valentina chilingaryan ararat

Մի ամլիկ գառ …

Սովորականի պես օրվա լրահոսն էի կարդում, մեկ էլ տեսնեմ՝ «մի ամլիկ գառ, իրեն համար…» Չէ: Ջուր չէր խմում առվակից: «Ջրառատ գյուղում 8-ոտանի, 2 պոչանի, 3 աչքանի գառնուկ է ծնվել» նյութի վերնագրից ելնելով, հետաքրքրությամբ բացեցի այն: Կարդում եմ նյութը, ու ոգևորվում, որ մեր հայ գիտնականները նոր ուսումնասիրության առարկա ունեն: Նոր էքսպերիմենտներ, նոր լուծումներ…

Դե բնական է, կենդանին կենդանի չէր կարող մնալ, բայց գոնե կարելի էր պարզել նրա այդպիսին ծնվելու առեղծվածը: Միանգամից զանգեցի ընկերոջս ու պատմեցի դեպքը: Սկսեցինք վարկածներ առաջ քաշել, թե որն է գառնուկի այդպիսին ծնվելու պատճառը: Ու քանի որ ինֆորմացիան բավարար չէր, որոշեցի ավելի շատ մանրամասներ իմանալ:

Րոպեներ հետո հաղորդագրություն ուղարկեցի նյութը լուսաբանողին` Գագիկ Շամշյանին: Նամակում խնդրել էի այդ ընտանիքից որևէ մեկի հեռախոսահամարը: Անցան ժամեր: Չիմացա թե ինչպես խորը քուն մտա: Առավոտյան ստացել էի նամակի պատասխանը: Շա՜տ ուրախացա: Սիրտս վկայում էր, որ գնալու եմ Ջրառատ: Զանգահարեցի ինձ ուղարկված հեռախոսահամարով, ներկայացա, հետո ճշտեցի եղելությունը: Սկսեցի ներկայացնել նպատակս: Զրուցակիցս ծեր մարդ էր, որովհետև զգացվում էր ձայնից: Ասաց.

-Աչոն ջան, ինչ ասում եմ, գրի՛:

Դե ինձ նյութը պետք չէր, նյութին ծանոթ էի, բայց ամեն դեպքում որոշեցի լսել Զոհրաբ պապիկին: Ոգևորված պատմում էր գառնուկի մասին, իսկ ես համբերատար լսում էի՝ սպասելով, որ հարցնեմ. «Իսկ ի՞նչ արեցիք գառնուկի հետ»:

-Գրու՞մ ես, աչոնիկ ջան,- երկար պատմությունից հետո հարցրեց Զոհրաբ պապը,- ուզու՞մ ես նորից թելադրեմ: Դու հանգստացի՝ գրի, հանգստացի՝ գրի:

-Չէ, պապի ջան, շնորհակալ եմ, նյութին տեղյակ եմ: Դուք ասեք՝ վերջը: Վերջը, որտե՞ղ ուղարկեցիք գառնուկին հետազոտության:

-Աչոն ջան, մեր գառնուկը սատկեց:

-Էհ, պապի ջան, բա չհետաքրքե՞ց, թե ինչու է գառնուկը այդպիսին ծնվել: Ես ուզում եմ ինքս տեսնել, ուղղակի Ձեր թույլտվությունն եմ խնդրում: Հիմա որտե՞ղ է գառնուկի անշնչացած մարմինը:

-Գառնո՞ւկը: Աչոն ջա՛ն, էն փոքր թուլես`թոռս, տարավ գցեց շան դեմը: Ա՜խր, շատ չար ա, է, թոռս:

-Ու՞,- հույսը չկտրած անբուժելի հիվանդությամբ տառապող մարդու նման հարցրի ես:

-Ո՞ւ: Դու էն ասա, հասցնո՞ւմ ես գրել:

-Հա, պապի ջան, շնորհակալ եմ շատ, շատ օգնեցիք: Ձեզ առողջություն: Լավ մնացեք:

Ո՞ւ … Լավ պապիկ էր Զոհրաբ պապը: Չալարեց, ու նորից պատմեց ինձ ողջ եղելությունը: Գառնուկին հետազոտել չստացվեց, բայց դրա փոխարեն հիմա այս պատմությունն եմ գրում:

Առողջություն աշխարհի բոլոր պապիկներին ու տատիկներին: