anna mesropyan vanadzor

Մեծ մարդը

Մենք նստած էինք դասին: Լեկցիան ավարտելուց հետո դասախոսը մեզ ասաց, որ այդ օրը 10 րոպե շուտ է թողնում, որպեսզի հասցնի երթուղայինին: Նա տարեց մարդ էր և դժվարությամբ էր քայլում, մինչև ինքը երթուղայինին կհասներ, այն արդեն լեփ-լեցուն էր լինում ուսանողներով, և նստելու տեղ չէր լինում:

Ես կուրսի ավագն եմ և դասախոսի այդ խոսքից հետո՝ վեր կացա, վերցրի մատյանը, և դուրս եկանք: Սովորության համաձայն, մտա դեկանատ՝ մատյանն այնտեղ դնելու: Այնտեղ նստած էր մեր ֆակուլտետի դեկանը՝ կարմրած աչքերով և ջղային հայացքով: Նա մի հայացք գցեց ինձ վրա և բարկացած տոնով ասաց.

-Դեռ դասին 10 րոպե կա, ինչո՞ւ եք շուտ դուրս եկել, ո՞ւմ մոտ եք դասի,- պատասխանի չսպասելով հարցնում էր նա:

-Ընկեր Սիմոնյանի,- վախեցած պատասխանեցի ես:

-Ուրեմն հենց հիմա հետ եք դառնում, նստում եք դասի, և մինչև զանգը չհնչի՝ դուրս չգաք: Ինձ ռեկտորը նախատում էր՝ ասելով, որ իմ ֆակուլտետից բոլորը շուտ են դուրս գալիս:

Մենք արագ հետ դարձանք և մտանք լսարան, որտեղ մեր դասախոսը զրուցում էր փոխդեկանի հետ: Մեզ տեսնելով՝ զարմացավ և հարցրեց, թե ինչու ենք հետ դարձել: Մենք ասացինք պատճառը և նստեցինք: Դասախոսս ընկճված հայացքով և տխրամած աչքերով դիմեց փոխդեկանին՝ խնդրելով, որ դեկանին փոխանցի՝ մոտենա իրեն, քանի որ ինքը դժվարությամբ է քայլում: Տիկինը գնաց, բայց նրանից հետո դեկանը չեկավ, դասախոսս հասկացավ, որ նրան ոչինչ չեն փոխանցել և ընկերուհուս խնդրեց գնալ և կանչել դեկանին: Ես ինձ այնքան մեղավոր էի զգում, չդիմացա ու ասացի.

-Թե ես ինչու մատյանը տարա, կարող էր մնալ այստեղ, վաղը կվերցնեի:

Դասախոսս ձայն չհանեց, ուղղակի ժպտաց: Այդ պահին ներս մտավ դեկանը, ու դասախոսս դիմեց նրան.

-Մարտի՛ն, ես ուսանողներին շուտ եմ թողել, որպեսզի հասցնեմ երթուղայինին:

-Ընկեր Սիմոնյան, դուք չե՞ք հասկանում, որ մեր ֆակուլտետի վրա նկատողություն է եկել դասից շուտ դուրս գալու համար, ու դուք հիմա ինձ ի՞նչ եք ասում,- ձայնի տոնը շատ բարձր, գրգռված գոռում էր նա տարեց, բայց մեծ պատմություն ունեցող, մե՛ծ մարդու վրա:

Այո՛, նա մեծ մարդ է, նա այն մարդն է, ով հիմնադրել է համալսարանը, ով 60 տարի այդ համալսարանում նվիրված աշխատել է, տվել գիտելիք, սեր և հարգանք: Նա պրոֆեսոր է, ակադեմիկոս, գիտությունների դոկտոր և միևնույն ժամանակ՝ համեստ ու հասարակ մարդ: Իսկ այսօր մեր նորաթուխ դեկանը գոռում է նրա վրա:

-Ես հասկացա քեզ, շնորհակալ եմ, որ եկար, մենք կնստենք, մինչև զանգը կհնչի,- ասաց դասախոսս, իսկ դեկանը շրջվեց և գնաց,- իրենց ինչ կա. իրենք հիմա կնստեն իրենց մեքենաները ու տաք-տաք կգնան տուն, իսկ ես պիտի սպասեմ, որ նոր երթուղային գա, որ նստելու տեղ լինի:

Մի քանի վայրկյան նա լռեց, հետո խորը հոգոց հանեց և դառնացած ասաց.

-Հիմա բոլորը իրենց մեքենաներով են գալիս, բայց իրականում իրենցից ոչինչ չեն ներկայացնում, իսկ ես կամրջի վրա կանգնած սպասում եմ երթուղայինին, ես ինձ ոչնչացված եմ զգում:

Զանգը հնչեց, և զանգը այդ պահին փրկություն էր, որովհետև եթե մի քանի րոպե էլ շարունակվեր, դասախոսիս հետ միասին լացելու էի, քանզի նրա աչքերում արցունքներ կային և անսահման թախիծ:

Մենք դուրս եկանք: Չէի պատկերացնում, որ այդքան բան կատարվեց այդ 10 րոպեի ընթացքում: Թվում էր՝ դուրս կգամ ու դռնից այն կողմ կմոռանամ կատարվածը, բայց այդպես էլ չմոռացա: