mariam yavrumyan

25 րոպեով

Ընդհանրապես զբոսնել չեմ սիրում, բայց չափազանց հագեցած (դե, ոչ դրական առումով) օր էի ունեցել, ու գլուխս ինչ-որ անհասկանալի նոպայով էլի ցավում էր։ Ուրեմն մաքուր օդ էր պետք։ Բնականաբար, ընկերներիցս ոչ ոք չեկավ հետս, որովհետև չափից դուրս ձանձրալին եմ։ Երկար ու լիքը մտածելուց հետո հասկացա, որ մենակ պետք է դուրս գամ։

Դուրս եկա ու ընտրելով ամենախառը ու երկար ճանապարհը՝ հասա այգի։ Այգին արագ անցա, որովհետև զզվելի էին աղմուկը, շատրվանների ձայները, փոփ-քորնի հոտն ու ընդհանրապես, ամեն ինչ։ Անգամ ոտքի տակ ընկնող համով երեխեքը, որոնց սովորաբար ժպտում եմ, ազդեցին նյարդային համակարգիս վրա։

Տեսա լիքը մարդկանց, ում չպետք է տեսնեի, ու այգուց վերջապես պրծա։

Հիմա փողոցն էր՝ անգույն, անմարդաբնակ ու մոխրագույն տրամադրություն փոխանցող։ Անբացատրելի հանգիստ զգացի ու մի պահ չգիտեմ՝ ինչի, հիշեցի, որ կատարյալ հանգստության համար պետք է մարմինդ ու հոգիդ ներդաշնակ լինեն։ Իրականում չգիտեմ՝ ինչ է նշանակում, բայց հաստատ զգացի դրա իմաստը։ Հիմա որ վերլուծում եմ, հասկանում եմ, որ ուղղակի միտք էր, որ սահեց ու անցավ։ Իսկ մոռացված միտքը երբեք ինչ-որ դարակում չի պահվում։ Կորչում, գնում է։ Իսկ այդ ժամանակ ես ինձ ներդաշնակության վերջին փուլում էի զգում։

Մտա շենքի մուտք ու պատշգամբից մի քիչ էլ իդեալականություն խլելով՝ շնչեցի երբևէ ամենամաքուր օդը։ Հետո մտա տուն ու զգացի, որ գլխիս ցավն ընդամենը 25 րոպեով ու հրաշքով անհետացել էր։