Մեր նոր թղթակիցները

Նարինե, Նազան, թե՞ Նազո…narine avetisyan

Բարև, ես Նարինեն եմ… Երևի: Ինչո՞ւ երևի, բացատրեմ. ընկերներս ինձ տարբեր անուններով են կոչում: Չեմ նեղվում դրանից, նորմալ է: Ինքս անուններ տալու մեծ վարպետ եմ: Իմ հեղինակած մականուններից ամենասիրածներս են՝ Կոզ, Հավվագ, Ոխկ ու Ծիմոն: Իսկ ինչ վերաբերվում է իմ անուններին, դա մեկ ուրիշ պատմություն է: Մեկի համար GIF-ն եմ, մյուսի համար՝ Նազանը, իսկ մյուս ընկերուհիս նույնիսկ մեկ ամբողջ նախադասությամբ է ինձ դիմում՝ լուսամփոփի պես Նազո՝ աստվածային պարերով: Բնավորությամբ պարզ եմ, երբեմն նույնիսկ չափից ավել: Չգիտեմ՝ առավելությո՞ւն, թե՞ թերություն համարեմ, սակայն ես չեմ կարող մերժել ընկերներիս խնդրանքները, եթե նույնիսկ ինձ համար հաճելի չէ: Շատախոս եմ և հետաքրքրասեր: Ասում են, որ տաղանդավոր եմ: Պաշտում եմ նկարել և հատկապես դիմանկարներ: Չեմ համարում ինձ կոմպլեքսավորված մարդ: Անմիջական եմ ու շփվող:

Մասնագիտությամբ թարգմանիչ, գործավար եմ, սակայն միշտ երազել եմ դերասանուհի կամ հաղորդավարուհի դառնալու մասին: Կարելի է ասել՝ ամեն ինչից առավել և առաջնային սիրում եմ զբաղվել 2D անիմացիայով: Երազում եմ լինել Հոլիվուդում, նկարահանվել Ջոնի Դեփի աստղի հետ: Էքստրիմի և ակտիվ հանգստի մեծ սիրահար եմ: Սիրում եմ լեռներ բարձրանալ: Վերջին անգամ բարձրացել եմ Արագածի հարավային գագաթ և հրաշալի ժամանակ եմ անցկացրել: Ի՞նչ կարող եմ ավելացնել: Ծնվել եմ 1998 թվականի՝ մէ հրաշք օր՝ հոժար կամքով: 3 քույր ենք, և տարիքով մեծը ես եմ, բայց միայն տարիքով: Սիրում եմ ակտիվ կյանք վարել և շփվել անմիջական և անկեղծ մարդկանց հետ: Ոգեշնչվում եմ Վան Գոգի և Ֆրիդայի հրաշալի գործերով: Պաշտում եմ Գյումրիս, Kit Kat-ը և ոսկե ձկնիկներին: Գյումրիում եմ ծնվել, մեծացել, ապրել, սովորել, ավարտել, էլի սովորել, սիրահարվել, լացել, ուրախացել, հանգստացել և զարգացել: Ինքնասիրահարված չեմ: Ավելի շատ մարդասեր եմ:

Ահա և ես:

Նարինե Ավետիսյան. Շիրակի մարզ, ք.Գյումրի

 

Ուշացած եսhovik vanyan

17.am-ում իմ հայտնվելը շատ պատահական ստացվեց, և նույնիսկ չհասցրի ներկայանալ: Անկեղծ ասած` նոր ծանոթությունների ու նոր միջավայրում հայտնվելու ժամանակ հասկացել եմ, որ երբեմն անհրաժեշտություն չի լինում երկար-բարակ խոսելու: Լավ է գործել մտածված ու դիպուկ, քան թե ընկնել սար ու ձոր և մոռանալ բուն նպատակի մասին: Հիմա կպատկերացնեմ մի նոր միջավայր, որտեղ ինձ երեսուն վայրկյան է հատկացված ներկայանալու համար: Երեք, չորս…

-Ես Հովիկն եմ, շատ եմ սիրում բանան ուտել, երաժշտություն լսել ու զբոսնել: Միշտ փորձում եմ հասնել ազատության ու բարձր թռչել: Չեմ սիրում կարծրատիպերով ապրելակերպը: Երազում եմ ճանապարհորդել աշխարհով մեկ ու բացահայտել անիրականը: Կարծում եմ, որ ես պետք է լինեմ այն փոփոխությունը, որն ուզում եմ տեսնել ամբողջ աշխարհում:

Հովիկ Վանյան. Լոռու մարզ, ք. Դսեղ