Վանեվան

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Վանեվան անվամբ Գեղարքունիքի մարզում կա և՛ համայնք, և՛ վանքային համալիր: Դրանք երկուսն էլ հարակից են Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և գտնվում են միմյանցից շուրջ 20 կմ հեռավորության վրա: Չշփոթելու համար պարզապես պետք է հիշել, որ վանքային համալիրը գտնվում է Արծվանիստ գյուղի հարավ-արևելյան եզրին: Հնում գյուղը փոքր է եղել և, Ստ. Օրբելյանի վկայությամբ, կոչվել է Վանեվան, ապա Կթանոց, հետագայում՝ Ալուչալու: Արծվանիստ է անվանվել 1968 թ.-ին:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Վանքային համալիրը եզերված է ժայռերով, կողքով հոսում է գետակը, որի շրջակայքի կանաչ խոտն ու բարդիները, համալիրի բարեկարգված ու ընդարձակ բակը, տեղադրված նստարաններն ու  մշտահոս ցայտաղբյուրները այցելուներին տրամադրում են հանգստի ու խաղաղության:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Չնայած սա իմ երրորդ այցելությունն էր Վանեվան, բայց  միևնույն է,  տարածքի պատմական ու բնական  միջավայրը շարունակում են գերել: Համալիրի ձախ կողքին կառուցված է հուշաքար՝ նվիրված գյուղի զոհված զինծառայողների հիշատակին:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Այցիս պահին վանական համալիրի ներսում արձագանքվում էր Տեր Տիրատուր քահանա Հակոբյանի երգը: Իմ խնդրանքով նա մանրամասներ պատմեց Վանեվանի մասին: Վանեվանը կառուցել են հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին և նրա քույրը՝ Սյունյաց իշխանուհի Մարիամը՝ 903 թվին: Այն շինված է կոփածո և սրբատաշ քարերով: Ներքուստ խաչաձև է, ունի ութկողմանի գմբեթ: Շապուհ Բագրատունին վանքին նվիրել է նաև 5 գյուղեր և ջրաղացներ: 980-ական թթ. վանքը նորոգել, պարսպապատել և, հավանաբար, երկու եկեղեցիների միջև գավիթը կառուցել է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդին՝  հետագայում՝ Գագիկ Ա թագավորը:

Վանքն ունեցել է իր գերեզմանատունը, որը գտնվում է արևելյան կողմում բարձրացող ժայռի գլխին:  Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ վանքի տարածքում է թաղված նաև 914 թ. արաբական արշավանքի հետևանքով զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, և ոչ թե Օձունում, ինչպես ենթադրվում է: Եկեղեցին և կից կալվածքները ծառայել են որպես իջևանատուն՝ վանականների համար: Վանեվանը նաև բազմաթիվ նվիրատվություններ է ստացել XIII-XIVդդ.-ին։

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

XVI դարում թուրքական ցեղերի արշավանքների հետևանքով բնակավայրը և վանական համալիրը լքվում են:  Այն  նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին: 1871-1880 թթ. վանքի շինությունները նորոգում է վանահայր Թեոդորոս Շիրակացին։ Եկեղեցին և վանական համալիրը ամբողջությամբ վերականգնվել են 1983-1988 թվերին, իսկ մինչև այդ գտնվել են հողի շերտի տակ: 2013թ.-ին արծվանիստցի գործարար երկու եղբայրներ բարեկարգել են վանական համալիրի բակը և նստարաններ տեղադրել:

Վանական համալիրի կողքով հոսող գետակի ափին՝ կանաչ մարգագետնի վրա նստելը, տարածքի գեղեցկությամբ հիանալը, ամառվա տապին զովանալն ու մի բան ուտելը ամբողջացնում են այստեղ այցելությունը: Իսկ ուտելուց հետո պետք է չմոռանալ տարածքի մաքրության մասին:

Վանեվանից հեռացա այստեղ կրկին վերադառնալու ցանկությամբ և Տեր Տիրատուրի օրհնությամբ: