Վրանային ճամբար Օձունում

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Ամռան ձանձրույթին անփոխարինելի է ճամբարը: Նոր ընկերներ, նոր շրջապատ և նոր միջավայր: Եվ ահա հուլիսին11-ին վաղ առավոտյան ավտոբուսը, որի վրա գրված էր «Երևան-Լոս Անջելես», շարժվեց Օձուն (ես էլ մտածում էի ճանապարհին, թե ինչի են մարդիկ փողոցից զարմացած մեզ նայում և անգամ բարևում):

Երբ հասանք, տղաներն արդեն տեղադրել էին վրանները, և իմ առաջին ու վերջին տխուր միտքը եղավ, թե ինչպե՞ս եմ այս ցրտին մնալու վրանում:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Այս ծրագրի նպատակն էր երիտասարդների մեջ ավելի խորացնել հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդույթները: Եվ հենց այդ պատճառով էլ մասնակցում էինք ժամերգություններին, պատարագներին, աղոթում հացից առաջ և ստանում հոգևոր դասեր: Իհարկե, առօրյա կյանքում ժամանակ չի մնում այս ամենի համար, բայց պետք է աշխատենք գոնե այս ամենի կեսի կեսը անել:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Ամբողջ մեկ շաբաթվա ընթացքում խաղացինք մի խաղ, որն այսպես էր կոչվում «Գաղտնի ընկեր»: Բացատրեմ, թե ինչպես էր՝ թղթերի վրա գրված են աղջիկների անունները, որոնք քաշում էին տղաները, և հակառակը: Եվ մեկ շաբաթվա ընթացքում նրան տալիս ես նվերներ, գաղտնի:

Դե էլ ինչ ճամբար առանց ուխտագնացությունների: Առաջինը եղավ ոտքով դեպի  Հովնան Օձնեցու դամբարան, Արդվի գյուղ: Ճիշտ է, շատ հոգնեցինք, բայց հետաքրքիր էր: Երկրորդը դեպի Սանահին, որն ուղղակի հիասքանչ տեղ էր:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Ամեն օր մի ջոկատ անցնում էր հերթապահության: Եվ բոլորն էլ ոգևորված անցնում էին գործի, որպեսզի լավագույնը լինեին: Մեկը ծաղիկներ էր դնում սեղանին, խրատներ, մյուսը անձեռոցիկները մեկ այլ ձևով էր դասավորում, ինչպես նաև շնորհակալական խոսքեր: Մեզ՝ հերթապահներիս, թվում էր, թե հենց նոր նախաճաշեցին, և դեռ անցել է կես ժամ, երբ եկավ ճաշի ժամը:

Մեր վրանը այդպես էլ ամենամաքուրը չճանաչվեց, չնայած աղջիկներով էինք:

Ահա և վերջին օրը: Բացահայտվեցին բոլորիս «գաղտնի ընկերները», իրոք շատ հետաքրքիր էր:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Ինչպես կարող եմ ես մոռանալ այն 7 օրը, երբ վրանի մեջ քնելուց անգամ տեղ չունեի ձեռքս երկարացնելու, թե ինչպես էինք միջատներից պաշտպանվելու համար բամբակներով փակում ականջներս, այն անուշաբույր խնկի հոտը,  հերթապահության ժամանակ շա՜տ ու շա՜ տ ափսեներ  չորացնելը, ու ոնց էին մնացածը գալիս ու հարցնում՝ ինչո՞վ օգնենք: Մեր բոլորիս ծիծաղը, ուրախ հումորները, ինչպես կարող եմ մոռանալ առավոտյան մարմնամարզությունը, ժամերգությունները: Իրոք, ճամբարը շատ բան տվեց, թե հոգեպես, և թե ֆիզիկապես: Այս ամենի համար շնորհակալ եմ առաջին հերթին Խաչիկ դպիր Վարդանյանին (ում չկարողացա ոչ մի պահ հարմարեցնել և դիմացից նկարել), ով մի տեղից մյուս տեղն էր վազել, որպեսզի մեզ համար հովանավորներ գտներ, և իրականանար ճամբարը: Այնքան եմ ուզում նորից լսել, թե ինչպես էր նա ամեն անգամ երգում երեկոյան,  և նոր միայն բարի գիշեր ասելով շտապում էինք քնելու: Այնքան հոգնած էինք լինում, որ ոչ մտածում էինք միջատների մասին, ոչ նեղված քնելու և ոչ էլ այլ դժվարությունների մասին:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի

Շնորհակալ եմ մեզ հովանավորողներին ՝ Արագածոտն թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին,  Սուրբ Մարիանե եկեղեցու ծխական խորհրդին  և մի խումբ այլ բարերարների, մեր ջոկատավարներին և իհարկե, իմ լավ ընկերներին:

Այնտեղ կարծես, թե կտրված էինք ամեն ինչից և տեղյակ չէինք երկրի լարված իրավիճակից, որը մի կողմից լավ էր, մյուս կողմից՝ վատ: