Տատ, սա քեզ համար եմ գրել

Բոլորն էլ ունեն իրենց համար ամենահարազատ և ամենասիրելի էակը, ես նույնպես բացառություն չեմ։ Երբ փոքր էի, հիշում եմ, որ տարբեր մարդիկ նույն հարցն էին տալիս, թե ում ես ամենաշատը սիրում` հայրիկին թե մայրիկին, իսկ ես առանց երկար մտածելու պատասխանում էի՝ տատիկիս: Եվ չգիտեմ ինչու, ոչ ոք չէր հավատում, որ կարող եմ ես իմ ծնողներից առավել սիրել տատիկիս, բայց դա իրոք այդպես է։ 

Մանկությունս անցկացրել եմ Ալիս տատիկիս կողքին: Երբ փոքր էի, հիշում եմ, որ տատիկիս գրկում էի քնում: Ես չեմ պատկերացնում, որ կարող է աշխարհում տատիկիցս ավելի բարի մարդ լինի։ Տատիկս գյուղատնտես է և աշխատում է իրենց ջերմատներում։Երբ նա գնում էր ինչ որ գործ անելու, ես նրա հետ գնում էի, փորձում օգնել, և աշխատելիս զրուցում էինք ամենատարբեր բաների մասին։ Օրվա մեծ մասը անցկացնում էի տատիկիս հետ և, երևի հենց դրանից է, որ շատ կապված ենք իրար։Երբ դարձա վեց տարեկան, մենք պետք է տեղափոխվեինք մեր նորակառույց տունը, բայց տատիկս մեր հետ չէր ապրելու: Չնայած մեր նոր տունը գտնվում է նույն Մրգավետ գյուղում, և իրարից այդքան էլ հեռու չէ, բայց ես չէի ուզում տեղափոխվել։Առաջին օրերին չէի հարմարվում և հիշում եմ, որ առանց զգուշացնելու տնից փախչում և գնում էի տատիկիս մոտ։Ժամանակը անցնում էր, ես մեծանում էի, բայց էլի չէի համակերպվում դրա հետ։ Շաբաթական մեկ-երկու օր գնում էի տատիկիս մոտ մնալու: Տատիկիս մոտ ասելով մի հասկացեք, թե նա մենակ է ապրում: Նա ապրում է իմ հորեղբոր ընտանիքի և պապիկիս հետ։ Ես արդեն սովորություն էի դարձրել, որ շաբաթ և կիրակի օրերը պետք է մնամ տատիկիս տանը: Չնայած նրան, որ մեծանում եմ, բայց այս սովորությունը չեմ փոխել։ Մի քանի անգամ հորեղբորս ընտանիքը նեղացել է ինձանից: Ասեմ ինչու` երբ գնում եմ տատիկենց տուն, բարևում եմ բոլորին, ու առաջին հարցս լինում է. «Տո՞ւնն ա տատին»: Երբ ասում են, որ տանը չի, ես ասում եմ. «Լավ, դե ես գնացի: Հաջողություն»: Եվ այդ ժամանակ նրանք կատակով ասում են. «Այ տղա, էս մենք հե՞չ: Մենակ տատիկիդ համա՞ր ես գալիս»: Որոշ չափով դա այդպես է, չնայած նրանք էլ ինձ համար շատ թանկ մարդիկ են։

Ինձ ճանաչելով մարդիկ մի քանի անգամ տվել են այս հարցը՝ ի՞նչ կլինի, եթե տատիկդ չլինի: Նման հարցից ես մինչև հիմա էլ բարկանում եմ:

Ես գրում եմ այս տողերը և հիշում բոլոր այն տատիկ-պապիկներին, որոնք մենակ են մնացել, թեև ունեն զավակներ և թոռներ: Շատերը նրանց թողնում են մենակ,  հեռանում են և մոռանում նրանց մասին: Մոռանում են, որ հենց այդ տատիկն ու պապիկն են իրենց պահել և մեծացրել, իսկ հիմա զգում են ջերմության պակաս:

Ճիշտ է, մեծանալով մեր հետաքրքրություններն շատանում են, անելիքները նույնպես, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես է տատիս դեմքը պայծառանում, երբ այցելում եմ իրեն, պատրաստ եմ ամեն բան մի կողմ դնել:

Մի կոտրեք նրանց սրտերը: Ուղղակի ժամանակ հատկացրեք նրանց, և նրանց ուրախությանը չափ չի լինի։

Ես արդեն 16 տարեկան եմ, սակայն սովորությունս չի փոխվել. ամեն շաբաթ գնում եմ և մնում տատիկիս տանը: Տատս կարծես իմ հոգու արեգակը լինի, գնում եմ, որ ջերմանամ:

Հ.Գ. Հիմա շատերդ կմտածեք, թե 16 տարեկան տղան այս ինչ է գրում: Մի՞թե մեր հարազատ մարդկանց չպետք է ասենք, որ սիրում ենք իրենց, բա ուրիշ ե՞րբ, եթե ոչ հիմա, քանի նրանք մեր կողքին են: