mariam tonoyan

Մի պտույտ Քյավառի թաղերով

«Մանրո՜ւքը, մանրուքն է գլխավորը»։

Ֆ. Մ. Դոստոևսկի

Նստել եմ պատշգամբում, հայացքս նետել եմ անհայտ ուղղությամբ ու լռում եմ կամ գուցե բակի աղմուկի ներքո վայելում եմ իմ լռությունը։ Մի պահ փորձում եմ ոչինչ չմտածել, թողնել մտքերը երկրի վրա ու հոգեպես անէանալ, բայց նկատում եմ, որ գլխումս նորանոր մտքեր են ծնվում չմտածելու մասին. «Կարծես թե ստացվում է… վե՛րջ, էլ չեմ մտածում»։

Փաստորեն միտքը շատ հազվադեպ է լքում մեզ։ Երբ մտածում ես, որ չմտածելը մանրուք է, ու փորձում ես չմտածել, հասկանում ես, որ մանրուքն այդքան էլ փոքր բան չէ, որքան թվում է։ Որոշեցի բակ իջնել, հետո քայլել քաղաքի փողոցներով ու ուշադրություն դարձնել թվացյալ մանրուքներին։

Բակում մի խումբ երեխաներ վիճում էին, ինչը սովորական երևույթ է, երբ երկու թիմ խաղում են, իսկ թիմերից մեկը երբեմն խարդախություն է անում։ Քաոսային իրավիճակից քիչ այս կողմ՝ ասֆալտի վրա, ծալապատիկ նստել էր Հակոբիկը՝ բակում ամենակրտսեր տղաներից մեկը։ Ուշադրություն չդարձնելով վեճին ու աղմուկին՝ նա նախ գետնից վերցրեց ապակու կտորներից մեկը, անշտապ մոտեցրեց կոշիկներին ու սկսեց ապակու օգնությամբ կտրել կոշիկի՝ իրեն խանգարող ձևավորումը։ Ապա ձեռքն առավ մի մեծ քար ու սկսեց մանրացնել ապակու կտորները, ճզմել խոտերը։

-Էս դու կռվի մեջ չկա՞ս,- հարցնում եմ։

-Հեսա բարիշելու են, էլի խաղան,- պատասխանեց Հակոբիկը՝ հողե թմբեր պատրաստելով։

Իրոք որ, քիչ անց վեճը դադարեց, խաղն էլ վերսկսվեց։ Փաստորեն փոքրիկն ավելի հեռատես էր գտնվել։ Որոշեցի թողնել բակն ու մինչև քաղաքի հրապարակ գնալ։ Խանութների առջևով էի անցնում, փորձում այս անգամ ամեն մանրուքի, ամեն խոսակցության ուշադրություն դարձնել։
Ձկնավաճառն իր փոքրիկ, բացօթյա խանութի առջև կանգնած զրուցում էր մեկ այլ առևտրականի հետ։ Այդ ընթացքում մի մեծ, սև շուն մոտեցել էր ձկներին ու հոտոտում էր։ Ձկնավաճառը, կռահելով շան մտադրությունը, հեռացրեց վերջինիս ձկների մոտից ու կրկին զրույցի անցավ։ Մինչ նրանց զրույցը վեճի կվերածվեր, սև շունը հասցրեց երկու ձկան պոչ իր երախն առնել ու փախչել։ Նկատելով դա՝ ձկնավաճառը բղավեց.

-Էդ ո՞ւր ես տանում ձուկս,- ու լրջորեն շարունակեց,- Տա՜ր, տար, տենամ՝ առանց խաց իմա՞լ ես ուտելու։

Ա՜յ քեզ ծիծաղաշարժ մանրուք։ Ճանապարհս շարունակում եմ, ու հանկարծ ուշադրությունս գրավում է երկու պապիկի խոսակցությունը: Նրանք կարծես դիտավորյալ «շ» տառի բաղաձայնույթով էին խոսում։ Լսողությունս լարում եմ ու փորձում գլուխ հանել զրույցից։
Նրանցից մեկն, ով ավելի ալեհեր էր, պատմում էր.

-Ասում են՝ բարձրագույն կրթությունն էլ են ուզում սարքեն անվճար, հա՞։ Է, որ սարքեն, ի՞նչ պտի փոխվի։ Մկա ճժերը սորվում են, սորվում են, վերջում դառնում են կարտոլ հիստկող։ Տենց սորվելը վի՞ն ա պետք։ Մեր վախտով չորս ախպերով մե շորտիկով դասի ինք էթում։ Շորտիկն էլ խո շորտիկ չէ՞ր, թելով կապում ինք, մեկ էլ ճամփին, որ թելը բրդում էր, տենց փորներիս բռնուկ մե կերպ չուր դպրոց ինք խասնում։

Դեռ պապիկը խոսքը չէր ավարտել, երբ մյուս մայթին, սոցիալական տարածքային գործակալության գրասենյակի առջև տեսա մի կնոջ, ով մտնելուց առաջ խաչակնքվեց։ Առաջին հայացքից մանրուք էր, բայց արի ու տես, որ այդ կինը գուցե աղոթում էր, որ իր ընտանեկան նպաստը չկտրեն։

Զարմանալի են մանրուքները, երբ մեր ուշադրության կենտրոնում են. դրանք ավելի կարևոր դեր են կատարում, քան հենց ինքը՝ բուն գործողությունը։ Չարժե ոչինչ մանրուք համարել։