astghik ghazaryan

Պապ ու թոռ

-Պապի’, հարյուր դրամ կտա՞ս:
-Չէ’, բալա’ ջան, տասը դրամ էլ չունեմ:
Ամեն անգամ, երբ պապիկից փող էինք ուզում, այսպիսի պատասխան էինք ստանում: Բայց երբ քույրս` Մարիամն էր ուզում, հարյուր դրամի տեղը երկու հարյուր էր տալիս:
Երկար ժամանակ մենք այս մասին չգիտեինք, բայց երբ իմացանք պապիկի ու Մարիամի «մութ գործերի» մասին, իհարկե, սկզբում խանդեցինք. ո՞նց թե, պապիկը մեզ ասի`չէ, Մարիամին` հա, ու մի բան էլ ավե՞լ տա:
Բայց շուտով մեզ մոտ մի խորամանկ միտք հղացավ. ամեն անգամ, երբ փող էր պետք լինում, ոչ թե մենք էինք գնում պապիկից ուզելու, այլ Մարիամին էինք ուղարկում: Պապիկն էլ իր սովորության համաձայն կրկնապատիկն էր տալիս: Իսկ Մարիամը կեսը մեզ էր տալիս, մյուս կեսը իր գրպանը դնում: Լավ էինք չէ ՞ մտածել:
Շատ էր պատահում, որ Մարիամն ու մեծ քույրս` Անուշը, որոշում էին միասին փող հավաքել: Վերցնում էին տարա, անցք էին բացում, և ում մոտ որքան փող էր լինում, գցում էին մեջը: Այսպես շաբաթներ շարունակ: Բայց ամեն անգամ նրանք առանց լուրջ պատճառի կռվում էին, վերջն էլ լինում էր այն, որ բացում էին տարան, ու ամեն մեկը վերցնում էր իր ներդրած գումարը: Արդյունքում, Անուշը մնում էր ձեռնունայն, որովհետև երբ Մարիամը վերցնում էր իր փողը, տարայի մեջ մնում էր մի երկու կոպեկ: Ու երևի Անուշը մտքում պապիկին էր մեղադրում:
Իհարկե, պապիկը յոթ թոռներիս էլ շատ էր սիրում, բայց, ինչպես հասկացաք, ամենից շատ սիրում էր Մարիամին: