marine israyelyan

Մեր հրաճարակ երազանք

1831 թվականին մի սովորական օր ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն գնեց մի շիշ թանաք, փակվեց իր սենյակում ու փոքրիկ պատուհանից հայացքը Աստվածամոր տաճարին՝ սկսեց գրել: Եվ այսպես ամիսներ շարունակ գրում էր, նույնիսկ հանճարներին բնորոշ տարօրինակությամբ, վերցնելով մկրատը՝ անփութորեն կտրատեց մազերն ու փչացրեց սանրվածքը, որպեսզի դուրս չգա տնից, մինչև չավարտի նոր սկսած վեպը, որ պիտի համաշխարհային գլուխգործոց դառնար:

Թանաքի վերջին կաթիլով գրվեց հաստափոր գրքի վերջին բառը, և հեղինակը դեռևս վերնագիր չունեցող վեպն ուզեցավ անվանել «Ինչ է պարունակում մի շիշ թանաքը», բայց ինչպես իր հուշերում է նշում, հետո գիրքն անվանվեց ներշնչման աղբյուրի անունով՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը»: Եվ սերունդների առջև դրվեց մի գիրք, մի պատմություն սիրո, թշվառության, խանդի, ըմբոստացման, մարդկային ամենադաժան կրքերի ու նրբակերտ հոգիների բախման մասին: Այս պատմության առանցքը դարձավ Աստվածամոր տաճարը, և քարն ու քանդակը կենդանացան, տաճարն անձնավորվեց և որպես մշտաներկա գոյություն, անդադար հիացք ու չքնաղ երազանք ապրեց մեր սրտերում՝ հավերժ իր մեջ կրելով Կլոդ Ֆլորոյի նախանձոտ հայացքը, Էսմերալդայի քնքուշ սիրտն ու Քվազիմոդոյի թանկագին զանգերի ղողանջը:

Եվ ահա տաճարը հրդեհի անսանձ ճանկերի մեջ իր ութհարյուրամյա հանդարտությամբ նայում է հորիզոնին ու քմծիծաղում ժամանակի, ճակատագրի ու մարդկանց վրա… Հատկապես մարդկանց. տաճարն այրվում է, երբ մի քանի օր առաջ Ֆրանսիան ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի օր, երբ մի քանի օր հետո՝ ապրիլի 22-ին այնտեղ Սուրբ պատարագ պիտի մատուցվեր նույն զոհերի հիշատակին: Եվ ի՞նչ… Հրդեհը բռնկվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ անփութության հետևանքով. հնչում է չափազանց անմեղ և չափազանց անհամոզիչ:

Եթե սա պատահականություն է, ապա սարսափելի դժբախտություն, եթե՝ դիտավորություն, ապա աններելի հանցանք ողջ աշխարհի դեմ: Մնում է միայն հուսալ, որ մեր երազանքը հնարավոր կլինի վերականգնել, թեև դրա համար տասնյակ տարիներ կպահանջվեն: