«Բնության գրկում»

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Ապրիլի չորսին Եղեգնաձորի պատկերասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Մհեր Հարությունյանի «Բնության գրկում» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Մհեր Հարությունյանը ծնվել է 1976 թվականին Գնդեվազ գյուղում։ 1986-1990 թվականներին սովորել է Ջերմուկի արվեստի դպրոցում։ 1991-1995 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում։ 1996-2002 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժնում։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, և այս ցուցահանդեսը դրանցից մեկն էր։

Ցուցահանդեսի ներկաների թվում Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Բագրատունին էր, որը շնորհավորեց գեղանկարչին և իր սրտի խոսքն ասաց.

-Ես վերջերս տեղեկացա, որ գեղարվեստի թանգարանում նույնպես բացվել է գեղանկարիչ Մհեր Հարությունյանի ցուցահանդեսը։ Շատ ուրախ եմ, որ մեր մարզի ստեղծագործող անձինք ոչ միայն այստեղ, այլ նաև ավելի լայն հարթակներում ներկայանալու հնարավորություն ունեն։ Գարունները հայ ժողովրդի համար դժվար ու հետաքրքիր են։ Ջերմուկում գարունները ձնառատ են լինում, հետո բնությունը շռայլ է գտնվում, և մենք այժմ կտավներին նայելով՝ վայելում ենք Վայոց Ձորի բնության հրաշքները։ Ես վստահ եմ, որ արվեստագետների գործը ամենակարևորն է, որովհետև նրանք տպավորվում, ընկալում և վերաիմաստավորված անգնահատելի կտավներ են փոխանցում սերունդներին։ Այն ժառանգությունը, որ թողնում են արվեստագետները՝ հանձինս այս կտավների, շատ ավելի երկար են պատմելու մեր Վայոց Ձորի մասին, մեր բնության մասին։

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Այնուհետև խոսքը փոխանցվեց Ջերմուկի պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանին։

-Ես եկել եմ այստեղ՝ ներկայացնելու գեղանկարիչ Մհեր Հարությունյանին իմ աչքերով։ Այնպես, ինչպես մարդկանցից յուրաքանչյուրն է անհատականություն, այդպես էլ յուրաքանչյուր նկար իր առանձնահատկությունն ունի։ Եթե յուրաքանչյուր մարդ նույն նկարը նկարի, նա իր տեսածն է վերարտադրելու, իր գույներով։ Ես շատ կարևոր եմ համարում պրոֆեսիոնալիզմը բոլոր առումներով և բոլոր մասնագիտությունների մեջ։ Եթե բժշկության մեջ բժիշկը պրոֆեսիոնալ չեղավ, նրան ոչ ոք չի վստահի իր առողջությունը։ Իսկ գիտե՞ք՝ ինչքան լավ է, երբ իր գործում պրոֆեսիոնալ է արվեստագետը, տվյալ դեպքում՝ գեղանկարիչը։ Հարգի է և մնայուն այն նկարիչը, որը անցել է պրոֆեսիոնալ ճանապարհ և իր աշխատանքները կարողանում է ներկայացնել պրոֆեսիոնալ մակարդակով։
Ինչպես ասում է մեծ արվեստաբան Շահեն Խաչատրյանը՝ նկարիչը նկարիչ է անպայման, երբ կարողանում է առաջին հերթին իր զգացածը վերարտադրել կտավի վրա։
Նկարիչ են նրանք, ում բնությունը այդ կոչումը տվել է, և իրենք իրենց սովորած, անցած ճանապարհը համադրում են այդ տաղանդի հետ։
Մհեր Հարությունյանը այն եզակի նկարիչներից է, որը միշտ զարգացնում է իր նկարները, զուգահեռ օգտվում է գրականությունից, անընդհատ կարդում է, նկարում է, և այդ ամբողջը համակցում է իրար՝ արդյունքում ստանալով իրական նկարներ։
Ես սրտանց շնորհավորում եմ Մհեր Հարությունյանին՝ այս ցուցահանդեսի առթիվ։

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Իսկ հետո խոսեց գեղանկարիչ Մհեր Հարությունյանը.

-Երբ նկարը դրված է արվեստանոցում, մենք նայում ենք։ Ես նայում եմ նկարներին, շատ ժամանակ հիանում եմ, շատ ժամանակ դրանք ինձ դուր չեն գալիս։ Նկարներ են լինում, որոնք տարիներով մնում են մի անկյունում դրված, բայց երբ նկարները կախում ես ցուցասրահում և տեսնում ես, որ մարդիկ եկել և նայում են նկարները, գնահատում են աշխատանքներդ, ինչ-որ հարազատ մի բան են գտնում նկարներում, հենց այդ ժամանակ է, որ քեզ բավարարված և գնահատված ես զգում։ Ցուցահանդեսները շատ լավ առիթ են այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են արվեստով։ Նայում ու տեսնում ես, որ հարազատներդ, ընկերներդ և շատ մարդիկ են եկել ցուցահանդեսդ նայելու, և միտք է առաջանում ավելի շատ ցուցահանդեսներ կազմակերպելու։
Ես շատ ուրախ եմ, որ կան պատկերասրահներ, որոնցում ցուցադրվում են տարբեր նկարիչների աշխատանքները։
Շնորհակալություն եմ հայտնում Եղեգնաձորի պատկերասրահի աշխատակիցներին, որոնք աջակցեցին ինձ, և հնարավորություն ունեցա մեր մարզում կազմակերպելու իմ գեղանկարների ցուցահանդեսը։

Ներկաների թվում էր նաև Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը։
Բոլոր ներկաները շնորհավորեցին գեղանկարչին ցուցահանդեսի կապակցությամբ՝ մաղթելով բազմաթիվ հաջողություններ։