Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Քաղաքականացված պատանեկություն

Հայաստանում մեծահասակների շրջանում ամենաակտուալ թեման քաղաքականությունն է, և չեմ զարմանա, եթե «վիճակագրական տվյալների» համաձայն տոկոսային հարաբերությամբ ամենաշատ քաղաքագետները Հայաստանն ունենա: Այս ամենն արդեն սովորական է դարձել, բայց երբ պատանիներն են սկսում խոսել քաղաքականությունից` սկսվում է քննադատությունների տեղատարափը, սկսում ենք գերտերություններից և վերջացնում մեր քաղաքական անբարենպաստ վիճակով: Բողոքում ենք ամենուր` տանը, դպրոցում, փողոցում և դե իհարկե` «ՄԵԾՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ»:
Երկրի քաղաքական վիճակին կամ ընդհանրապես քաղաքականությանը հետևելը լավ է, սակայն երբ մենք` պատանիներս, սկսում ենք ամենօրյա բողոքների ու քննադատությունների շարանը, ուղղակի անիմաստ ժամանակ ենք վատնում, որովհետև միայն բողոքելն ու անգործությունը երբեք սպասված արդյունքի չեն հանգեցնի: Պետք է աշխատել, ոչ թե քննադատել, փորձել գտնել և ուղղել սխալը: Իսկ նմանատիպ գործունեություն իրականացնելու համար հարկավոր է կրթություն, առողջ և հասուն դատողություն:
Համոզված եմ, որ պատանիներից ոչ մեկը չունի այս ամենն այսօր: Այդ իսկ պատճառով այսօր պետք է լավ սովորել ու վայելել պատանեկությունը` մեր կյանքի ամենագունավոր շրջանը: Մի օր մենք էլ կդառնանք չափահաս և մեր առջև կունենաք բազմաթիվ տարիներ` քաղաքականությունը լրջորեն ուսումնասիրելու և խնդիներին լուծում տալու հնարավորություն: Եվ դրան պատրաստ կլինենք: