valentina

Պատուհանները փակում են, իսկ ճանապարհները` բացում

-Ախր, պա՛պ, ես մեղք չունեի: Ես խելոք կանգնած էի, պատուհանը կոտրվեց: Ինչի՞ չես հավատում ինձ:

-Իսկ, որ ճամփան փակվել էր, աշխատանքային մեքենաները, որոնք ապրանք էին տեղափոխում, մնացել էին ճանապարհի կեսին, էլի՞ դու մեղավոր չէիր:

-Ե՞ս: Հա, բայց ես էդ ժամանակ տանն էի:

-Պարտադիր չի, որ դու էնտեղ լինեիր: Դու տանից էլ ես «տեռոր» կազմակերպում:

Լռեցի:

-Լավ, պատուհանն ու մեքենաները դնենք մի կողմ: Բա էն խեղճ երեխան քեզ ի՞նչ էր արել:

-Պա՛պ, մի բան կա, որ դու չգիտես:

-Հիմա ի՞նչ ես արել:

-Պա՛պ, ապերը երեխա չի: Ինքը աբորիգեն ա:

-Դե վերջացրու: Ինձ թվում ա էն տարիքին չես, որ ասեմ՝ չի կարելի: Մեծ երեխա ես: Դու փոխանակ օրինակ ծառայես քրոջդ ու եղբորդ համար, կորցրել ես ժամանակի զգացողությունը,- լսվեց հորս զայրացած ձայնը:

-Լավ, պա՛պ: Մենակ մի՛ ջղայնացի, մի՛ջղայնացի, էլի,- վախից կուչ եկած սկսեցի հարթել իրավիճակը:

-Թե, էս մեքենան ինչի՞ փչացավ:

-Գուցե, յուղը չե՞ս փոխել:

-Հը՞ն:

-Թե՞ էդ չէին փոխում:

-Խելոք կարո՞ղ ես նստել, գնամ մարտկոցը ստուգեմ ու գամ: Ուշադիր նայելու եմ ընթացում: Խելոք նստի՛ր:

-Հա վա՜յ, ոնց որ չգիտես, թե ինչքան համեստ, անմեղ, հնազանդ երեխա եմ ես:

-Տանը, տեռորիստ ենք մեծացնում, ասում ա ` հնազանդ,- դժգոհելով մեքենայից դուրս եկավ հայրս:

Արդեն 2 ժամ էր, ինչ անշարժ մնացել էինք մայթին, որովհետև մեքենայի շարժիչը որոշել էր չաշխատել: Հայրս անընդհատ փորձում էր հասկանալ պատճառը, իսկ ես օգտվում էի ազատ ժամանակից ու մի լավ նրա գլուխը տանում: Որովհետև, չկա աշխարհում ավելի լավ հանգստի տարբերակ, քան ազատ ժամանակդ ընտանիքիդ հետ անցկացնելը:

-Չէ, մարտկոցն էլ չէր,- տխուր վերադարձավ հայրս,- սպասենք մինչև այլ մեքենա գա, մեքենան չի շարժվում:

-Ոչինչ, պա՛պ: Տես, ի՜նչ եմ գտել քո մեքենայի միջից: Էսպես սեղմում եմ, էսպես ա լինում, հետո էստեղից սեղմում եմ, էսպես ա լինում:

-Մանր ավտոմաս էր` օգտագործման ենթակա: Ջարդեցի՛ր: Ափսոս, դրա երջանկությունը սեղմելու մեջ չէր, այլ օգտագործման:

-Ի դեպ, շատ անորակ ապրանք էր: Ի՞նչ ես կարծում, ինչի՞ են արտադրում նման անորակ ապրանքներ, որոնք մի հատ սեղմելուց պիտի կոտրվեն:

Լուռ էր:

-Շատ ճիշտ ես, պա՛պ: Ոնց չէի մտածել, ախր: Անիմաստ են արտադրում, զուտ շահի համար:

Էլի լուռ էր:

-Ինձ թվում է, պետք է ճիշտ մատերիալ ընտրեն, քե՞զ էլ, չէ՞: Դիմացկուն չէր մատերիալը:

Անարձագանք:

-Ես էլ եմ քեզ հետ համաձայն, պա՛պ: Իհարկե, ամեն ինչ մատերիալից է կախված:

Անպատասխան:

-Պա՛պ, պա՛պ, մոռացել էի լրիվ: Ուղարկածս վերջին նյութը տեսա՞ր:

-Շատ սուբյեկտիվ էր: Լրագրողը պիտի օբյեկտիվ լինի: Ինչի՞ ես հեղինակավոր կարծիքդ ամբողջ տեսանյութի մեջ «պտտել»:

-Ա՜, նույն սխալը երկրորդ անգամ եմ անում:

-Բա, մի արա: Եթե գիտես սխալ ա, մի արա: Ես պատկերացնում եմ, եթե թափառական շների մասին ռեպորտաժ նկարեիր, ինչ պիտի անեիր:

-Ո՞ւ:

-«Պետք է անխնա վառել բոլոր շներին: Դրանք ոչնչի պիտանի չեն: Միայն վնաս են պատճառում: Վառել: Վառել: Վառել:» Վստահ եմ, հենց էսպիսի վերնագիր պիտի ունենար:

-Է՜, պա՛պ, էդպես մի ասա: Մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ:

-Լավ, բայց միայն նյութ պատրաստելիս չէ: Դուռ, պատուհան, տուն, ճանապարհ փակելիս էլ: Ու առհասարակ:

-Անգամ անանուն իրերի ձեռք տալուց:

-Անգամ …

Շարքը կշարունակվեր, եթե մեքենայի շարժիչը չսկսեր աշխատել: Ի՜նչ լավ է, գոնե մեքենայի շարժիչը իմ կողմից է: