aneta baghdasaryan

Մի վերջացիր, կիրակի՛

Ժամը արդեն ութն անց կես է, իսկ ես դեռ բան չեմ արել։ Ու երևի մոտակա մեկ ժամվա ընթացքում չեմ էլ անի։ Կմտածեք՝ զբաղված մարդ եմ, աշխատում եմ միգուցե, նոր եմ տուն եկել։ Ոչ, չեմ աշխատում, և հետևաբար, նոր չեմ տուն եկել (դե աշխատում եմ, բայց տանից)։ Համ էլ կիրակի է, ի՞նչ աշխատանք։ Ու այսպես առավոտից նստած եմ գրասեղանիս մոտ, նայում եմ համակարգչիս էկրանին, փորձում միջիս ալարկոտին անջատել ու գոնե մի բան գրել։ Երբ մի բան ես ունենում անելու, ամեն վայրկյան մի նոր գործ ես գտնում, մենակ թե այդ հիմնական, ամենակարևոր գործը չսկսես, որովհետև ուղղակի հավես չունես։ Դե ես էլ, ինչպես և դու,  վերցնում եմ փոշու շորն ու մաքրում արդեն մամայի կողմից մաքրած կահույքը, անցնում եմ ամեն մի վայրով, սրբում եմ դաշնամուրը, վրայի բոլոր նկարների շրջանակները, բացում դաշնամուրն ու փոշու շորով անցնում ստեղների վրայով։ Հետո գնում եմ սենյակ ու սկսում դարակներս հավաքել, գտնում եմ լիքը թղթեր, ձեռագիր նշումներ, որոնք դեռ անցյալ տարի եմ գրել, վերջացած նոթատետրիս միջից գտնում եմ կորցրածս նկարն ու դնում նույն տեղը, որ էլի կես տարի այն փնտրեմ ու գտնեմ նույն վայրում։

Անվերջ փոշի սրբել չէր ստացվի, դրա համար էլ նստեցի գրասեղանիս մոտ, ու կրկին իմ ու դատարկ էկրանի միջև համր լռություն տիրեց։ «Պետք է մի բան անել, հավաքվի՛, Անետա»,- մտածում էի ես, երբ հայացքս ընկավ գրասեղանիս ձախ անկյունին, ուր փակցրել էի կպչուն թերթիկ «ֆրանսի տնայինը չմոռանա՛ս» գրվածքով։ Մի քանի րոպե առաջ կարևոր գործս մի վայրկյանում ջնջվեց, քանի որ հիմա դրանից ավելի կարևոր բան ունեի անելու՝ անգիր սովորել ֆրանսերենի տեքստը։ Երբ դեռ նույնիսկ չգիտեի՝ ինչի մասին է տեքստն, ու քանի էջ պետք է սովորեմ, մի անգամ էլ չեմ բացել կայքը, որ ծանոթանամ տեքստին, արդեն դրա հավեսը չունեի։ Շարունակում էի ոչ մի բան չանել։ Մեջս նորից անհագ ցանկություն առաջացավ մի բան անել, միայն թե ոչ ֆրանսերեն։ Նայեցի իրար վրա դրված գրքերիս, որոնցից յուրաքանչյուրը բացել եմ և, հասնելով մի պահի, փակել ու մի կողմ դրել, որովհետև հավեսս կորել էր։ Վերցրեցի ամենավերևինը ու սկսեցի կարդալ ծերուկ Թեոդորի նամակն իր զարմիկին։ Փորձում էի վերհիշել երկու ամիս առաջ կարդացածս, մեկ անգամ ևս պատկերացնել կերպարներին՝ նամակը ձեռքերում կանգնած Լոնսելոտին, իր կնոջը, ում հագուստի վրա ներկի հետքեր կային, իսկ քթի ծայրին թանաքից մնացած սև կետեր: Հիշողությանս մեջ երևաց սենյակը, գրասեղանն ու զամբյուղի մեջ քնած կատուն։ «Նենց կուզենայի հիմա այդ սենյակում լինել, զամբյուղի մեջ, կատվի փոխարեն ու կիսաքուն վիճակում լսեի երիտասարդ զույգի զրույցը ծերուկի ժառանգության ու կատվին իրենց մոտ պահելու դրական կողմերի մասին»։ Պատմվածքը բավականին կարճ էր, ու այն ավարտելուց հետո էջանշանը դրեցի հաջորդի վրա, որ էլի երկու-երեք ամիս չկարդամ ու մի օրում վերջացնեմ։

Նորից նայեցի համակարգչիս էկրանին, այս անգամ սպասելով, որ ֆրանսերենի տեքստն ինքն իրեն անգիր կանի․ ինքն էլ հավես չուներ։ Ավանդույթները չխախտելով նայեցի ձախ՝ այս անգամ աչքովս ընկավ հեռախոսս, ու արդեն մոտ կես ժամ է, ինչ մաթեմատիկայի ու հավանականության կանոններով հաշվարկներ անելուց հետո վանդակի մեջ գրեցի 2-ը, որի վրա անմիջապես խաչ քաշվեց՝ ինձ հուշելով այն մասին, որ հաշվարկներս սխալ էին։ Կեսից հիշեցի, որ գործս նույնիսկ չեմ էլ սկսել, իսկ ես նստած սուդոկու եմ լուծում։ Հեռախոսս մի կողմ դրեցի ու ինձ հավաքելով սեղմեցի կայքի հասցեին։ Դեռ կարդում եմ, հասա տեքստի կեսին, արդեն հոգնեցի, էլ չեմ ուզում, չեմ ուզում դասի գնալ վաղը, կլինի՞ էս կիրակին չվերջանա, կլինի՞ դասի չգնամ։ Դասի ավելի շատ չէի ուզում գնալ, քան թե ֆրանսերեն չսովորելը։ Մարմնիս և ոչ մի բջիջ ոչ մի բանի հավես չուներ։

Կեսգիշերն անց էր արդեն, աչքերս կամաց-կամաց ծանրանում էին, պետք է քնել։ Չէի ուզում քնել, որ երկուշաբթին չգա, որ կիրակին մի քիչ ավել տևի։ Բայց արդեն կես ժամ է, ինչ էլ կիրակի չի։