Չուղարկված նամակ

Երբ ես, դու ու մաման հայտնվեցինք կյանքի ցուրտ ոլորաններից մեկում, ես ու դու, բնականաբար, շատ քիչ բան էինք գիտակցում, քան նա։ Ես մեծն էի, մաման աշխատում էր, իսկ դու ժպտում՝ ինչպես միշտ։ Ես անգամ ձվածեղ պատրաստել չգիտեի, ես ընդամենը երկրորդ դասարանցի էի։ Ճիշտ է, մինչև օրս էլ իմ խոհարարական հմտությունները սրտովդ չեն, բայց քեզ էլ եմ հասկանում՝ տառապանքդ փորձ ունի։
Դու մեծացար շատ դանդաղ, բայց հիմա անգամ չեմ էլ հասկանում, թե ինչպես ժամանակը թռիչք գործեց։ Դու համառ էիր, ինքնասածի, ծանր ու մեծ երեխա։ Դու չէիր սիրում, երբ քեզ համբուրում էին, դու չէիր սիրում, երբ քեզ գործի էին դնում։ Դու սիրում էիր ծաղիկներ, ինքդ էլ հոգ էիր տանում մեր փոքրիկ բնակարանի բուսականության մասին, դու սիրում էիր կենդանիներին՝ անչափ։ Բայց դու էլ, մաման էլ ալերգիկ էիք, և ձեր ինքնազգացողությունը վատանում էր, երբ շփվում էիք կենդանիների, բույսերի, փոշու հետ, ինչը բարդացնում էր ձեր կյանքը՝ մանավանդ Ամասիայում ապրելու տարիներին։

Քեզ սիրում էին բոլոր կենդանիները։ Հիշում եմ, երբ մի փոքրիկ շան քոթոթ հետևիցդ ընկել ու եկել էր տատիկենց տուն, իսկ մենք, չցանկանալով, որ պապիկը նրան տանի կորցնի, փակեցինք նրան տատիկի մեծ փայտյա սնդուկի մեջ, որպեսզի պապիկը չգտնի: Շանը պապիկը մի քանի օր անց հայտնաբերել էր համարյա շնչահեղձ ու հազիվ կյանքն էր փրկել, բայց մենք հո դա չէի՞նք ուզում, չէ՞։
Դու մի շաբաթում կարդացիր այն մի քանի հաստափոր հեքիաթների գրքերը, որոնք նվեր էիր ստացել ծննդյանդ օրը։ Մի քանի օրում հավաքեցիր 2000 կտորից բաղկացած խճանկարը, որը մաման էր քեզ նվեր գնել Երևանից։ Դու մեր տարիքի երեխաներից ամենաֆանտաստիկն ես եղել ինձ համար միշտ։

Ես մեծն էի, ես պատասխանատվություն էի կրում երկուսիս համար: Ես հաճախ էի բարկանում քեզ վրա, հաճախ նախատում էի, հետո սկսում խոսել քեզ հետ, որ հասկանանք մեր սխալները։ Մենք ամենափոքր տարիքից քայլում էինք ձեռք-ձեռքի տված, ես փողոցի կողմից՝ դե մեծն էի, քեզ պաշտպանում էի։ Ու նոր եմ հիշում, որ այս վերջին մի քանի տարում դու հրում էիր ինձ, կանգնում փողոցի կողմից: Արդեն դո՛ւ։ Հիմա դու ծառայության ես անցել ՀՀ Զինված Ուժերում և հեռու ես մեզանից, իսկ նպատակդ նորից պաշտպանելն է, բայց այս անգամ ոչ միայն ինձ ՝ այլև մեր բոլոր հայ ընտանիքներին:
Մենք խաղում էինք տանը, այն դարձնելով պատերազմի դաշտ, բայց դա մինչև ժամը 4-ը, մենք դեռ այդ ամենը պետք է հավաքեինք, թե չէ, մաման ժամը 5-ին գար տուն ու տեսներ՝ մենք կպատժվեինք օրենքի ողջ խստությամբ՝ «Իսկ եթե ձեզ վնաս տայի՞ք»։
Ես իսկապես ցավում եմ, որ իմ կոպիտ բնավորության պատճառով, ինչ-որ պահ ստիպեցի քեզ մտածել, թե կարող է քեզ նախանձում եմ, որ քեզ այդքան սիրում են բոլորը։ Բայց ինչպե՞ս կարող էիր դու նման բան մտածել։

Ես ուզում եմ, որ դու լինես աշխարհում ամենաերջանիկ մարդը, ուզում եմ դա սեփական բարօրությունիցս առավել։ Դու իմ մի մասնիկն ես, ես երբեք իմ անունը առանց քոնի չեմ պատկերացրել։ Դու իմ ճանաչած ամենազգայուն և ամենալուրջ, ամենահոգատար և ամենաամուր երեխան ես եղել, ու մինչև օրս էլ այդպիսին ես։ Դու ինձ համար ամենատաղանդավորն ես և ամենախելացին։ Դու ինքնամփոփ էիր, քչախոս և լուրջ։ Կամակոր և եսասեր չէիր որպես տան փոքր: Մենք կիսել ենք ամեն ինչ երեք մասի՝ ինձ, քեզ, մամային: Մենք ծիծաղում էինք, տխրում միասին, միասին որոշում մեր ընտանիքի ֆինանսական ելքն ու մուտքը, պլանավորում ծախսերը: Ես կարոտում եմ մեզ: Հիմա դու հեռու ես 700կմ-ից ավելի։ Հեռավորակարոտախտ՝ ընդամենը։
Չնայած մեր հարազատներն անընդհատ ամեն ինչ անում էին, որ մենք չզգանք մեր թանկ մասնիկի բացակայությունը, բայց այդ ջանքերը երբեք էլ չօգնեցին մեզ, առավել ևս՝ քեզ։ Դու մեծացար անկախ մեր կամքից, փոխվեցիր արտաքնապես, բայց ներքուստ դու այն մաքուր ու համով երեխան կմնաս միշտ։

Դու սիրում ես կյանքը, դու ապրում ես այն ու զարմանում ամեն հրաշքով: Դու գնահատում ես առավոտներդ ու փոքրացած հագուստդ։ Փոքր ժամանակ ասում էիր՝ Հարություն – խայտառակություն։ Բայց թույլ տուր ասեմ՝ Հարություն- հպարտություն, ուրախություն և…

Շուտ հետ արի, լա՞վ։ Ես այս երկու տարում չեմ սովորի սեղան գցել երկուսի համար, միշտ բերում եմ երեք ափսե, երեք բաժակ, երեք պատառաքաղ, դնում երեք աթոռ: Առանց քեզ մեր սիրելի ուտելիքները այդքան համեղ չեն, առանց քեզ տատիկենց տան ճանապարհը երկար է, առանց քեզ ստիպված ես եմ փոխոոմ մեր ջահերի լամպերը:

Լավ դե, գնամ: Իմացիր, արդեն լիքը կարոտել եմ, ամուր գրկում եմ և ուզում եմ այդտեղ շատ չփռշտաս, թե չէ թույլ տեղդ կիմանան: