Չես կարող անընդհատ զարգացող ոլորտում տեղում կանգնած մնալ…

Զրույց երիտասարդ ծրագրավորող Ալեքսանդր Բաբկայի հետ

Պոլիտեխնիկը ինձ համար մի վայր է դարձել, որտեղ ես ամեն օր նոր, հետաքրքիր ու ոգեշնչող մարդկանց եմ հանդիպում: Ու սեպտեմբերը նաև Ալեքսանդրի հետ ծանոթությամբ էր նշանավոր: Ալեքսը իմ համակուրսեցին է, ով 17 տարեկանից Picsart ընկերությունում է աշխատում (Picsart-ի մասին դեռ առանձին կպատմեմ):

-Ալեքս ինչպե՞ս ստացվեց, որ 17 տարեկանում սկսեցիր աշխատել, այն էլ այդպիսի նշանավոր ընկերությունում:

-Երբ որ հիմնական դպրոցից հետո Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց ընդունվեցի, մտածում էի, որ ֆիզիկայով եմ շարունակելու ուսումս: Բայց ժամանակի ընթացքում հասունացավ այն միտքը, որ ուզում եմ ծրագրավորում սովորել: Ընկերներիցս մեկը ինձ ուղղորդեց, ինչի արդյունքում սկսեցի Microsoft Innovation Center-ում ծրագրավորման դասընթացների հաճախել: Այդ ժամանակ ես դեռ 15 տարեկան էի: C#-ի (ծրագրավորման լեզու) երկու մակարդակները ավարտելուց հետո պրակտիկա անցա Volo ընկերությունում: Պրակտիկայի ընթացքում հարցազրույցից և թեստից բաղկացած առաջին փուլը հաղթահարեցի, իսկ երկրորդ փուլը, որից հետո պետք է աշխատանքի անցնեի՝ չանցա, ասացին՝ փոքր ես: Մի քանի ամիս ուղղակի տանը ինձ համար զբաղվում էի, մինչև որոշեցի ուժերս Picsart-ում փորձել: CV-իս ուղարկեցի, կանչեցին հարցազրույցի, և մեկ ամիս փորձաշրջանը անցնելուց հետո պաշտոնապես աշխատանքի անցա:

-Աշխատանքի սկզբում բավարարո՞ւմ էին արդյոք ունեցած գիտելիքներդ:

-Picsart ես գնացել եմ այն գիտելիքների բազայով, որը ինովացիոն կենտրնում էի ստացել: Այսինքն՝ C#, OPP-ի բազային գիտելիքներ, Web ծրագրավորման հիմունքներ ու Asp.Net MVC-ի պրակտիկա էի անցել: Բայց ըստ իս, IT-ն այն ոլորտն է, որտեղ գիտելիքներդ երբեք մինչև վերջ չեն բավարարում: Դու անընդհատ ինչ-որ նոր բան ես սովորում: Երևի յուրաքանչյուր ծրագրավորողի համակարգչում Google search-ը օրը 24 ժամ աշխատում է, որովհետև աշխատանքային պրոցեսի ընթացքում դա ուղղակի անխուսափելի է:

-Դու քեզ թիմային խաղացո՞ղ ես համարում:

-Ես կարծում եմ, որ թիմում աշխատել իմանալը շատ կարևոր է: Որպես կանոն թիմային աշխատանքը ավելի լավ արդյունք է տալիս, քան երբ անհատական ես աշխատում: Այստեղ հավաքվում են ամենատարբեր մտածելակերպով, հմտություններով ու գիտելիքներով մարդիկ, ովքեր միևնույն գաղափարի շուրջ հավաքվելով, իրար լրացնում են, և աշխատանքը ավելի դյուրին ու ամբողջական են դարձնում: Picsart-ում թիմ հասկացողությունը կա, և ինձ հատկապես դուր է գալիս այն փաստը, որ թիմերը անընդհատ իրար հետ փոխազդում են: Եվ բացի քո թիմի աշխատանքից, դու հնարավորություն ունես հետևել այլ թիմերի աշխատանքին նույնպես: Իմ 8 հոգանոց թիմում ես միակ տղան եմ: Եվ այո, թե՛ այդ փաստը, թե՛ աշխատանքը այս թիմում, ինձ ավելի քան դուր է գալիս:

-Ո՞րն է քո դերը թիմում:

-Հեշտ չէ աղջիկների թիմում միակ տղա լինելը, պետք է բարձր տրամադրություն միշտ ապահովես: Դրա համար էլ ահավոր շատախոս եմ…

-Եթե պատկերացնենք, որ Picsart-ը չկա, այլ կազմակերպություններ կա՞ն Հայաստանում, որտեղ կցանկանայիր աշխատել:

-Բարեբախտաբար Picsart-ը կա, և անկեղծ ասած, դեռևս չկա այնպիսի կազմակերպություն, որը կնախընտրեի Picsart-ի փոխարեն: Իրականում աշխատանքի համար դիմելուց առաջ ես հստակ գիտեի, որ չեմ ուզում ձանձրալի գրասենյակում նստել, որտեղ երբեք ոչինչ չի կատարվում: Picsart-ը ոչ միայն մասնագիտական աճ է ապահովում, այլ նաև նպաստում է սեփական անձի զարգացմանը: Անմիջական ու ազատ աշխատանքային մթնոլորտ կա, որտեղ ամեն օր նոր գաղափարներ են կյանքի կոչվում:

-Ինչի՞ վրա ես հիմա կոնկրետ աշխատում:

-Մեր թիմը գրում է Picsart հավելվածը Windows օպերացիոն համակարգի համար: Մեր վերջին հզոր թարմացումն այն եղավ, որ մինչև Նոր տարի Windows-ի հավելվածը հասցրեցինք ավելի հզոր ու նոր տեսքի: Ընդհանուր ծրագրի, գործիքների որակային փոփոխություններ ենք իրականացրել և ինտերֆեյսն ենք ձևափոխել, ծրագիրը հարմարացնելով Widescreen-ներին (լայնէկրան սարքեր):

-Հե՞շտ է ուսումը և աշխատանքը համատեղելը:

-Ես փորձում եմ մաքսիմալ իմ ժամանակը աշխատանքիս տրամադրել: Հեշտ չէ, որովհետև ստիպված ես ամբողջ շաբաթվա դասերը սովորել ազատ երկու օրվա ընթացքում, էլ չասեմ` քննությունները: Ու դրա հետ մեկտեղ ուզում ամեն ինչից տեղեկացված լինել: Հատկապես իմ մասնագիտության մեջ ինքնակրթությունը չափազանց կարևոր է, որովհետև չես կարող անընդհատ զարգացող ոլորտում տեղում կանգնած մնալ: Բայց ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հասցնել:

-Ի՞նչ ես կարծում, ինչքանո՞վ կկարողանաս այստեղ քո նպատակները և գաղափարները իրագործել:

-Ես ամեն օր այստեղ ավելի շատ բան եմ սովորում, բայց նաև գիտեմ, որ ամեն դեպքում կգա մի օր, որ ուղղակի էլ աճելու տեղ չի լինի: Ու հաստատ կգա այն պահը, որ առաջ գնալու համար, պետք է սկսել սեփական գաղափարները իրագործել: