղթ: Եվ երբ սկսում եմ օրենքը բացատրել, շատերը սկսում են նեղվել ու հակաճառել: Եթե սեփականության վկայականում մի քանի մարդու անուն կա, նրանցից մեկը, որի անունը գրված է առաջինը, մտածում է, որ միայն ինքն է այդ գույքի սեփականատերը: Առավել տարածված է ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը բաց թողնելը:

-Եթե Ձեր աշխատանքը բնորոշեք մի քանի բառով, որո՞նք կլինեն այդ բառերը: Եվ ինչպե՞ս է անցնում նոտարի առօրյան: 

-Նոտարի աշխատանքը բավականին դժվար և պատասխանատու աշխատանք է: Առօրյան անցնում է սովորական, աշխատաժամերին, հաճախ նաև ընդմիջմանը, միշտ ձգտում ենք լինել գրասենյակում: Եթե լինում են հաճախորդներ, նրանց ենք սպասարկում, եթե ոչ՝ փաստաթղթերի և արխիվի հետ տարվող աշխատանքներ ենք կատարում:

-Եթե որևէ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք: 

-Ներկայումս հսկայածավալ աշխատանք է տարվում քաղաքացիների սպասարկումը և նոտարի աշխատանքը ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Կցանկանայի, որ վերանային քաղաքացիների փաստաթղթային քաշքշուկները: Երբ քաղաքացին գալիս է նոտարի մոտ ինչ-որ հարց լուծելու, նրան երբեմն ուղարկում ենք մեկ այլ հիմնարկ` ինչ-որ փաստաթուղթ բերելու, այդ հիմնարկից էլ ուղարկում են մեկ այլ տեղ, և արդյունքում քաղաքացին քաշքշուկի մեջ է ընկնում, ու գործը առաջ գալու փոխարեն ավելի հետ է գնում: Հուսով եմ, որ առաջիկայում այս դժվարությունները նույնպես կվերանան:

-Աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք սիրում զբաղվել: 

-Աշխատանքից դուրս զբաղվում եմ այգեգործությամբ, հիանալի այգի ունեմ, սիրում եմ աշխատել բնության մեջ: Պատանեկությանս տարիներին բանաստեղծություններ էի գրում, հարազատներս կարծում էին, թե մեծ բանաստեղծուհի պետք է դառնամ: Բայց եկավ մի պահ, որ ինքս էլ չգիտեմ` ինչու, հիասթափվեցի գրելուց: Հիմա անգամ ցանկություն չի առաջանում գրելու, ինձ ամբողջությամբ նվիրել եմ օրենքներին և իմ աշխատանքին: