Վերնագիր հորինելու հավես չունեմ

Ամենօրյա թոհուբոհի մեջ ինձ մենակ մի բան չի հերիքում: Հա, էդ բանը շատ օգտակար ու պարտադիր բան ա: Դե, հիմա… Իմ մեջ էդ բանի դեֆիցիտ կա: Հիմա դու, հա, հենց դու, էս նյութը կարդում ես, բայց դեռ չգիտես, թե էդ ինչ բան ա: Որովհետև քո մեջ էլ կա դրա դեֆիցիտից: Դու ուղղակի հավես չունես մի քիչ միտքդ լարել ու հասկանալ, որ խոսքը հենց հավեսի մասին ա: Լավ ա` հավես ես անում, հիմա էս գրածս կարդում ես: Հավես հիմա ո՞վ ունի որ: Չգիտեմ: Օրինակ, ես չունեմ: Հիմա կասեք. «Տո քո տունը շինվի, հավեսն ի՞նչ ա, որ չունես»: Հա, ասում եք` ասեք: Ես ուղղակի հավես չունեմ ձեզ բացատրելու, թե ինչի ա փախնում իմ հավեսը: Հիմա ես ո՞նց ասեմ ձեզ: Պատկերացրեք, ես արդեն շատերի կողմից մոռացված հեռուստացույց եմ նայում: Ասենք թե, ինչ-որ ֆուտբոլային հանդիպում ա եթերում: Ըհը, առաջին խաղակեսը վերջացավ, ու հիմա արի` 15 րոպե գովազդների տակ տվայտի: Բայց ես չեմ ուզում: Դրա համար ես սկսում եմ հայացքով փնտրել հեռակա-հեռակառա-հեռակառավարման «վալոդիկը»…. Աա՜, կարճ ասած, «պուլտը»: Գտա: Բայց մենակ հայացքով: Էդ «պուլտ» կոչեցյալը սեղանի վրայից չարախնդորեն նայում ա վրաս ասելով. «Ուզած-չուզած պիտի հելնես տեղիցդ»: Փա՜հ: Էս «պուլտն» ինձ լավ չի ճանաչում: Ես ոտքերս ֆիքսում եմ բազմոցին, իսկ մարմինս սողեսող գնում է դեպի սեղան: Ահա ձեռքս երկարեցրի … Եվ այո՛, «պուլտն» իմ ձեռքում է: Բայց հենց այդ պահին երկրորդ խաղակեսը առանց իմ բազմոց վերադառնալուն սպասելու դավադրաբար սկսում է: Այ, էստեղ արդեն հետ ա գալիս հավեսի բացակայության սինդրոմը ու ես նայում եմ խաղը հենց այդպես՝ փորս` գետնին, ոտքերս` բազմոցին, ձեռքս` սեղանին, ուշադրությունս էլ էկրանին: Որովհետև… Որովհետև… Որովհետև ուղղակի հավես չունեմ: Քանի որ հավես չունեմ, նյութին վերջաբան գրել ու ձեզ շնորհավորել տոների կապակցությամբ, ուղղակի հավես արեք ու պատկերացրեք, որ ձեզ լիքը լավ բաներ եմ ասում, գրկում ու համբուրում եմ:

Հետգրություն .
Ով չի ուզում` չեմ համբուրում: Շատ պետքս ա…