Ani avetisyan

Նամակ Զինվորին

Բարև զինվոր: Գիտեմ, որ նամակս սկսելու ամենասխալ ձևը սա է, բայց ուրիշ տարբերակ ուղղակի չգտա: Թեև գիտեմ, որ նամակս քեզ չի հասնելու, դու այն չես կարդալու ու չես պատասխանելու, բայց կգրեմ հավատալով,  որ ինչ-որ տեղ երկնքում դու կզգաս, որ այն հենց քեզ է ուղղված:

Եթե գրելու լինեի մի քանի ամիս առաջ, նամակս գուցե անուն ունենար, հասցեատեր, բայց այսօր այն քեզ է ուղղված իմ ծանոթ ու անծանոթ, այսօր, վաղը և հավերժ զինվոր մնացող եղբայր:

Գրում եմ քեզ իմ անունից, բայց և գիտեմ, որ տողերս աղոթքի պես դուրս են եկել մի ողջ ժողովրդի շուրթերից, այնպես, ինչպես մորդ՝ քեզ ուղղված ամեն խոսքն էր մեր անունից, ինչպես «նրա» ամեն «սպասում եմ քեզ»-ը մեր շուրթերից աղոթք էր առ Աստված:

Ամանոր է, Ամանոր, որի ամենանվիրական մաղթանքը այն  անհասանելի խաղաղությունն է, վերջապես նրան հասնելու, կարոտած թևերով փարվելու  բաղձանքը: Նրանից քո կարոտն առնելու բաղձանքը:

Իսկ ես Ամանորի շնորհավորանքներ շռայլելու համար չէ, որ գրում եմ քեզ, և ոչ էլ շնորհակալության՝ մեզ ևս մեկ Նոր տարի նվիրելու համար: Երեք միլիոն մարդ մեկի պես քեզ պաթոսաշատ խոսքերով շնորհակալություն է հայտնում, խոնարհվում քո առաջ,  բայց ես դա չէ, որ քեզ ասել եմ ուզում:

Կներես մեզ, զինվոր:

Կներես ամեն ասված ու չասված բառի, ամեն բաց թողած պահի համար:

Կներես չհասկանալու, չհասկացվելու համար:

Կներես մի գիշեր քեզ համար չաղոթելու, քեզ  երազում չտեսնելու համար:

Կներես չգնահատելու, համեմատելու համար: Չհասկանալու համար, որ համեմատելու կարիք չի էլ եղել: Այն, ինչ կար քո մեջ, եռապատիկ անգամ ուժեղ էր ժառանգածից, իսկ մենք չէինք նկատում:

Կներես, որ բավական ուժեղ չեղանք՝ քեզ սպասելու: Որ քաջություն չունեցանք ասելու  սրտում տաք-տաք պահածը: Որ մոռացանք չմոռանալ…

Կներես դեռ տաք արյունդ քեզնից խլելու համար, բաբախող սիրտդ ցավեցնելու համար:

Կներես խոստանալու ու մոռանալու համար: Չխոստանալու համար…

Գիտեմ, զինվոր,  գիտեմ, որ արդեն ներել ես: Հերոսի հոգին չներել չի կարող: Բայց մի վերջին անգամ շշնջա երկնքից,  ասա, որ կներես քո պահած հայրենիքը քեզնից լավ չպահելու համար:

Կներե՞ս…