Մի մեծ պատմություն, որ նրանց այդքան էլ հետաքրքիր չէ

Հատվածներ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորի օրագրից

Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մասնաճյուղի կամավորներով ամեն ամիս այցելում ենք Աշտարակում բնակվող 70 միայնակ ապրող տարեցներին։ Լսում ենք նրանց պատմություններն ու օգնում։ Այդ տարեցների մասին է այս շարքն ու այս պատմությունը։

Մեր կողքին հազարավոր մարդիկ են ապրում, միլիոնավոր մարդիկ են ապրում, ովքեր մեր կարիքն ունեն, ու որոնց կարիքը մենք ունենք․․․

Լուսանկարները՝ Վաչե Վարդանյանի

Լուսանկարները՝ Վաչե Վարդանյանի

Մեքենայով մի քանի պտույտ ենք գործում թաղամասով ու վերջապես կանգնում ենք մի հին շենքի դիմաց, որտեղից Արագածն այդ օրը շատ հստակ էր երևում։ Եվս մեկ անգամ ճշտում ենք հասցեն, ու աղջիկները գնում են դուռը թակելու։ Ես ու Վաչեն մեքենայից տոպրակն ենք վերցնում ու բարձրանում մի քանի աստիճան։ Բնակարանն առաջին հարկում էր։ Դուռը բացում է․․․ Դուռը մենք ենք բացում, որովհետև այն առանձնապես փակված էլ չէր։ Դա մի հնամաշ ու պատմություն ունեցող դուռ էր, որ երևի հազարավոր խոսակցությունների ականատես էր եղել։

Ներս ենք մտնում․ անկյունում Հայկանուշ տատն է կուչ եկած․ տունը ոչնչով չի տաքացվում։ Ցրտից պաշտպանվելու համար նա գլխաշոր է կապել, հաստ վերարկու է գցել ուսերին, բայց ոտքերը մրսում են, թեև մի քանի գուլպա է հագել․ տատը հողաթափեր չուներ։ Ողջունում ենք ու ձայն լսելով մյուս սենյակից, առաջ է գալիս Հայկանուշի աղջիկը, որ նույնպես մի քանի շոր էր հագել` ցրտից պաշտպանվելու համար։ Դա փետրվարյան մի ցուրտ օր էր աշտարակյան մի մաշված բնակարանում, որի հատակը ծածկված էր լաթի կտորներով, իսկ լուսամուտներից արևը չէր երևում։

Մյուս սենյակի դռան արանքից 2 տղա էին երևում, բայց այժմ մենք նրանց չենք տեսնում։ Նրանք դուռը փակեցին՝ ամաչելով։ Սեղանին ենք դնում Հայկանուշ տատի սննդի փաթեթը, ու երբ տեսնում է կարմիր խաչի նշանը, լայն ժպտում ու շնորհակալություն է հայտնում։

Հայկանուշ տատը 79 տարեկան է։ Խորհրդային միության բոլոր երեխաների նման նա դպրոց է հաճախել 6 տարեկանից, իսկ ավարտելուց հետո Խորհրդային միության բոլոր շրջանավարտների նման աշխատել է։ Աշխատել է 37-րդ սովխոզում։ Ու գործընկերոջ հետ էլ ամուսնացել է 26 տարեկանում։ Այդ ժամանակ Վաչիկի կինը մահացել էր ավտովթարից, իսկ ամուսնությունից հետո բոլորը Հայկանուշ տատին վատաբանում ու մեղադրում էին նրա մահվան մեջ։ Լավ թե վատ ապրել են ու երեք աղջիկ ունեցել։ Աղջիկները փորձում են օգնել, բայց նրանց վիճակն էլ առանձնապես լավ չէ։ (Այդ ժամանակ նրանց տանն էր նաև ազգականներից մեկը, ով այցելել էր նրանց՝ օգնելու):

Նստում ու զրուցում ենք տատի հետ։ Տատն անդադար պատմում է՝ անցյալն ու ներկան իրար խառնելով ու ցրտից դողալով։ Հայկանուշի փեսան նրանց հետ չի ապրում։ Աղջիկն էլ որոշ խնդիրներ ունի։ Չի աշխատում ձմռանը, որովհետև աշխատանքի չեն վերցնում, իսկ ամռանը գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում՝ խնձոր, ծիրան ու այլ մրգեր է հավաքում ուրիշ տղամարդկանց և կանանց հետ։

Վաչիկ պապը 17 տարի է` մահացել է։ Իսկ փեսան ոչնչով չի օգնում ընտանիքը պահելու գործում։ Թոռներից մեկը խելացի է ու լավ է սովորում, մյուսը հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոց է հաճախում։ Ապրում են տատի թոշակով։

Լուսանկարը՝ Վաչե Վարդանյանի

Լուսանկարը՝ Վաչե Վարդանյանի

Արդեն մենք էլ ենք զգում ցուրտն ու պատճառն ենք հարցնում։ Մեզ ասում են, որ ծխատարը խցանված է, տանը տղամարդ չկա նորը սարքելու համար, իսկ երբ հին ծխատարն են օգտագործում, հարևանները բողոքում են ծխից։ Էլեկտրական վառարա՞ն․․․ Ընտանիքը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ․ բավարարվում են տաք հագնվելով ու կիսակուշտ քնելով։

Հայկանուշ տատը ստորագրում է իրեն հատկացված օգնության համար, շնորհակալություն ենք հայտնում ու դուրս գալիս․․․ Ու էլի գնում ենք տարեց մարդկանց այցելության․․․

Շարունակելի․․․