«Պարը միակ միջոցն է, որ օգնում է ինձ հաղթահարել ամեն ինչ»

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Հուլիսի 1-ին Սպիտակի մշակույթի տանը շատ գեղեցիկ տոնական համերգ էր կազմակերպվել: Բեմում «Էլ-Էժ» պարային համույթն էր: Ներկա էին նաև այլ պարային համույթներ, որոնք եկել էին իրենց կատարումներով շնորհավորելու «Էլ-Էժ»-ին: Համերգը լի էր անակնկալներով, ինչպես նաև պարգևներով: «Էլ-Էժ»»-ի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Մելինե Ղազարյանը արժանացավ պատվոգրի Հայաստանի պարարվեստի գործիչների միության կողմից, իր սաների կողմից: Ինքն էլ շնորհավորեց իր սաներին՝ արժանացնելով նրանց պատվոգրերի ու շնորհակալագրերի: Բեմում տարբեր պարերի հրավառություն էր, իսկ ետնաբեմում՝ հուզմունք ու հպարտություն: Մասնակցում էին հին ու նոր սաները՝ ամեն պարի հետ արթնացնելով իրենց հիշողությունները այդ պարերի շնորհիվ ունեցած հաղթանակների ու լավ պահերի մասին: Պարերից մեկը անցած տարի ներկայացվել էր նաև Ֆրանսիայում ու մեծ հիացմունքի արժանացել: Փորձերին ու համերգին ներկա գտնվելով՝ այդպես էլ չհասկացա՝ երեխանե՞րն են ավելի հուզված, թե՞ պարուսույցը: Պետք էր ներկայացնել չորս տարվա քրտնաջան աշխատանքը. պատասխանատվությունը մեծ էր:

«Էլ-Էժ» պարային համույթը հիմնել է Մելինե Ղազարյանը և այժմ էլ համույթի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցն է: Ժամանակին ես էլ եմ եղել նրա սաներից ու տեսել եմ այն մեծ աշխատանքը, որը նա կատարում է, զգացել եմ այն մեծ սերն ու ջերմությունը, որ նա նվիրում է յուրաքանչյուրին: Ու այդ հուզիչ պահից առաջ ցանկացա մի զրույց ունենալ նրա հետ, որի ժամանակ էլ ինձ պատմեց իր անցած ուղու, պարարվեստի հանդեպ ունեցած անսահման սիրո, դժվարությունների ու իր ձգտումների մասին:

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

-Մի փոքր պատմեք Ձեր մանկությունից, ինչպե՞ս սկսեցիք պարով զբաղվել, որտե՞ղ էիք պարի հաճախում: 

-Իմ պարի գնալն էլ շատ հետաքրքիր ստացվեց. բացվեցին կարատեի ու պարի խմբեր: Պարի խմբի մասին լսել էի, բայց ուշադրություն չէի դարձրել, որովհետև էդ ժամանակ հայկական պարեր առանձնապես չէի սիրում: Որոշեցի գնալ կարատեի, ու մի անգամ պատահականորեն, թե ճակատագրի բերումով՝ հայտվեցի պարի խմբում: Ինձ շատ հետաքրքրեց պարապմունքը: Սկսեցի իրենց հետ փորձել, այդ ժամանակ քոչարու շարժումներ էին սովորում, սկսեցի պարել, ու խմբի պարուսույցը՝ ընկեր Կարինեն, ում ես պարտական եմ ինձ՝ հայկական պարի հանդեպ սերն ու ունեցածս զգացողությունները պարգևելու համար, նկատեց, որ լավ եմ պարում, գովեց ինձ: Արտաքինով ռուսի նման էի, ընկեր Կարինեն հարցրեց, թե արդյոք ռուսական արմատներ ունե՞մ, ու երբ ասացի, որ ունեմ, ավելի շատ սկսեց գովել՝ ասելով, որ ռուսական արմատներ ունենալով՝ հայկական պար լավ եմ պարում: Նրա խոսքերն իմ մեջ արթնացրին սերը դեպի պարը: Պարապմունքներին գնացի շա՜տ մեծ սիրով ու չեմ փոշմանել, որ այս ուղին եմ ընտրել:

-Ինչպե՞ս որոշեցիք պարուհի դառնալ: 

-Պարուհիներին նայելը, պարերի մասին ֆիլմեր նայելն ինձ շատ էին ոգևորում: Աղջիկների՝ զուգափայտի մոտ աշխատելն ինձ ապշեցնում էր, իսկ այս ուղղությունն ընտրելը երազանք էր թվում: Հետո իմ պարուսույց ընկեր Սեյրանը ևս նկատեց իմ մեջ այդ պոտենցիալն ու խորհուրդ տվեց շարունակել պարի ուղղությամբ:

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

-Ի՞նչպես արձագանքեց Ձեր ընտանիքը պարուհի դառնալու որոշմանը: 

-Շատ դժվար էր: Մեր մենահամերգից առաջ հայրս որոշել էր, որ ես էլ չեմ գնալու պարի, որովհետև արդեն մեծացել եմ: Մեր մենահամերգի օրը, հայրս տեսավ ինձ՝ որպես մենապարուհի, տեսավ իմ պարը… Ես նկատել եմ նրա արցունքները: Դրանից հետո նա ինձ պարը թողնելու մասին ոչ մի խոսք չասաց: Սակայն երբ հստակ որոշեցի պարի ուղղությամբ գնալ, ծնողներս դժվարությամբ ընդունեցին դա, որովհետև մտածում էին, որ պարն ապագա չի, դա ինձ համար լավ մասնագիտություն չի կարող դառնալ: Բայց ես համառ էի ու ասացի, որ բացի պարից ինձ ուրիշ ոլորտում չեմ պատկերացնում: Շատ լավ եմ սովորել դպրոցում, բայց ինձ համար որպես մասնագիտություն պարն եմ տեսել միայն:

-Ձեր մասնագիտություններից առաջինը պարն է, ինչպե՞ս ստացվեց, որ սովորեցիք նաև հոգեբանություն և մատնահարդարում: 

-Պարարվեստի ուսումնարանն ավարտել եմ Երևանում 2005 թվականին, ու մինչև 2012 թվականը, երբ ընդունվեցի Վանաձորի մանկավարժական (այժմ՝ Վանաձորի պետական) համալսարան, աշխատել եմ պարարվեստի ոլորտում: Այդ ժամանակ պարն այնքան զարգացած չէր, ինչքան այսօր, ես մտածում էի, որ դա ֆինանսական կայունությունս չի ապահովի, և ինձ պետք է երկրորդ մասնագիտություն, որը կհամատեղեմ առաջինի հետ: Միշտ սիրել եմ հոգեբանությունն ու բավականին մեծ դժվարությամբ էլ ընդունվել եմ համալսարան, նույնիսկ ստիպված եմ եղել աշխատանքից դուրս գալ: Երրորդ մասնագիտությունս էլ եմ սիրելով ընտրել: Նաև արտերկրում ապրելու մտադրություն ունեի և մտածեցի, որ կարող եմ երկու մասնագիտությամբ էլ աշխատել: Այնտեղ գրաֆիկն ավելի հստակ է, ու ազատ ժամանակ ևս լինում է, իսկ ես չեմ կարող նույնիսկ մեկ օր պարապ մնալ:

-Երեխաների հետ աշխատելիս ինչքանո՞վ է Ձեզ օգնում հոգեբանի մասնագիտությունը: 

-Յուրաքանչյուր մանկավարժի, կապ չունի՝ նա դպրոցում է աշխատում, թե մասնավոր աշխատանքով է զբաղված, երեխաների հետ աշխատելու համար որոշակի հոգեբանական հատկանիշներ են պետք: Շատ կարևոր է հասկանալը՝ դու երեխաների հետ կարող ես աշխատել, թե ոչ: Ամեն երեխա անհատական մոտեցում է պահանջում: Չկա մեթոդ, որով կարելի է բոլորի հետ աշխատել: Պետք է գիտակցել յուրաքանչյուր երեխայի հոգեբանությունը, որ կարողանաս հասնել նրա հետ կապված նպատակիդ: Չնայած, որ գործի մեջ խիստ եմ, երեխաների հետ փորձում եմ ընկերական շփում ունենալ, երբեք չկոտրել նրանց ու միայն առաջ մղել:

-Պատմեք Ձեր համույթից, ինչպե՞ս ստեղծվեց այն: 

-2005 թվականին պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո ես եկել եմ Սպիտակ ու հենց այդ տարվանից էլ աշակերտներ եմ ունեցել: Առաջին տարում երեք աշակերտ եմ ունեցել: Սպիտակում մնալը շատ դժվար էր ինձ համար, որովհետև առաջարկ ունեի մնալ Երևանում, պարել խմբի կազմում ու աշակերտներ ունենալ, բայց հրաժարվել էի: Ու երբ հասկացա, թե ինչ եմ կորցրել, դժվար էր ինձ համար, բայց ինձ ոչինչ չկոտրեց ու չհիասթափեցրեց: Սկսելով երեք աշակերտից՝ այսօր արդեն բավականին մեծ խումբ ունեմ, որի հետ շուրջ չորս տարի է, ինչ աշխատում եմ: Խմբի անվանումը «Էլ-Էժ» է, ֆրանսերեն բառ է, որը նշանակում է էլեգիա. ընտրել եմ՝ որպես երաժշտական տերմին: Խմբում ներառված են 5-ից 14 տարեկան երեխաներ: Իմ խումբը հիմնականում ներկայացնում է տարբեր ազգերի, տարբեր ոճերի պարեր:

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

-Դժվար չէ՞ արդյոք այդ երեխաների հետ աշխատանքը, համերգներին պատրաստվելն ու, վերջիվերջո, այդ ամենի համար գումար հայթայթելը: 

-Հեշտ չէ այն առումով, որ մեծ քաղաքում մեծ մրցակցություն կա, երեխաների հոգեբանությունն էլ է ուրիշ, ուզում են մեկը մեկին հասնել, կամ գոնե նույն մակարդակի վրա լինել, ու ձգտումը դրանով ավելի մեծանում է: Այստեղ էլ կան խմբեր, պարուսույցներ կան, բայց երեխաների հոգեբանությունն այլ է: Ես միշտ փորձում եմ առավելագույնս տալ, շատ աշխատել ու այնպես անել, որ աշխատանքի արդյունքը տեսանելի լինի: Մենք բազմաթիվ փառատոների ենք մասնակցել, բավականին փորձ ունենք, երեխաները հոգեբանորեն էլ են պատրաստ բեմում ելույթ ունենալուն: Այս պահին մեզ մեծապես աջակցում է Ապիտակի ԵՄՔԱ-ն (Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա), որտեղ էլ մենք անցկացնում ենք մեր պարապմունքները: Ճիշտ է, մենք ԵՄՔԱ-ի խմբակ չենք, բայց այն մեզ աջակցում է: Այսօր մեր մենահամերգի կայացման գործում քաղաքապետի ու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչի աջակցությունը ևս ունենք. ազատ օգտվում ենք մշակույթի պալատից, ինչի համար նույնպես շնորհակալ եմ:

-Պատմեք Ձեր կայանալիք մենահամերգի մասին: Ի՞նչ պարեր են ներկայացվելու: 

-«Էլ-Եժ» պարային համույթը ներկայացնելու է հայկական ժողովրդական, ազգագրական ոճերի պարեր: Պարերի մեծ մասը նոր պետք է ներկայացնենք հանդիստեսի դատին: Միջոցառմանը մասնակցելու է ԵՄՔԱ-ի «Թենսինգ» խումբը, որն էլ կներկայացնի իմ բեմադրած շվեյցարական պարը և նաև մի պար՝ իրենց կողմից բեմադրված:

-Ինչպիսի՞ն է հանդիսատեսն այստեղ, ի՞նչ սպասումներ ունեք: 

-Հուսամ մեր խստապահանջ հանդիսատեսը արդար կգտնվի ու որոշ հարցերում էլ՝ ներողամիտ, որովհետև սա մեր առաջին լուրջ բեմն է, և երեխաների մեջ վախը կա, բայց հուսով եմ հանդիսատեսի ջերմությունը զգալով՝ նրանց հուզմունքն ու լարվածությունը կանցնի:

-Ո՞րն է Ձեր նախընտրած պարի ոճը: 

-Ես պաշտում եմ դասական պարը: Յուրաքանչյուր պարի հիմքը դասականն է: Ես գտնում եմ, որ եթե մարդը տիրապետում է դասական պարին, ապա յուրաքանչյուր ոճով էլ կարող է պարել:

-Պարով զբաղվելիս խանգարող հանգամանքները շատ են լինում, անգամ նաև վնասվածքների տեսքով: Ի՞նչն է օգնում հաղթահարել բոլոր դժվարությունները: 

-Միանշանակ պարի հանդեպ ունեցած սերը: Ես առանց պարի ինձ պարզապես չեմ պատկերացնում: Ինձ համար միշտ առաջնայինը պարն է եղել ու այդպես էլ կմնա: Ուր էլ գնամ՝ առաջինը որպես պարող պետք է կայանամ: Կյանքում հայտնվել եմ ամենաբարդ իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար պարը միակ միջոցն է եղել, որ օգնել է հաղթահարել ամեն ինչ:

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր երազում են այս ոլորտում նվաճումներ ունենալու մասին: 

-Նրանք, ովքեր կընտրեն պարը՝ որպես մասնագիտություն, երբեք չպետք է ընկճվեն, մտածեն, թե աշխատանք չենք գտնի, կամ դժվարությունները շատ կլինեն: Ձգտելու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է, ուղղակի պետք է սիրել, երբեք չկոտրվել, լավատես ու համառ լինել: