Տնտեսագիտությունը, իմաստն ու առաքելությունը

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Տնտեսագիտությունը, քաղաքականությունը
և անհատականությունը հաճախ անբաժանելի են:

Չարլզ Էդիսոն

Երկու օրից միկրոտնտեսագիտության քննությանն եմ, կեսգիշեր է, պարապելու իմաստ արդեն չկա, բայց մի տեսակ քնելու էլ չկա… Ու մտքիս եկավ այս հոդվածը գրելու գաղափարը: Դե, գնացինք:

Տնտեսագիտությունը առաջացել է հունարեն oikonomos բառից, որը նշանակում է գիտություն տնային տնտեսության մասին: Յուրաքանչյուրս էլ ունենք պահանջմունքներ և դրանք բավարարելու ցանկություն, իսկ դրանց համար անհրաժեշտ են ռեսուրսներ, սակայն դրանք դժբախտաբար (գուցե նաև, բարեբախտաբար) սահմանափակ են: Ահա և բախվեցինք տնտեսագիտության գերխնդրին, այն է` սահմանափակ ռեսուրսների նվազագույն ծախսով հասնել առավելագույն արդյունքի: Այստեղից կարող ենք հետևություն անել, որ յուրաքանչյուրս էլ ինչ-որ չափով տնտեսագետ ենք, ուղղակի դա հաճախ չենք էլ գիտակցում: Օրինակ, Անին մտածում էր, որ տոնական զեղչեր կլինեն, նոր գնումներ կանի, Գոռը ավելի լավ է ոտքով հասնի, դրա փոխարեն մի հոթդոգ ավելի կուտի: Մենք ամեն օր կատարում ենք վերլուծություններ` առանց գիտակցելու, որ դրանք իրականում տնտեսագիտական հիմքեր ունեն: Բացատրեմ. երբ Անին պլանավորում էր գնումները, չէր էլ մտածում, որ տոներին պատրաստվում են նաև վաճառողները, արտադրողները և, որ բարիքների գները նվազեցնելով, ամենևին էլ վնաս չեն կրի, որովհետև Անիի նման հազարավորները կգնան գնումների և փաստացի շահույթը ավելի մեծ կլինի, քան ներկայում: Իսկ, երբ Գոռը որոշում էր ոտքով քայլել, նա չէր էլ մտածում, որ հոթդոգը ավտոբուս նստելու այլընտրանքային արժեքն է:

Հաճախ շփոթում են տնտեսելն ու ժլատ լինելը: Տնտեսել չի նշանակում անընդհատ կուտակել, անհրաժեշտության դեպքում չօգտագործել, այլ այնպես և ճիշտ ժամանակին օգտագործել ռեսուրսները, որ դրանցից ստացած օգուտը ամենամեծը լինի: Նշեմ, որ օգուտը կամ օգտակարությունը լինում է երկու տեսակի` ընդհանուր և սահմանային:

Ենթադրենք` մենք ծարավ ենք, և առաջին բաժակ ջուրը մեզ համար ունի մեծ կարևորություն (օգտակարություն), սակայն երկրորդից սկսած դրա օգտակարությունը կնվազի: Այսպիսով, ընդհանուր օգտակարությունը մեծացավ, իսկ յուրաքանչյուր լրացուցիչ բաժակինը (սահ. օգ.)` նվազեց:

Իսկ ո՞րն է այդ օգուտը չափող մեծությունը: Այս հարցում տնտեսագետները բաժանվեցին երկու խմբի` կարդինալիստների և օրդինալիստների: Առաջինները՝ Ալֆրեդ Մարշալի գլխավորությամբ, փորձում էին այն չափել դրամական միավորներով, սակայն նրանք ձախողվեցին: Օրդինալիստները փորձեցին ուսումնասիրել, թե սպառողները ինչ նախասիրություններ ունեն տարբեր ապրանքների նկատմամբ: Նման վերլուծության գործիք առաջարկվեցին անտարբերության կորերը: Սրանց ֆունկցիան ցույց տալն է, թե սպառողը «բ» բարիքից օգտվելու համար ինչքան է պատրաստ հրաժարվել «ա» բարիքից:

Սահմանափակությունն ու սահմանային օգտակարությունը այնքան շատ են հիշատակվում տնտեսագիտության մեջ, որ հաճախ կուրսեցինորվ կատակում ենք, թե ինչ էինք անելու մենք, եթե դրանք գոյություն չունենային…

Լավ, գնամ քնեմ՝ շուտով քննության եմ: