mushegh kyurekhyan

Նոր խոսք նոր ընտանիքում, կամ ինչպես դարձա «Մանանայի» անդամ

Շատերը ինձ հարցնում են, թե ինչպե՞ս եմ դարձել «Մանանա» կենտրոնի անդամ, ես էլ որոշեցի պատմել այդ մասին:

Երկուհազար տասնչորս թվականի գարնանն էր, լավ հիշում եմ, գարուն էր, քանի որ հաշվում էի, թե երբ է գալու այդ երկար սպասված գարնանային մեկշաբաթյա արձակուրդը: Ինֆորմատիկայի դասն էր, սովորականի պես դասը անցնում էր`բոլորս համակարգիչների մոտ նստած կատարում էինք գործնական աշխատանքը (հա՜, հա՜, հա՜, գործնական աշխատա՞նք, եթե մենք այդ ժամանակ գործնական էինք անում, ուրեմն Անգլիայի մայրաքաղաքը պետք է որ Փարիզը լինի, կամ խաղ էինք խաղում կամ ինտերնետում ինչ որ թեստեր էինք անցնում` իհարկե, գործնական աշխատանքի պատուհանը ծալած, երբ ուսուցիչը գալիս էր` արագ բացում էինք), իսկ ուսուցիչը նստած էր իր տեղում, երբեմն աչքի տակով` իրեն հատուկ հայացքով, նայում էր մեզ ու նորից թեքվում մատյանին: Հանկարծ լսեցի անունս,  գլուխս բարձրացրի ու նայում եմ ընկերներիս` փնտրելով, թե ով է կանչում:

-Մուշե′ղ, քեզ հետ եմ, չե՞ս լսում ,- ասաց ուսուցչուհիս` ընկեր Մարգարյանը:

Տեղից դուրս եկա` արագ ծալելով խաղի պատուհանը ու մտածելով, որ դաս կհարցնի: Գնացի ու կանգնեցի կողքին (այո′, այո′  նա ունի այդպիսի սովորություն, կարող է ցանկացած պահի դաս հարցնել, ընդհատել մեկին և մյուսին ասել` շարունակիր կամ գրավորի ժամանակ դաս հարցնել, բացառությամբ կիսամյակային ամփոփիչի), բայց չգիտեմ, հուրախություն ինձ, թե  բախտի բերմամբ, ասաց, որ նստեմ իր դիմաց: Ակնոցը հանելով ու ուսերը ձգելով` ասաց.
-Երևանից Եղեգնաձոր է եկել մանկապատանեկան կենտրոններից մեկը, ու երկուշաբթի օրվանից մեկշաբաթյա դասեր են լինելու: Դպրոցից երեք աշակերտ պետք է մասնակցեն, ես մտածում եմ, որ մեկը դու պիտի լինես, դա քո տեղն է, պետք է անպայման գնաս, քեզ համար արդեն ասել եմ տնօրենին, զանգը տա` կգնանք տնօրենի մոտ:
-Լա′վ, հասկացա′, ավելի ճիշտ, կիսատ հասկացա, ի՞նչ դասընթաց է,- քմծիծաղ տալով ասացի ես:
-Այդքան էլ լավ չեմ հիշում, բայց ոնց որ ռեժիսուրայի վերաբերյալ է:
-Լա′վ, կգնամ:

Հնչեց զանգը, դուրս եկանք դասարանից: Ես գնացի ու կանգնեցի տնօրենի սենյակի մոտ`սպասելով ընկեր Մարգարյանին: Մինչ ուսուցիչը կգար, ես մտածում էի, որ ինչ լավ է, մի շաբաթ դասի չեմ գա ու բացակա չեմ ստանա`մոռանալով, որ հաջորդ շաբաթ գարնանային արձակուրդներն են:
Լուսինեն աստիճանները բարձրանալով` ասաց ինձ , որ Եղեգնաձորում դասընթացի պետք  գնանք, իմ անունը գրել ա:
-Մարգարյանի՞ ասած դասընթացն ա,- զարմացա ես:
-Չէ′, Մարգարյանը ի՞նչ կապ ունի:

Բայց ինչպես պարզվեց տասը րոպե հետո, խոսքը նույն դասընթացի մասին էր:

Եկավ գարնանային արձակուրդը ` իր հետ բերելով երկար սպասված տաքսին, որը մեզ տարավ Եղեգնաձոր: Ուշացած ներս մտանք, ներկայացանք ու նստեցինք առաջին սեղանի մոտ:

-Նորից ներկայանամ, ես «Մանանա» կենտրոնի տնօրենն եմ` ինձ կարող եք դիմել տիկին Ռուզան, պարոն Արան` «Մանանայի» կինոստուդիայի  ղեկավարը, Լիլիթն ու Սիսակը` ֆոտոստուդիայի և անիմացիայի ղեկավարները:
Դիտեցինք կինոստուդիայի սաների կողմից պատրաստած մի քանի ֆիլմ, հետո բաժանվեցինք երեք խմբի` ըստ տարիքի: Գայանեն մեզ բաժանեց «Խաբարբզիկ» ամսագրերը: Հաջորդ օրը ժուռնալիստիկայի դասին տիկին Ռուզանին ասացի, որ «Խաբարբզիկի» համարներից այս մեկը շատ եմ հավանել, տիկին Ռուզանն էլ ասաց.
-Հավանել ես, որովհետև մենակ էդ ես կարդացել:
Ճիշտն ասած, այդ համարը խորությամբ էի ուսումնասիրել, մնացածը կարդացել էի միայն նրանք, որոնց վերնագիրը դուրս եկել էր:

Օրերը անցնում էին աննկատ, քանի որ այնքան հետաքրքիր էր դասընթացը: Միշտ մտածել եմ, որ եթե ուզում ես նյութը ավելի լավ տպավորվի, պետք է գործնական քայլեր անես, իսկ «Մանանայում» ամեն ինչը գործնական է` թե ֆոտոն, դուրս էինք գալիս նկարելու, լրագրությունը, անընդհատ նյութեր էինք գրում, իսկ մի օր, երբ Երևանից եկան Մանանայի մյուս աշխատակիցները` Մանեն ու Նորայրը, վերջինս ինձ վստահեց իր իսկ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը, որ նկարեմ, իսկ Սիսակի ու Հովնանի հետ մուլտ նկարեցինք:

Հիշում եմ նաև, որ սպասում էինք ժամը մեկին, որովհետև այդ ժամանակ տիկին Ռուզանը գալիս էր ու կիսաերգելով ասում էր` «lunch time»… Այնքան չէինք սպասում ուտելուն, ինչքան այդ «երգին»:
Այսօրվա պես հիշում եմ տիկին Ռուզանի խոսքը, որ ասաց առաջին օրը. «Դուք այսուհետ դառնում եք «Մանանայի» մեր մեծ ընտանիքի անդամ ու պիտի ձեր խոսքը ասեք ձեր իսկ գրելու, նկարելու կամ մտածելու ոճով»:

Անցավ որոշ ժամանակ, «Մանանայի» դասընթացն ավարտվել էր: Սովորական օր էր իր սովորական, բայց շոգ երեկոյով: Լսեցի հեռախոսիս զանգի ձայնը, վերցրի. Լիլիթն էր «Մանանայից» ,ասաց, որ մի քանի օրից «17.am» կայքի շնորհանդեսն է, և ինձ հրավիրում են բացմանը: Միանգամից համաձայնեցի, քանի որ ուզում էի տեսնել մյուս մանանայեցիներին (չգիտեմ «Մանանան» ինքը ինչպես, բայց ես այդպես եմ անվանում «Մանանայի» թղթակիցներին): Մարզից մի քանի թղթակիցներով գնացինք բացմանը, և Երևանում Լուսինեն ասաց, որ իմ գրած նյութերից մեկը արդեն տեղադրված է 17.am-ում`Վայոց ձոր խորագրի տակ: Ուրախացա, հասնելով տուն առաջինը նայել եմ` որ նյութն է, ու տեսա, որ դա  դասընթացի երկրորդ օրվա գրածս էր`«Ինչ անել աղբի հետ»: Հիմա եմ միայն հասկանում, որ վերնագիրը կապ չունի նյութի հետ, վերնագրում ասում եմ ինչ անել, իսկ հոդվածում ներկայացնում եմ Վայքի աղբահանության իրականացման գործընթացը: Այնտեղ հանդիպեցինք մյուս թղթակիցներին, որոնց անունները կարդացել էինք «Խաբարբզիկում»: Այդ օրը նաև ստացանք «Խաբարբզիկի» նոր համարը, այն մյուսներից տարբերվում էր նրանով, որ կար նոր էջ` նոր խորագրով. «Մեր մարզային թղթակիցները / Վայոց ձորի մարզ»:
Այն օրվանից, ինչ «Մանանան» եկավ Վայոց ձոր, մինչ այսօր աշխատում եմ «Մանանայի» ու «17-ի» հետ:

Ահա այսպես դարձա «Մանանա» կենտրոնի սան:
«Ի՞նչ տվեց «Մանանան» քեզ». ևս մեկ հարց, որը էլի տվել են:
«Մանանան» նախ ինձ տվեց ազատ արտահայտման իրավունք, շնորհիվ «Մանանայի» կարողացա մտքերս ավելի  համակարգված դարձնել: «Մանանայի» կազմակերպած մեդիա ճամբարի շնորհիվ էր, որ մեկ շաբաթ շփվեցի ու ընկերացա մյուս թղթակիցների հետ, նաև գտա ապագա կուրսեցիներիս` Միլենային, Սոսեին, Աստղիկին: Հա, մոռացա ամենակարևորը` «Մանանայի» շնորհիվ է, որ ընտրեցի ապագա մասնագիտությունս` լրագրող: Կարելի է ասել` նրանք դարձան իմ ոգեշնչման աղբույրը: Մի օր, երբ եկել էի Երևան,  նաև գնացի «Մանանա», նվեր ստացա  տիկին Ռուզանի հեղինակային «Դրախտից հյուսիս-արևելք» հրապարակախոսական գիրքը:

Ինչքան էլ անցնի, գրքի մակագրությունը կհիշեմ.«Մո′ւշ ջան, ապագա լրագրող, քեզ բարի երթ եմ մաղթում: Բարձր պահես լրագրողի պատիվը»: Կհիշեմ, քանի որ տիկին Ռուզանը առաջիններից էր, ով իմ մեջ տեսավ լրագրողի, խոստանում եմ, որ բարձր կպահեմ: Բայց կարևորը միայն այն չէ, թե ինչ տվեց ինձ «Մանանան», այլ նաև այն, թե ես ի՞նչ տվեցի «Մանանային»: Եթե ինձ հարցնեք, ապա կասեմ, որ իմ կարծիքով, դեռ ես չեմ տվել այն, ինչ ստացել եմ, բայց դեռ կհասցնեմ, արդեն որպես լրագրող:

Իսկ ո՞վ է եղել քո ոգեշնչման աղբյուրը կամ ի՞նչպես եղավ, որ դարձար մանանայեցի, ի՞նչ տվեց քեզ «Մանանան» կամ ի՞նչ տվեցիր դու նրան, գուցե պատմե՞ս, կիսվե՞ս այդ մասին:
-Հե՜յ, մանանայեցի′, քե′զ հետ եմ, սիրով կսպասեմ հոդվածիդ: