karine nahapetyan

Տխուր բաների մասին

Լուսանկարը` Կարինե Նահապետյանի

Լուսանկարը` Կարինե Նահապետյանի

Ես ամեն օր արթնանում եմ արդեն իսկ հոգնած, իսկ դա շատ տխուր է:

Նայում եմ լվացքի պարանին, որի վրա լվացքի համար նախատեսված ամրակներն են կախված: Նրանցից մեկը առանձնացել է մյուսներից, ու ես ինձ հենց այդ առանձնացածի մեջ եմ տեսնում, իսկ երբ ես սկսում եմ անշունչ առարկաների մեջ ինձ փնտրել, հասկանում եմ, որ տխրությունն ու ուրախությունը բնավ էլ իրար հետ հավասար չեն քայլում այս աշխարհում:

Տխուր է նաև այն, որ այս տարի մեր թաղում Վարդավառին միայն շների բախտը բերեց. ճաշկերույթից մնացած ոսկորներն ուտելուց հետո ստիպված չէին քայլել թաց գետնի վրայով. գետինը չոր էր մնացել:

Սկսել եմ կետադրական նշաններից ամենաշատը միջակետը սիրել, որովհետև թերևս բացակայում է «որովհետև» բառը, բայց հույս կա, որ ինչ-որ բացատրություն հաջորդելու է նախորդ մտքին կամ երևույթին… Կամ միգուցե արդարացո՞ւմ լինի: Եսիմ: Իսկ արդարացումներին սպասելը աշխարհի ամենատխուր բանն է:

Տխուր երևույթներից է նաև այն, որ ես դադարել եմ փնտրել մարդկանց, ովքեր ինձ հետ կլսեն իմ սիրած երգերը. Ցոյին, Pink Floyd-ին ու Սթինգին պիտի միայնակ լսես:

Բայց ինձ համար հուսադրող ու ուրախալի մի փաստ կա. չորս ամսից ձմեռ է գալիս, և ես կսկսեմ ինձ զգալ այնպես, ինչպես ձուկը՝ ջրում: Էհ, հա, ես ինձ լավ կզգամ, բայց մոռանում եմ, որ շատ-շատ տներ կկորցնեն իրենց կենդանությունը. ծխնելույզներից կդադարի ծուխ դուրս գալ: Ոնց էլի տխուր ստացվեց, չէ՞: