Վրանային ճամբար Մարմաշենում

Հուլիսի յոթից տասներկուսը ընկած ժամանակահատվածում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը կազմակերպել էր դաշտային ճամբար մարզային երիտասարդության համար: Վրանային ճամբարը անցկացվեց Գյումրիի Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքում: Ճամբարին մասնակցում էին տասը մարզերում գործող քաղաքացիական երիտասարդական կենտրոնների ակտիվ երիտասարդները: Յուրաքանչյուր մարզից Գյումրի էին ժամանել երեք-չորս հոգի, ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր քառասունի: Ճամբարում առօրյան բավականին հագեցած էր անցնում: Մասնակիցներին հնարավորություն էր տրվում օրվա ընթացքում մասնակցել տեղական ինքնակառավարման, թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության թեմաներով դասընթացներին, որոնք վարում էին ոլորտի փորձառու դասընթացավարները: Մասնակիցները նաև հնարավորություն ստացան տեղական ինքնակառավարման ոլորտում դրամաշնորհների մշակման աշխատանքներ իրականացնել խմբերով: Լավագույն խմբերը իրենց ծրագրերի համար ֆինանսավորվեցին հարյուր հազար դրամ դրամաշնորհներով: