armine karapetyan

00:00

00:00, ոչինչ չպատահեց: Եթե վերջակետերը հանենք, կարելի է այն կոչել նախասկիզբ կամ մեկնարկ, ոնց կուզես: Բայց վերջակետերը դրել են զուտ նրա համար, որ աշխարհի մի անկյունում կիսաքնած պարապող մեկը հասկանա, որ օրը փոխվեց, արժի դադարեցնել ու քնել: Ասենք թե քնեց, եթե վերցնենք ողջ ընթացքը, այսինքն՝ նրա քնի տևողությունը, ու հանենք թվերի արանքում խցկված վերջակետը, որ սահմանափակում է անվերջությունը, կստանանք, որ նա մոտավորապես 8 դար, կամ որ նույնն է` 800 տարի կորցրեց դրա վրա ու չտեսավ՝ ինչպես օրինակ, հայերը հաստատեցին թագավորություններ, մոնղոլներն ու մամլուքներն իրար միս կերան, արաբները եկան, թալանեցին ու մեծ ավարով, գերիներով հեռացան, կամ ինչպես իր նման պարապող աշակերտ, որ ժամանակին լավ ուսում էր ստացել, ջանք չխնայեց ստեղծելու մի ժողովրդի գոյության անկյունաքարերից մեկը՝ այբուբենը: Ա՜յ թե ինչ կորցրեց նա այդ ութ ժամվա ընթացքում: Բայց դե մնացած 16 ժամը հո գիտի՞ ճշգրիտ օգտագործել: Գիտի, որ պարտադիր պետք է երազանք պահել 17:17-ին կամ 19:19-ին, կամ երբ ուզի: Չէ՞ որ երազանքները ժամանակ ու տարածություն չեն ճանաչում:

Մինչև պարապմունքի գնալը, օրինակ, անպայման մտաբերում է Պոլսի գրավումը (1453 թվական կամ որ նույնն է` 14:53) ու դուրս գալիս տնից, որ ավտոբուսից չուշանա:

Ինչպես այս շիլաշփոթ տողերից հասկացաք, ես պատմություն եմ պարապում: (Ի դեպ, նույն հաջողությամբ կարող էի ասել, որ 00-ից հետո դրված վերջակետից հետո գրված զրոն պիտի մեծատառ գրվեր, բայց չեմ ասի): Իրականում, օրվա բոլոր ժամերն ինձ համար ասոցացվում են ինչ-որ պատմական իրադարձությունների հետ, ու դա միշտ այդպես է եղել: Բայց ես ստիպված եմ կապանքներ դնել «բոլոր ժամեր» կոչվածի վրա, քանի որ իմ հիշողությունն ու պատկերացումը բավականացնում են մինչև  20:19-ը (2019): Դե որովետև չեմ կարող գուշակել, թե մեկ րոպե հետո՝ ավելի կոնկրետ մեկ տարվա ընթացքում, պատմական ինչ իրադարձություններ տեղի կունենան անկանխատեսելի աշխարհիս վրա: Գիտե՞ս՝ մտքովս հենց նոր ինչ անցավ: Առաջարկում եմ 2020-ի բոլոր 20:20-ներին երազանք պահել, եթե օրինակ, բոլորս միասին ցանկանանք, որ աշխարհում խաղաղություն տիրի, հաստատ կկատարվի: Ես հավատում եմ, այ դու՝ չգիտեմ:

Արդեն 23:44 է, բայց ես տխուր եմ կամ էլ անորոշ: Ինձ նորություններ ու փոփոխություններ են պետք: Ես այսօր կքնեմ 10 րոպե շուտ ու առանց վերջակետի, կամ էլ` 00:00-10: Ժամացույցիս սլաքը կշրջվի մեր թվարկությունից առաջ, ու ես կշարունակեմ կորցնել նույն 800 տարին և ևս 10 րոպե: Այս սևացրած թղթերի պարունակությունն էլ սովորությանս համաձայն կարտագրեմ, կտպեմ մի քանի օրինակից, որ, մեկ էլ տեսար,2000 տարի հետո պեղումներ իրականացնելիս բարձիս տակ գտնեն մի քանի օրինակ ու…Եսիմ:

Զգում եք, չէ՞՝ արդեն քունը հաղթել է ինձ, խառնվել պատմության հետ ու քիչ-քիչ հոգեկան աշխարհս խառնաշփոթի է մղում:

Արմինե Կարապետյան, 23:50, 2019 թվական, Երկիր մոլորակ: Բոլոր իրավունքները պահպանված են: Բարի գիշեր: