astghik hunanyan

Ֆիլմերի ու սերիալների ամառս

Չկա ավելի ինքնավստահ մարդ, քան այն թղթակիցը, որը ծուլության հետ թեժ պայքարում հաղթող դուրս գալուց հետո՝ գրում ու իր մտքերն ու ապրումները շալակդ է տալիս։ Դե, էն մամա-պապաների նման, էլի, որ իրենց երեխային բառիս բուն իմաստով փաթաթում են քեռու վզին, որովհետև քեռին քեռի է, որովհետև քեռին պարտավոր է, ու որովհետև քանի քեռին կա՝ երեխեքը պիտի հարսանիքներին խեղճի վզին նստած պարեն, ծնունդներին՝ խեղճի վզին նստած մոմ փչեն, կամ խեղճի վզին նստած նկարվեն։ Լավ, ոնց որ շեղվեցի, խեղճ քեռիների տանջալից պարտականությունների մասին չեմ եկել խոսեմ։

Ուրեմն, ամեն տարի դպրոց մտնելիս քեզ հանձնարարում են նույն հիմար շարադրությունը գրել, ինչ անցյալ տարի, կամ նախանցյալ, կամ երեք տարի առաջ: Երևի հասկացաք՝ խոսքն ինչի մասին է՝ ամառային արձակուրդների մասին շարադրությունների։ Ու ամեն տարի դու պիտի օրինակելի աշակերտի ամռան մասին մի անհեթեթ շարադարություն գրես, ավելի ճիշտ՝ ստես։ Օրինակ՝ «Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ ու, ամբողջ ամառ առանց մի օր հանգստանալու՝ կարդացել եմ շատ ու շատ գրքեր, գրել եմ հազարավոր թելադրություններ, ու ես չեմ սիրում ժամանակս անտեղի վատնել»: Իսկ դրանից հետո մի քանի գրքերի վերնագրեր պիտի գրես, որ «ժուկով ժամանակով» ես կարդացել ու մի քանիսն էլ պիտի ասես, թե չես հիշում վերնագրերը, որովհետև եթե քեզ անծանոթ գրքերի վերնագրեր գրես, ու հանկարծ ուսուցիչդ դրանից հարցեր տա, դու էլ չկարողանաս պատասխանել, քեզ կմատնես։ Բայց աշակերտների մի տեսակ էլ կա, որ անընդհատ ձգձգում է շարադրություն գրելը, մինչև չեն սպառնում «2» նշանակել, ու ինքն էլ՝ մյուսների նման, ստիպված մի երկու էջ սևացնում է, ու վերջ։

Սակայն այս տարի, ի զարմանս ինձ, ոչ մի այդպիսի շարադրություն էլ գրել չհանձնարարեցին, ինչն, իհարկե, բավականին տխրեցնող էր: Հասկանում ես, որ իսկապես մեծացել ես և ուրիշ տաղտկալի սովորություններից էլ պիտի հրաժարվես։ Բայց չէ, չկարծեք՝ մեծանալու մասին եմ եկել խոսելու, էլի մի քիչ շեղվեցի։ Իրականում ողջ ամառ սպասել էի սեպտեմբերին, որ ութ տարվա ընթացքում առաջին անգամ ճիշտը գրեի այդ անիծյալ շարադրության մեջ։ Էն ծույլ աշակերտի նման (մի ամիս ուշացումով) եկել եմ պատմելու ամառային արձակուրդիս մասին, հո դեմ չե՞ք։

Դե, իհարկե գիտեք, որ 9-րդ դասարանցու արձակուրդները ոչ թե երեք ամիս են տևում, այլ երկու, ու դու պիտի երկու ամսում, 60 օրում, 1440 ժամում ու եսիմ քանի վայրկյանում (իրականում հավես չարեցի հաշվեմ վայրկյանները) հասցնես և՛ լիարժեք հանգստանալ քննություններից, պարապմունքներից ու դասերից, և՛ մի քանի գեղարվեստական գիրք կարդալ՝ հասարակագիտությանդ ուսուցչի հանդիմանությանը չարժանանալու համար։ Ես, իհարկե, ոչ մեկը հասցրեցի, ոչ էլ՝ մյուսը։

Ամսվա սկզբից կարդացի «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին», «Աստղային կարուսել», «Մեղավոր են աստղերը» գրքերը։ Բնականաբար, Շերլոկի հետ ծանոթանալուց հետո չէի կարող սերիալն էլ չնայել, ու գրքերի հետ ջերմ շփումը կիսատ թողնելով՝ անցա սերիալին։ Պետք է ասեմ, որ ես ուղղակի տարվեցի Շերլոկով ու ամեն-ամեն ինչով, ինչը նրան էր վերաբերվում, բայց հիասթափությունն էլ սպասեցնել չտվեց։ Երբ հասա «Բասկերվիլների շանը», հասկացա, որ գրքի այդ պատմության համեմատ՝ ֆիլմը ոչինչ է։ Արմատապես փոխված էր ամբողջ պատմությունը, սկիզբը, ընթացքը, ավարտն էլ հետը: Ախր, գրքում ամեն ինչն այնքան փառահեղ է նկարագրված, այնքան փառահեղ զարգացում ու հանգուցալուծում ունի էդ հասարակ պատմությունը, որ ամեն նախադասության հետ չես կարողանում հետաքրքրությունից չայրվել։ Հետո ես իմացա «Teen Wolf» սերիալի մասին։ Եթե դու կարծում ես, որ այդ մարդագայլերի մասին սերիալը հիմարություն է կամ էժանագին կրկնօրինակ, ուրեմն մենք իսկապես խոսելու բան չունենք։ Գիտեմ, առաջին սեզոնում էկրանիզացիան այնքան էլ լավը չէ, բայց սցենարն իսկապես փառահեղ է (նայողները հերքել չեն կարող)։ Ամեն-ամեն ինչ այնքան մանրակրկիտ է մտածված, այնքան հետաքրքիր, որ դու էլ ավտոմատաբար նրանց կյանքի մեջ ես ներգրավվում, դե, կամ էլ քեզ այդպես ես զգում։ Գիտե՞ք՝ այդ սերիալն ինչն է յուրահատուկ դարձնում. գլխավոր հերոսներն անչափ համախմբված են, իրարից գաղտնիքներ չեն թաքցում, տեղեկացված են լինում ամեն մեկի զգացածի ու տեսածի մասին, հավատում են միմյանց:

Մյուս սերիալը, որ նայեցի՝ «Ռիվերդեյլ»-ն էր՝ հրաշալի դետեկտիվ ու թրիլլեր, մինչև վերջին սերիան չեք կարող կռահել, թե ով է մարդասպանը, ու ինքը՝ սերիալը, շա՜տ հետաքրքիր ընթացք ունի։ Նայեք, չեք փոշմանի։

Ֆիլմեր էլ եմ շատ նայել, բայց դժվար թե բոլորի անուններն էլ հիշեմ։ Կառանձնացնեմ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը», «Երկրաշարժ» ֆիլմերը, որոնք մեկը մյուսից լավն են, ու ի դեպ՝ իրական պատմությունների վրա հիմնված։ Երկրորդը մեր Սպիտակի երկրաշարժի մասին է, եթե չեք նայել, նայեք անպայման, դրանից հզոր ֆիլմ երևի չկարողանամ առաջարկել: «Տիտանիկը» նայեցի այս տարի առաջին անգամ ու խոստովանում եմ՝ մի կուշտ լացել եմ։ Գիտե՞ք՝ ինչի են մարդիկ լացում դրամատիկ ֆիլմ նայելիս, երբ ինչ-որ մի հերոս մահանում է, որովհետև նրանք կապվում են դերասանների, կերպարների հետ, ունենում նույն հոգեվիճակը, ինչ ֆիլմի հերոսները, այլ ոչ թե՝ որովհետև «ղզիկ» են։ Լավ, դրա մասին, որ սկսեմ խոսել, չեմ կարողանա վերջացնել, մի օր կանդրադառնամ։ «Տիտանիկը» նայելուց հետո սկսեցի նայել Լեոնարդո Դի Կապրիոյի բոլոր ֆիլմերը՝ սկսած 1991թ.-ի ֆիլմերից, երբ նա դեռ երեխա էր, բայց, դե նույնքան գրավիչ, որքան 1995 թ.-ին էր, և որքան հիմա է։ Գրքերը մնացին հետևում։

Միայն մի բանի համար եմ ափսոսում. մի քանի սերիալ էլ էի պլանավորել նայել, բայց չհասցրի, մի քանիսն էլ ուղղակի կիսատ եմ թողել։ Մյուս տարի անպայման կավարտեմ ու կկիսվեմ տպավորություններով։

Հ. Գ. Ասում են՝ ամենաարագ սերիալ նայողն եմ. մի օրում՝ 2 սեզոն, հա ի՞նչ է եղել, որ։