aniharutyunyanarm

Տունը ձմռանը

-Էհ, Աստված, գոնե շատ ցուրտ չանի էս տարի, ցախը յոլա տանի,-բակում կանգնած մառախլապատ երկնքին նայելով խոսում է ծերուկը։

Մի քիչ մրսելով նայում է բակին. ամեն ինչ դասավորված է, պահոցի դուռը պինդ փակված է. պահածոները չեն սառչի, շունը տաք բնում քնած է։ Գյուղացի ծերուկը տուն է գնում. հանգստանալու ժամանակն է։ Կոտրատած ու պահեստավորած ցախը արդեն քիչ-քիչ տուն է տանում, թափ տված վառարանն արդեն դրված է, ցախը վառարանում ճարճատում է, տաքությունը հաճելի է, երբեմն՝ շատ, որ կողքին երկար կանգնել չի լինում։ Ձմռան համար նկուղում պահվող կարտոֆիլը վառվող վառարանի վրա պլեճ է դառնում, կողքին փոքրիկ տեղ է բացված թեյնիկի համար, ջուրն արդեն եռում է, թեյի բաժակները կողքի փոքրիկ աթոռին են դրված, այգուց հավաքած, մի քիչ ցուրտը տարած ծիրանի մուրաբան անպակաս է, մի քանի կոնֆետ ու թխվածքաբլիթ է դրված ափսեի մեջ, բայց դրանք մնում են տեղում, մուրաբայի ափսեն միշտ դատարկվում է. իրենց ձեռքով պատրաստած մուրաբան ուտում են ավելի սիրով։

Գյուղի տունը շատ մեծ է, թոռները տանը չեն, մեծ տունը ձմռան ցրտից ավելի լքված է թվում, դրա համար ծերուկները վառարանը դնում են փոքր միջանցքում, մեծ հյուրասենյակի դուռը փակում, որ դատարկությունը շատ չզգացվի։ Թե բախտները բերի, թոռները ձմռանը կգան, մի քանի օր էլ կմնան, բայց այդ ժամանակ էլ հյուրասենյակի դուռը չեն բացի, որ փոքր միջանցքում իրար ավելի մոտ նստեն, վառարանի ջերմությունից շատ թոռների ջերմությամբ տաքանան։ Երեկոյան պապը՝ թոռների աղմուկից հոգնած, բազկաթոռին կքնի, ֆուտբոլը այդպես կմնա միացրած, բայց տատը հերթական սերիալը նայելու համար ալիքը չի փոխի, որովհետև թոռների համար թաքցրած ամենահամեղ ուտելիքները պիտի հանի և ուշադիր հետևի, որ հանկարծ ինչ-որ բան ափսեներում չմնա։ Պապը ամեն անգամվա նման երկրորդ խաղակեսից առաջ չի գնա պառկելու, նա գիտի, որ եթե մնաց, անպայման կքնի, բայց գոնե թոռներին մոտ կլինի, միգուցե վազվզելիս միամիտ դիպչեն իրեն, արթնանա, ձևական բարկանա, բայց սրտում ուրախանա՝ մի քիչ էլ կանցկացնի երեխեքի հետ։

Առավոտյան թոռները ուրախ-ուրախ կգնան քաղաք, որովհետև տատն ու պապը ժպիտով կճանապարհեն, կճանապարհեն ու կգնան վառարանի մոտ, պապը դիտմամբ ծուխ կթողնի վառարանից, որ արդարանա, թե ծխից են աչքերը լցվել, տատն էլ թեթևացած կհամաձայնի` իմն էլ:

Ձմեռը կգա ու քուն կբերի տներին, դաշտերին ու գյուղացուն, տուն կբերի տղաներին, թոռներին ու գյուղացուն, ձմեռը կգա, որ մնացած երեք եղանակի համար հանգիստ ու նոր ուժ բերի գյուղացուն: