Պատերազմը ձեռքեր ունի

Պատերազմը ձեռքեր ունի, բայց չի սրբում զինվորի արցունքը, երբ նա կորցնում է ընկերոջը, այն միայն խեղդում է կարոտը, փշրում երազանքը: Նրա փամփուշտների ոռնոցն էլ ամբողջովին խլացնում է կենդանի և անկենդան էակներին: 

Մեր լեռները լսողություն ու տեսողություն ունեն: Դրանք ավելի շատ տեղեկություններ են կրում իրենց մեջ, քան բոլոր ժամանակների արձանագրությունները: Ականջդ մոտեցրու սովորական քարի. լսո՞ւմ ես պատերազմի ձայնը, զգո՞ւմ ես  պատերազմի հոտը…Այո՛, պատերազմն էլ հոտ ունի՝քրտնքի, արյան ու հողի… Այս հողի վրա քայլելիս հաճախ չես էլ մտածում, որ տարիներ առաջ այստեղ՝ ձյան բարակ շերտի վրա, ընկավ մի զինվոր՝ արյան գույնը շաղախելով ձնծաղիկի նուրբ երանգների հետ, իսկ ձնծաղիկները հաճախ էին գունավորվում հայաստանյան կարմիրով: Ահա նորից գնդակ՝պատերազմի անգութ հրացանից արձակված… Քանի ազգ է վերացել այդ գնդակի ոռնոցից ՝դժվար է հիշել, քանի անմեղ զոհ, քանի անավարտ կյանք, քանի անկատար երազանք…
Ամեն ինչ նորից քաոսային էր, երիտասարդները նույնիսկ չունեին հնարավորություն կյանքին վարդագույն ակնոցով նայելու: Քաղաքը ընկղմված էր սև ճահճի մեջ: Ճահճի անունը պատերազմ էր: Պատերազմ  էր ամենուրեք, ամեն ինչ ներծծված էր պատերազմական սև նյութով:
Արամն էլ էր մնացած տասնիննամյա տղաների պես. կիսատ թողած ուսում ու օդից կախված հարց՝ հայրենիք: Միակ տարբերությունը այն էր, որ նա ուներ ընտանիք ու մի տղա: Որդու ծննդից երկու օր հետո Արամը սկսեց հասկանալ «հայրենիք» բառը ամենալայն իմաստով, սկսեց «ըմբոշխնել» հայրենասիրությունը՝ խրամատում կանգնած: Հենց խրամատում կանգնածներն են ամենամեծ հայրենասերները, իսկ ընկածները՝ամենամեծ հերոսները: Այո՛, հենց ընկածներն են տեսնում հաղթանակը, նույնիսկ պարտության դեպքում:
Սահամագլխին կանգնած Արամը հոգով ընտանիքի հետ էր, սրտով ու արյունով` կառչած հայոց հողին: Վերջին ժամանակներում ձեռք բերած ընկերներին Արամը կորցնում էր՝ սև հրեշի պատճառով: Նրան տագնապահար էր անում այն միտքը, որ մի օր էլ հայրենասերը կդառնա հերոս՝ հայրենիքի սահմանը արյունով գծած հերոս: Ու երեկոյան մի փոքրիկ վրանում, երբ բոլորն արդեն քնած էին, Արամը վերցնում է գրիչ և թուղթ և…
«Հերոսից՝ որդուն.
Գիտեմ՝ մոտենում է հերոսացման ժամը, որդի՛ս, արյունով գծածս կպահես պատվով…»:
Արամը, որ հիմա կրում է հերոս հոր անունը, արդեն քսան տարեկան է: Այսօր նա որոշել էր այցելել այն վայրերը, ուր տարներ առաջ մի խրամատի մեջ հայրը առաջին ու վերջին նամակը գրեց իրեն… Ամեն ինչ հիմա այլ է, միայն ձնծաղիկներն են դարձյալ բացվել…
Պատերազմը հրեշտակ ծնող հրեշ է: Իսկ ցավալին այն է, որ հրեշտակը հեշտությամբ է հասկանում այդ գորշ հրեշին: