karine nahapetyan

Տատ, դու պարտվե՞լ ես

Արդեն 20 տարի է, ինչ մեր տանը, տարբեր առիթների ժամանակ ոչ թե նրա համար դրված աթոռը դատարկ է մնում, այլ նրա համար աթոռ առհասարակ չի դրվում: Ոչ: Դրա պատճառը այն չէ, որ նա սպասված չէ: Նրա գալուն սպասելը արդեն վաղուց անհույս պատրանք է դարձել: Պապիս ողբերգական մահը տատս ամեն օր հիշում է և նայելով նրա նկարին՝ ասում է.

-Պատո ջան, դու չգնացիր, քեզ տարան…

Երկար դադարից հետո նորից է ասում.
-Պատո ջան, ախր, ոչ մի ծոռի քաղցրությունը չզգացիր, անգամ մեր Կարինեն դեռ չէր ծնվել, իսկ քեզ տարան, տարան, տարան, Պատո ջան, տարան…
Պապս ընկել էր ավտոմեքենայի տակ: Եվ նրա մահը կարծես վերջակետ էր դարձել տատիս համար: Ամեն հավաքույթի ժամանակ, երբ խմում են պապիս կենացը, տատս արտասվում է և նորից կրկնում իր բառերը:

…Մոտենում էր տատիս ութսունամյակը: Մենք էլ մեր ձեռքը «ռետին» վերցրինք և որոշեցինք պապի մահվան դրած վերջակետը ջնջել և շարունակել կյանքի գիրը՝ արդեն ուրիշ գույնով: Ամսի 13-ն էր, ես ձեռքս էի վերցրել Վ.Պետրոսյանի «Կրակե շապիկը» գիրքը ու փորփրում էի, վերընթերցում էի իմ ընդգծած նախադասությունները: Մեկ էլ տատս վերցրեց գիրքը, փակեց ու սկսեց իրեն հատուկ առոգանությամբ վանկ առ վանկ կարդալ.

-Վարդ-գես Պետ-րոս-յան, կրա-կե շա-պիկ:
Ասում եմ.

-Տա՛տ, գիտե՞ս, էս գիրքը կարելի է քո ինքնակենսագրական վեպը համարել, որովհետև էս գրքում նույնպես թոռները պատրաստվում են տատի ծննդյան տարեդարձին, բայց նրա զավակները սփռված են աշխարհով մեկ, ու նրա թոռը՝ Արամը, ջանում է բոլորին հավաքել, և տատի համար այդ օրը իրական տոն դարձնել: Բայց չի հաջողվում, և Արամը համարձակություն է հավաքում ու հենց նրա ծննդյան օրը՝ կենաց ասելու ժամանակ, ասում է նրան՝ տատ, դու պարտվել ես:
Տատս, որ ակնկալում էր պատմության գեղեցիկ ավարտ, զգալով իմ երկարատև լռությունը՝ ասաց.
-Պապադ ու հոպարդ չեն գալու իմ ծնունդին, հաստատ չեն գալու: Կար, ես պարտվել եմ:
Ես էլ ասացի.
-Չէ, տատ, չէ, չես պարտվել: Դե, գիտես, որ նրանց գալը հեշտ չի: Ախր, դու 4 զավակ ունես, 12 թոռ և 20 ծոռ: Բոլորս հավաքվելու, նշելու ենք: Տատ, դու հաստատ չես պարտվել, հաստատ:
Հավաքվեցինք, նշեցինք ինչպես հարկն էր. պարեր, երկար կենացներ, մեծարանքի խոսքեր և ջերմ մաղթանքներ:
Օրը «ռետին» դարձավ ու ջնջեց այդ կետը:
Առավոտյան շուտ զարթնեցի ու մտածեցի` տատս պարտվե՞ց, թե՞ հաղթեց:
Մտքիս թելը կտրվեց հեռախոսի երկարահունչ զանգով. հորաքույրս էր:
Արդեն 80-ամյա տատս վերցրեց հեռախոսը ու իր 60-ամյա դստերը հարցրեց. «Հըն, ո՞նց ես, բալես»:
Չէ, տատ, դու չես պարտվել: Դու հաղթել ես: