Տուն բերող ճամփաները

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Բարև: 2018-ն ամփոփոխ սիրառատ, պատմությամբ ու հիշողություններով լիքը բարևով եմ բարևում այսօր: Այն բարևով, որով հրաժեշտ պիտի տամ կյանքիս ամենագունավոր տարիներից մեկին: Տարեվերջին մարդիկս սովորաբար մտովի հետ ենք գնում ու փորձում ամփոփել այն ամենը, ինչ ձեռք ենք բերել այս տասներկու ամիսներին, փորձում ենք վերհիշել ամենապայծառ ու ուրախ օրերը, ամենախրթին դժվարությունները, որոնք հաղթահարեցինք ու թողեցինք պատմության գրկում, վերապրել այն րոպեները, երբ մեկի ծնունդի, մյուսի վերելքի կամ սեփական նվաճման ու հաղթանակի երջանկությամբ արբած, խելակորույս բղավում կամ թռչկոտում էինք: Հետադարձ հայացք ենք գցում այն 365 հնարավորություններին, որոնց արժանացել ենք շնորհիվ կյանքի՝ մեր հանդեպ դրսևորած առատաձեռնության: Իսկ հետո ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք կարողացել ենք ըստ արժանվույն օգտվել այդ հնարավորություններից ու գոհացնել կյանքին՝ որպես շնորհակալություն մեզ՝ ընտրյալներիս, ժպտալու, երջանկանալու, փորձելու ու հաղթելու 365 լուսավոր առիթ պարգևելու համար: Հետո մի պահ նայում ենք մեր շուրջը ու մարդկանց ենք տեսնում: Մեր մարդկանց, որոնց ձեռք ենք բերել հազարավոր ժպիտների, միլիոնավոր արցունքների, վայրէջքների ու վերելքների արանքում ու արդյունքում: Այն մարդկանց, առանց որոնց մի հարազատ ծիծաղի, մի հոգատար «այ գիժ»-ի, մի ջերմ հայացքի ու միշտ անհանգիստ ու մտահոգ նամակների այս 365 օրերը դարեր կթվային՝ սառը, անհոգի ու անջիգյար, հեռավորությունը կթվար անհաղթահարելի, իսկ ժամանակը՝ գուցե անանցանելի:

2018-ն իմ կյանքի հեղափոխության տարին էր, քանի ու քանի երկու հազար տասնքանիսներ գլորել եմ՝ պայքարելով, որ հասնեմ նրան, ինչին 2018-ին հասա: Հասունացման, ինքնուրույնացման, հայրենասիրության, ազգանվիրության ու ամենասիրուն հեղափոխությունների տարին էր: Ու երևի պատահական չի, որ իմ կյանքի հեղափոխությունը համընկավ Հայաստանիս հեղափոխության հետ: Մենք իրար մեջ ենք ու իրարից միշտ անբաժան: Հիմա ես հստակ գիտեմ՝ ինչ է սպասվում ինձ 2019-ին: Հստակ գիտեմ, որ Ամանորից օրեր անց նորից մեկնելու եմ Իտալիա ու շարունակեմ ուսումս: Գիտեմ թռիչքիս օրը, ժամը: Կանխագուշակումների ու եթե-ների տարի չի լինելու 2019-ը: Գծած, գծագրված, ինքնաբերաբար պլանավորված ու ծրագրավորված է արդեն գալիք տարիս: Բայց, այդուհանդերձ, կյանքն ինձ համար գունավոր է իր անկանխատեսելիության ու անգուշակելի լինելու սիրունագույն առեղծվածով:

2018-ին երջանկության անհաշվելի մեծ թվով արցունքներ եմ թափել, աչքերս հիացմունքի արժանի հարյուրավոր վայրեր են տեսել ու լցվել դրանցով, սիրտս վերիվարումների ենթարկվելու, հոգիս՝ տակնուվրա լինելու, կարոտի, երջանկության ու թախծի միախառնման աստիճան զգացողություններ է տեսել ու ապրել: Փոխվել է բնակությանս վայրը, դասավանդմանս լեզուն, կլիմաս, ճաշացանկս, բայց և այնպես, ես նույնն եմ: Նույնն եմ թե՛ մազերիս գույնով, թե՛ Հախվերդյան լսելովս, թե՛ ժպիտովս ու, ամենակարևորը՝ միշտ ու միշտ հայ մնալովս: Ու 2018-ի ամենասիրուն նվերն ինձ համար երբեք չփոխվելը, ազգային ու հոգևոր արժեքներին ու սեփական դաստիարակությանը հավերժ հավատարիմ մնալը ու թանկերին, թանկագիններին ու թանկագույններին միշտ ու միշտ սրտում, մտքում, հոգում, աչքերի փայլում ու դեպքի ժպիտում պահելն ու փայփայելն էր: 2018-ի մեծագույն նվերը ունեցածս անչափ սիրելու ու գնահատելու կարողությունն է, տան մեջ չմնալով՝ տունը միշտ մեջս պահելու ունակությունն ու համառորեն չհանձնվելու գնով ձեռք բերված հաղթանակս էր: 18-ի մեծագույն նվերը 16 տարեկան Անահիտն էր, որ ուզում է միշտ ու միշտ 16 մնալ, երբեք չմեծանալ ու շարունակել վայելել միայն 16-ում ապրվող երջանկությունն ու միայն 16-ում ժպտացվող ժպիտը:

Ինչ վերաբերում է 2019-ին․․․ Ես մե՜ծ, անսահման մե՜ծ խաղաղություն եմ մաղթում բոլորիս, խաղաղություն՝ մեր չկրկնվող, մեր միակ ու մեր պանծալի երկրին, խաղաղություն՝ մեր ամենախիզախ ու հպարտ զինվորներին, մեր՝ հային բնորոշ մի տեսակ հարազատացած տագնապով լցված աչքերին, խաղաղություն՝ մեր երբեմնի լարված ու լարվածությունից աննկատորեն ծամածռված ժպիտներին, խաղաղություն՝ մեր հոգետանջ մտքերին, գիշերը շուտ պառկող, բայց խառնիխուռն մտագրոհներից երբեք քնով չանցնող մեր ուղեղներին, մեր՝ ժպտալու ընդունակ, բայց հաճախ արցունքոտվող դեմքերին, մեզ ու մեր մտերիմներին․․․ Ես ուզում եմ, որ բոլորիս սրտերի դռները բաց լինեն, ինչպես իսկական հայի սիրտն է միշտ լինում, բայց կողպեքներ ունենան ու կարողանան օգտագործել այդ կողպեքները ճիշտ ժամանակին՝ հնարավոր անկոչ հյուրերից զերծ մնալու համար: Ես իրականում ուզում եմ, որ մեր սրտերի կողպեքները փոշոտվեն երկար ժամանակ չօգտագործվելուց, որ մեր սրտերի դռները թակեն միայն սպասված, արժանի ու ճիշտ հյուրեր, հյուրեր, որոնք կմնան մեր սրտում ու կդառնան դրա մշտական բնակիչները, որոնք էլ երբեք դուրս չեն գա մեր սրտից ու որոնց հետևից մեր սրտերի դռները չեն փակվի երբեք: Ես ուզում եմ, որ միակ ծանրությունը, որ բաժին կհասնի մեզ, լինի ամանորյա առևտրի ծանր տոպրակներինը, որը կկարողանանք հաղթահարել խանութի դիմացի բարեհամբույր տաքսիստի օգնությամբ: Ուզում եմ՝ մեր հոգիները ծանրություն չզգան երբևէ, որովհետև, վախենամ՝ ոչ մի բարեհամբույր տաքսիստ մեզ օգնել չկարողանա այդժամ: Կուզեմ՝ մի փոքր ավելի թեթև ապրենք 2019-ին, բայց և ոչ՝ թեթևամտությամբ: Միշտ խոհեմ մնանք ու լուրջ, բայց և չմոռանանք խելակորույս ծիծաղել ու պահպանել մեր միջի համով խենթությունը: Ուզում եմ՝ չկորցնենք մեր համը, բայց և այնպես չանենք, որ համներս դուրս գա: Խենթ լինենք ու խենթ մնանք 2019-ին էլ, բայց չխենթանանք սեփական խենթությունը չափել չկարողանալու չափ: Լինենք ու մնանք անչափ անկեղծ, բայց չափի մեջ անկեղծանանք բոլորի հետ, որ հետո չափից դուրս չզղջանք: Ժպտանք ու ժպիտ տանք 2019-ին, փայլենք ու փայլեցնենք ամբողջ տարին, փայլատակենք ամբողջովին: Եթե լավն ենք, դառնանք ավելի լավը: Չլճանանք, լճից ծով դառնանք, ծովից՝ օվկիանոս, օվկիանոսում էլ․․․ Օվկիանոսում էլ նավերով երթևեկենք ու սփռենք մեր միջի սերն ու ջերմությունը:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Եվ ամենակարևորը: Ուր էլ գնանք ու ինչի էլ հասնենք, միշտ տուն դառնանք: Մեր տունը դառնանք: Գանք ու մինչև ականջների ծայրը ժպտանք մեր հին ու անդավաճան տունը գեղեցկացած ու հյուրընկալ տեսնելիս: Գանք մեր տուն ու ուրիշ աչքերով նայենք մեր տանը՝ կորցնելու ու լքելու ներքին վախով, գրկելու ու գրկվելու անհագ ցանկությամբ ու ջերմանալու ջերմագին տենչով:

Տուն գանք․․․

Իսկ այս տարի իմ տունն ամենասիրունն է․․․ Իմ Կապան քաղաքը զգացել էր, որ գալու եմ՝ բառերով երբեք նկարագրել չկարողանալու չափ կարոտով, ու գեղեցկացել էր այնպես, ինչպես երբեք այս 16 տարիներին:

Շուտով 2019-ն է, իսկ ես վայելում եմ Կապանիս գրկում լինելը:

Շնորհավոր 2019: