Մարդիկ, որոնք մեր կողքին են

Ես՝ ապրելով գյուղում, հեռու լինելով արվեստի, մշակույթի օջախներից, միշտ տխրում էի, որ չի լինի մի օր, որ կհասկանան իմ բոլոր երազանքները, ու մի օր իմ ծնողները կհպարտանան ինձանով: 

Բայց իմ բոլոր երազանքների իրականացմանը հիմք դրեց մի մարդ, ում պարտական եմ իմ բոլոր հաջողությունների համար: 2010 թվականի ապրիլի 17-ին մեր փոքրիկ  Ոսկևանում կատարվեց մի մեծ իրադարձություն, որը շատ մարդկանց երազանքների իրականացման փակ դռները բացեց և լույս ու վառ գույներ բերեց գյուղ:  Գյուղում բացվեց «Գեղարվեստի դպրոց»: Դպրոցը բացվեց մեր համագյուղացի Արթուր Մելքոնյանի ջանքերով: Մի հրաշալի մարդ, ում բոլորը  սիրում են գյուղում: Ուզում եմ անպայման նշել նրա ընտանիքի մասին: Գյուղի պատվավոր ընտանիքներից մեկը: Մայրը՝ տիկին Ֆլորան, հասարակ մի կին է, ով դպրոցում է աշխատում: Հերոս կին է : Հերոս է նրա համար, որ իր երեք երեխաներին միայնակ է մեծացրել և հասցրել իրենց նպատակներին: Հիմա կմտածեք, թե ինչու մենակ: Նա միայն ֆիզիկապես է մենակ, բայց հոգով և սրտով  իր ամուսինը նրա հետ էր և միշտ դժվար ու տխուր օրերին իր մտքով օգնում էր կնոջը:
Տիկին Ֆլորայի ամուսինը՝ Անուշավանը, մեր գյուղի յոթ հերոսներից մեկը, ով իր կյանքի գնով պահեց մեր սահմանը, ուներ հայրենասիրական մի մեծ ոգի, որն աննկարագրելի է:  Անուշավանը մեր գյուղի վարպետն էր՝ համեստ մի մարդ, ում ձեռքերը ստեղծում էին աննկարագրելին: Ճիշտ է, ես մեր հերոսին չեմ տեսել, բայց ամեն անգամ նրա անունը լսելիս աչքերիս առաջ ակամա գալիս  է մի պատկեր, նրա որդու՝ Արթուրի դեմքը: Ասում են, որ Արթուրը թե բնավորությամբ, թե իր արարքներով, դիմագծերով նման է իր հորը: Եվ իր հոր նման ունի ոսկե ձեռքեր: Գյուղում ունենք հրաշալի հուշարձաններ, խաչքարեր, որոնց քանդակային հատվածները Արթուրի ձեռքի գործերն են:

Ինչպես բոլոր չափահաս տղաները, նա նույնպես տասնութ տարեկանում գնում է իր պարտքը տալու հայրենիքին՝ ծառայության: Վերադառնալուց հետո շարունակել է ուսումը, ապա սկսել իր հայրենանվեր գործը: Դպրոցը բացվելուց հետո՝ հենց առաջին օրը, մեր այդ փոքրիկ գեղարվեստական անկյունում կային քառասունհինգ փոքրիկներ, ովքեր մեծ նպատակ ունեին այդ անկյունի հետ կապված: Եվ ընդամենը երկուսից երեք ամիս անց` հուլիսի 23-ին, իրականացավ մեր առաջին ցուցահանդեսը: Մեր այդ փոքրիկ սենյակում հավաքվել էր արվեստագետների մեծ խումբ, ովքեր հետաքրքրությամբ լցված եկել էին տեսնելու փոքրիկ արվեստագետների աշխատանքները: Եվ այդ փոքրիկներից մեկը ես էի, 9-10 տարեկան մի աղջիկ, ով ամեն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ մեծ սիրով, ոգևորությամբ մատիտները, վրձիններն ու թղթերը ձեռքին շտապում էր արվեստի «գրադարանը»:  Ճիշտ է, այդ «գրադարանում» չկային բավարար պայմաններ, պահանջվող ներկեր, թուղթ և այդպիսի շատ իրեր, որոնք հարկավոր են, սակայն մենք մեր ուժերով հասանք մի բարձունքի և հաստատեցինք մեր դպրոց-անկյունը, և այն այսօր գործում է:
Արդեն վեց տարի է` ես հաճախում եմ Ոսկևանի գեղարվեստի դպրոց նույն այն ոգևորությամբ, որով գնացել եմ առաջին օրը: Եվ ամեն անգամ  մի նոր նկար սկսելուց հիշում եմ այն օրը, երբ ուրախությամբ, ոգևորությամբ նկարում էի այն նկարը, որը տանելու էի ընդունելության քննությանը:
Սիրում եմ նկարել, սիրում եմ արվեստը: Չգիտեմ, երևի գտնվելով բնության մեջ այդ ոգին է մեզ շունչ տալիս: Եվ ամեն տարի տարի մենք ամռանը գնում ենք պլեներների Կողբի գեղարվեստի դպրոցի հետ: Շատ հոգնած ու սիրով, արվեստով լի է անցնում ամեն օրը: Ամեն օրը սկսում ենք երգով, ծափով, ծիծաղով, հետո գնում ենք բնության գրկում ստեղծում հրաշալի գործեր, նկարներ:  Եվ այս ճանապարհով, պլեներների միջոցով, Արթուր Մելքոնյանի շնորհիվ արդեն տասը  աշակերտ հասել են իրենց երազանքներին, և արդեն սովորում են համալսարանում: Նաև հարևան գյուղերից ունենք աշակերտներ: Թեև ինչպես ասացի, վեց տարի է, ինչ հաճախում եմ, բայց այնքան շատ բան ունեմ սովորելու, որ անպայման պետք է շարունակեմ իմ ընտրած գործը:

Հուսամ մի օր էլ ինձ կտեսնեք որպես մեծ նկարչուհի: Բայց հիմա, ճիշտ է, գործում է մեր դպրոցը, սակայն համապատասխան պայմաններ՝ շենք, չունենալու պատճառով մենք ամեն տարի շենքից շենք ենք տեղափոխվում: Նաև միջոցներ չկան ցուցահանդեսներ, պլեներներ, արշավներ կազմակերպելու համար:

Շնորհակալ եմ Արթուր Մելքոնյանից իր հայրենանվեր գործի համար: Հպարտ եմ, որ Արթուրի նման համագյուղացի ունեմ, իրոք հպարտ եմ: Նա աշակերտների համար առաջին հերթին ընկեր-եղբայր է և հետո՝ ուսուցիչ:  Ափսոս, որ նրա նմանները շատ չեն:

Ինչպես բոլորին, ինձ նույնպես շատ հուզող հարցեր կան, սակայն առաջին հերթին` սահմանամերձ գյուղերում սիրած գործի, իմ, ձեր, մեր արվեստի զարգացման ու պահպանման հարցն է այս պահին հուզում: Ես ուզում եմ, որ մի օր ունենանք մեր սեփական շենքը, արվեստը զարգացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները և Արթուրի նման շատ հայրենասեր մարդիկ, որոնք ոչ թե գյուղից կփախչեն, ասելով, որ գյուղում պայմաններ չկան, այլ կգան գյուղ, մտածելով` եթե ոչ իրենք, ապա էլ ով պետք է շենացնի գյուղը, մտածի գյուղի երեխաների մասին:

Սոնա Սարիբեկյան

***

Ես Սերինեն եմ, սահմանապահ Կոթի գյուղից: Ցավալի է, երբ հասկանում ես, որ ծնվել ես գյուղում, ուրեմն պետք է տարբերվես ուրիշներից, տարբերվես նրանով, որ չես մասնակցում տարբեր միջոցառումների, չես ունենում հետաքրքիր առօրյա, ուղղակի նրա համար, որ ծնվել ես գյուղում: Այդքան բան: Գիտե՞ք ինչն է ինձ հուզում, այն, որ սահմանամերձ շատ գյուղերի երեխաներ… Չէ’, ավելի ճիշտ, օրինակս բերեմ հենց Կոթիի երեխանների վրա: Մեր առօրյան միապաղաղ է: Գնում ենք դպրոց, գալիս տուն, ու ամեն օր նույնը: Չնայած ես հիմա շատ հետաքրքիր առօրյա եմ ունենում, և կարելի է ասել, ազատ ժամանակ չունեմ, քանի որ գնում եմ դպրոց, հետո` պարապմունքի: Ես նույնիսկ կիրակի չունեմ հանգստանալու համար` գնում եմ Դիլիջանի Թումո կենտրոն: Եթե ես գյուղում չլինեի, գուցե օրս այլ կերպ անցներ, գուցե ավելի հետաքրքիր, բայց, ինչևէ, չեմ բողոքում:
Շատ կուզենայի նկարչության խմբակ լիներ գյուղում, քանի որ շատ եմ սիրում նկարել, ու ասում են, որ այդքան էլ վատ չի ստացվում: Երբ ասում են, որ ավելի լավ կլինի նկարչության գծով շարունակեմ ուսումս, ասում եմ` ավելի  լավ կլիներ, որ մինչև հիմա նկարչական խմբակ գնայի:

Աշնանը` սեպտեմբերի երկուսին, գյուղում խուճապային վիճակ էր, կրակոցներ, գյուղից դուրս եկող մեքենաների ձայներ… Ծնողներս բնականաբար անհանգստանում էին ոչ թե իրենց, այլ առաջին հեթին իմ, քրոջս և եղբորս համար: Մեզ ուղարկեցին Ոսկևան` պապիկիս տուն:  Ոսկևանն էլ է սահմանամերձ, բայց այնտեղ ավելի ապահով էր: Մի խոսքով, հակառակ իմ կամքի, ուղարկեցին: Մի քանի օր մնացի այնտեղ: Կոթիի դպրոցը կրակոցների պատճառով փակ էր, 200-ից ավելի աշակերտ ունեցող դպրոց  հաճախում էր ընդամենը չորս-հինգ հոգի: Այդ օրերին ես դպրոց էի գնում Ոսկևանում:  Մի օր էլ որոշեցի ընկերներիցս մեկի` Սոնայի հետ գնալ Ոսկևանի նկարչական խմբակ: Գնացի, չնայած որ մայրս դեմ էր իմ գնալուն` Ոսկևանի մշակութի տան վտանգավոր տեղ լինելու պատճառով:
Տեսնում էի իմ տարիքի երեխաների, ովքեր արդեն երկար ժամանակ գնում էին նկարչական խմբակ, որը ի դեպ, ստեղծել և ղեկավարում է գյուղի երիտասարդներից մեկը` Արթուր Մելքոնյանը: Ու երանի նրա նմանները շատ լինեին: Այսօր շատ տաղանդավոր երեխաներ տարբեր գյուղերում անտեսվում են, ու դրա պատճառով է, որ տարիներ անց նրանք գուցե  ավելիին չհասնեն, քան թե անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելը: Այդ պատճառով է, որ Արթուրի նման շատ երիտասարդներ հեռանում են գյուղից ու չեն կարողանում ստեղծել  այն, ինչ որոշ գյուղերում ստեղծում են Արթուրն ու նրա նմանները:
Բայց  կարծում եմ, պետք է հույսներս դնենք ինքներս մեզ վրա, համախմբվենք  ու հասնենք այն ամենին, ինչ ուզում ենք հասնել: