erik eghinyan

Չհուսահատվելու մասին

2016 թվականն էր, երբ ես մասնակցում էի Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի՝ Անգլերենի Աքսես Միկրոդրամաշնորհային ծրագրին: Անգլերեն մի քիչ գիտեի և որոշեցի դիմել Ֆլեքս փոխանակման ծրագրին: Մինչև դիմելը իմ երազանքն է եղել սովորել արտերկրում, ճանապարհորդել տարբեր երկրներով: Հստակ որոշել էի դիմել: Քննության օրերն արդեն մոտենում էին, և ցանկացողները պետք է քննությունը հանձնեին  տվյալ մարզի բուհում կամ դպրոցում: Մեր մարզինը, այսինքն՝ Լոռին, պետք է լիներ տեղի պետական համալսարանում:

Մենք արդեն համալսարանում էինք և պատրաստվում էինք քննությանը: Մինչև քննության սկսվելը կամավորները, ովքեր  Ֆլեքս ծրագրի շրջանավարտներ էին, կրկին անգամ ներկայացնում էին ծրագրի մասին: Մինչև բուն քննության սկիզբը հերթով յուրաքանչյուրիս հարցնում էին, թե ով որ դասարանում է սովորում և քանի տարեկան է: Մինչ ինձ հասնելը ես շատ լարված էի, որովհետև սովորում էի 12-րդ դասարանում և տեղյակ էի, որ հնարավոր է խնդիրներ առաջանան զինվորական ծառայության հետ կապված, չնայած ես մեկ տարի ավել ժամանակ ունեի և կհասցնեի: Հերթը հասավ ինձ, և ես պատասխանեցի, որ սովորում եմ 12-րդ դասարանում և մեկ տարի ավել ժամանակ ունեմ ու կարող եմ մասնակցել, անցնելու դեպքում սովորել ամերիկյան ավագ դպրոցում, ավարտելուց հետո հետ գալ և հարկ եղած դեպքում զորակոչվել բանակ: Փոխանակման ծրագրի տնօրենը ասաց, որ դա ընդհանրապես կապ չունի, եթե չունեմ համապատասխան թուղթ, ուրեմն ազատ եմ: Ես շատ հիասթափված դուրս եկա այդ սենյակից և միջանցքում անմխիթար վիճակում սպասում էի մեր համայնքի երեխաներին: Միջանցքում հանդիպեցի մի աղջկա, ում ճանաչում էի կրկին Հայաստանի Մանուկներ Հիմնադրամից, բայց այս անգամ բանավեճի խմբակից: Իրենց գյուղի բանավեճի թիմի հետ շատ էինք բանավիճում: Մոտեցա, բարևեցի, հարցրեցի, թե ինչպես է: Նա նույնպես եկել էր մասնակցելու Ֆլեքս ծրագրին: Երկուսս էլ անելանելի վիճակում էինք. ես մեծ էի, իսկ նա փոքր: Այդպես կարծես իրար գտանք, քանի որ նույն իրավիճակում էինք գտնվում: Զրուցում էինք մեր հետաքրքրություններից և տարբեր թեմաներից: Հիացել էի նրա բանիմացությամբ: Մինչ այդ հանդիպումը մենք ուղղակի բանավիճողներ էին և հակառակորդներ, այդ հանդիպումից հետո մենք դարձանք ընկերներ: Հիմա էլ շարունակում ենք շփվել թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս: Երբեք չենք մոռանում այդ օրը՝ հուզված և տխուր: Սակայն դրանից հետո մենք ավելի գոտեպնդվեցինք, հիմա էլ շարունակում ենք սովորել ու առաջ գնալ, բայց միշտ հիշում ենք և մեր ականջին օղ ենք անում, որ երբե՛ք չպետք է հուսահատվել: Մեկ դուռ փակվում է, մեկ ուրիշը` բացվում: