Քո գրքի մեջ

Հայաստանում այսօր շատ են մարդիկ, ովքեր ունենալով բարձրագույն կրթություն որևէ ոլորտում՝ աշխատում են այլ մասնագիտությամբ կամ զբաղվում են որոշակի արհեստով։ Ծնունդով դսեղեցի Արևիկ Էվոյանը նրանցից մեկն է, նա զբաղվում է կարպետագործությամբ և հաճույք ստանում իր աշխատանքից։ Արևիկի հետ բավականին հետաքրքիր զրույց ունեցա, որի ընթացքում նա պատմեց իր աշխատանքի վերածված հոբիի, դրա ընթացքում առաջացող դժվարությունների ու առավելությունների մասին։

-Մի փոքր պատմեք Ձեր և Ձեր գործունեության մասին, ի՞նչ մասնագիտություն ունեք։ 

-Ես Արևիկն եմ, 22 տարեկան։ Ավարտել եմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, սակայն ինձ առավել հոգեհարազատ եմ գտնում գույների ու թելերի աշխարհը և ներկայումս զբաղվում եմ կարպետագործությամբ։ Հիմնականում գործում եմ կարպետ էջանշաններ, երբեմն դեկորատիվ իրեր, բաժակի կամ ծաղկամանի տակդիրներ։

-Ո՞ր տարիքից և ինչպե՞ս առաջացավ հետաքրքրություն կարպետների հանդեպ։ 

-Կարպետ գործել սովորել եմ մայրիկից 12-13 տարեկանում։ Սակայն երկար տարիներ գրեթե չեմ զբաղվել դրանով։ 20-21 տարեկան էի, երբ զգացի, որ ինձ այդքան էլ դուր չի գալիս ամեն մանրուքի համար ծնողներիցս ֆինանսական կախվածության մեջ լինելը և փորձեցի զարգացնել վաղուց մոռացված այս հմտությունս։ Սրա միջոցով, իհարկե, ֆինանսական լիակատար անկախության չեմ հասել։ 

-Այսինքն՝ հիմնական դրդապատճառը ֆինանսական անկախություն ձեռք բերե՞լն էր։ 

-Հիմնական դրդապատճառը ֆինանսական վիճակս էր, սակայն ես կարող էի այլ աշխատանք գտնել դրա համար։ Իսկ ես ընտրեցի պակաս եկամտաբեր կարպետագործությունը, որպեսզի իմ սիրելի աշխատանքով գումար վաստակեմ։

-Ովքե՞ր են հիմնական պատվիրատուները, և որտեղի՞ց կարելի է ձեռք բերել Ձեր աշխատանքներից։ 

-Հիմնական պատվիրատուներս ընկերներս են, ընկերներիս ընկերները և գրական շրջանակի մարդիկ ու ընթերցասերներ, ովքեր երևի թե ցանկանում են առավել «գունեղ» դարձնել ընթերցանության գործընթացը։

Էջանշան ձեռք բերելու համար մարդիկ կարող են գտնել իմ ֆեյսբուքյան և նաև ինստագրամյան էջերը` «Էջանշաններ» անվանմամբ, և պատվիրել։ Ցավոք սրտի, առաքում դեռևս հնարավոր է միայն Երևան և Վանաձոր քաղաքներում։

-Արդյոք հնարավո՞ր է Հայաստանում ձեռագործ իրեր վաճառելով լավ գումար աշխատել։ 

-Կարծում եմ, որ այո, ամեն ինչ էլ հնարավոր է։ Սակայն ինձ մոտ գները առավել հարմարեցված են տիրող սոցիալական վիճակին և բավականին մատչելի են, հետևաբար ինձ համար դժվար է լավ գումար աշխատելը։

-Որո՞նք են հիմնական խնդիրները Ձեր աշխատանքում։

-Էջանշանների չափը շատ փոքր է, և անհրաժեշտ է սովորականից առավել ուշադիր լինել, մանրակրկտորեն աշխատել լավ արդյունք ստանալու համար։ Դժվարություն է նաև այն, որ երբեմն պատվիրատուները լավ չեն պատկերացնում, թե ինչ է կարպետը, և տալիս են այնպիսի պատվերներ, որ գրեթե անհնար է գործել։

-Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր աշխատանքում։

-Իմ աշխատանքի ամենամեծ առավելությունը իմ ազատությունն է թե՛ ժամանակային առումով՝ բացառությամբ վերջնաժամկետով պատվերները, թե՛ հատկապես ստեղծագործական առումով, այսինքն ես եմ հիմնականում ընտրում գույները և նախշերը։

-Ի՞նչ հետագա պլաններ ունեք։ 

-Անկեղծ ասած՝ որևէ ստույգ պլան առհասարակ չեմ կազմում կյանքում։ Ամեն ինչ թողնում եմ, այսպես ասած, բախտի քմահաճույքին։

-Ի՞նչ կավելացնեիք վերջում։ 

-Ուզում եմ ասել, որ ունեմ մի երազանք, որ բոլոր մարդիկ ունենան իմ էջանշաններից, որովհետև ճիշտ է, նրանք բոլորը տարբեր են՝ մեկը մյուսին չեն կրկնում, սակայն դրանք իմ ջերմությունն ու էներգիան են իրենց մեջ ամփոփում, իմ ճառագայթներն են։