Ani Harutyunyan

Մեծանալու ժամանակը

Ես չմեծացա այն ժամանակ, երբ պատահաբար լսեցի մերոնց պատմությունը, որ պատմում էին հորաքրոջս, թե իրենք որտեղից են գնել Նոր տարվա մեր նվերները` ինչ-որ սպիտակամորուք մարդու հասցեագրված նամակում գրված:

Չմեծացա այն ժամանակ, երբ տիկնիկներն ու մորս բարձրակրունկ կոշիկները սկսեցին այլևս չհետաքրքրել ինձ: Երբ զգացի, որ սեպտեմբերի համար գրենական պիտույքներ գնելիս ինձ էլ չեն գրավում գույները, գունավոր պայուսակները, այդ ժամանակ ես դեռ շատ հեռու էի մեծանալուց:

Ես չմեծացա նաև այն ժամանակ, երբ փողոցում «ֆիշկա» խաղացող երեխաների կողքով անտարբեր սկսեցի անցնել, երբ սկսեցի իմ բաժին կոնֆետները կերած եղբորս հետ կռիվ չանել:

Ոչ էլ մեծացա այն ժամանակ, երբ հեռու բարեկամները, երկար ժամանակ ինձ չտեսնելուց հետո, հայտնեցին իրենց հեղինակավոր կարծիքը` ամուսնանալուդ ժամանակն է:

Ճիշտ է, այդ ընթացքում ես, իհարկե, մեծանում էի` համաձայն բնության օրենքների. բոյովացա մի քիչ, մազերս երկարեցին, սկսեցի ավելի հաճախ նյարդայնանալ: Բայց իմ գիտակցությունը դեռ քիմիայի դասը չանելուց անսահման ուրախանալու մակարդակի էր:

Ես գիտակցում էի, որ սկսում եմ իրոք մեծանալ, երբ արդեն մահը ոչ թե, ինչպես միշտ ինձնից հեռու, գյուղի այս կամ այն փողոցում ապրող տատիկի կամ պապիկի կարգավիճակն էր, այլ անգամ չափահա՛ս չդարձած դասընկերոջս, ծնողների համար ամենասարսափելի բառը:

Ես մեծացա այն ժամանակ, երբ տատս հիվանդանոցից տուն եկավ, ու իմ` ի՞նչ ասացին հարցին ի պատասխան, ծանր հոգոց արձակեց, ու առանց բառերի ես արդեն ամեն ինչ հասկանում էի:

Ես մեծացա, երբ սկսեցի նկատել հորս` արդեն բավականին շատացած սպիտակ մազերը:

Մեծանալն ինձ համար հասկանալն էր այն, որ ես մի օր չեմ լինելու. այնպես, ինչպես չեմ եղել լինելուցս առաջ, ու դա ամենասարսափելին էր երևի, ամենասարսափելին, որովհետև ես դեռ այնքան չեմ մեծացել, որ շատերի նման այդ միտքը ընդունեմ հանգիստ:

Խոսում եմ մահից, ուրեմն իմ մեծանալը հասկանալն էր նաև այն, որ մարդիկ շատ հաճախ ինչ-որ մեկի հոգեհանգստին գնում են պարտքի զգացումից ելնելով, որ այդ մարդու հարազատները հանկարծ չնեղանան, որ նրանք մեր առիթներին եկել էին, ոչ թե որ ցավում է, հարգում էր, ուզում է:

Ես սկսեցի մեծանալ, երբ հասկացա, որ գյուղում ապրելը ամոթ չէ, որ թաքցնել պետք չէ, դեռ որ լավ մտածես, առավելություն է, որ ես երջանիկ եմ գյուղում, ի՞նչ կա որ:

Ես գիտեմ, որ երբեք չեմ դադարելու մեծանալ` գիտակցաբար, ֆիզիկապես, բայց մենք բոլորս էլ հոգեպես ուզում ենք լինել տիկնիկներից ուրախացող ու մեր բաժին կոնֆետը չգտնելուց լացող երեխաները, որովհետև այդ տարիքում մեզ երջանկացնելը հեշտ է` նոր տիկնիկ գնելով ու կոնֆետները վերադարձնելով: