Վահե Ստեփանյանի բոլոր հրապարակումները

vahe11

Կյանքի հարաբերականության մասին

Գրում եմ էլի, չնայած՝ մի երեք շաբաթ առաջ ինքս ինձ խոստացել էի, որ էլ կյանքում չեմ գրի, բայց մի բան ինձ հետ համոզեց։ Մի բան չէ, մեկի ասած մի նախադասություն։ Ուրեմն պիտի գրեմ։

Դեպքը չեմ ուզում պատմել, թե ոնց մտքովս անցավ այլևս չգրել։ Հոսպիտալում կորավ գրածներիցս մեկը։ Ինձ համար կարևոր մի բան։ Երևի կյանքում էդպես ոչ գրել եմ, ոչ էլ կգրեմ։ Ուղղակի բացի մի էջից, որը բուժքույրը կարդաց, ոչ մեկը չկարդաց էլ։ Նույնիսկ ես։ 25 էջ։ Իսկ ես բավականին մանր եմ գրում։ Ու էդ օրվանից մինչև հիմա գրիչը ձեռքս էի վերցրել միայն ինչ-որ անկապ բաներ ստորագրելու համար, ինչպիսիք խրձով օրվա մեջ ստորագրում ենք անիմաստ։ Ու էդպես «էլ կյանքում ոչ մի բան գրողը չեմ» եսս ապրեց մի 25 օր։ 25 օրվա կյանքով եսս մի քանի բառով մեռավ։ Ու կապ չունի՝ ինչ կլինի, լավ եմ գրում, թե վատ, դուր է գալիս ինչ-որ մեկին, թե չէ, ինչ պատահի՝ միշտ գրելու եմ։ Էս մի եսս հուսով եմ մինչև կյանքիս վերջը կապրի։

Հիմա, ճիշտն ասած, բավականին տխուր եմ։ Տրամադրություն ընդհանրապես չունեմ։ Հավեսով մեր տան հեռուստացույցի ալիքները կթերթեի ու մի բան կնայեի։ Երևի էլի եմ ասել՝ հեռուստացույց նայել շատ եմ սիրում։ Ու երևի իմ հասակակիցներից մի քանի անգամ ավելի շատ եմ ժամանակ ծախսել հեռուստացույցի վրա։ Դե, գիտես, հիմա ամեն մեկը մի բան որ ուզի նայել, ոչ պիտի սպասի մինչև չորեքշաբթի ժամը 20։45, ոչ էլ կռվի տանեցիների հետ, թե ինչ պիտի նայեն հյուրասենյակի ընդհանուր հեռուստացույցով։ Իսկ ինձ անասելի հաճույք է պատճառում այդ ամենը։ Ճիշտն ասած՝ կարգին չգիտեմ՝ ինչի։ Երևի էն տիպի եմ խուսափում որոշումներ ընդունելուց, որ նույնիսկ չեմ ուզում ինքս ընտրել, թե ինչ նայեմ։ Ինձ էդպես է թվում, ավելի խելքին մոտիկ պատճառ չեմ գտնում։ Դե, հաստատ չեմ ասում։ Երևի էդպես է։ Համ էլ էդ եղանակով չգիտես, թե որ վայրկյանին ինչ նոր բան կիմանաս ու որտեղից։ Օրինակ՝ եթե հեռուստացույց չնայեի, երբեք չէի իմանա, որ 2005 թվականին նույն իմ անունն ունեցող ինչ-որ մի տղա լոտոյով ժիգուլի է շահել։ Դե, եսիմ ինչ չի, բայց մեկ-մեկ հիշում եմ, թե ոնց էի 6 տարեկանում զարմացել, որ էլի մարդ կա Ստեփանյան Վահե անուն ազգանունով։ Էսքանը երևի հեռուստացույցների մասին։

Հետո, մի շաբաթ առաջ պապս էր մահացել։ Բաբկեն էր անունը։ Գյուղացի հասարակ մարդ էր, միամիտ, ահավոր աշխատասեր, էն տիպի, որ 87 տարեկանում ամբողջ այգին էտել է մինչև մահանալը։ Դեռ փորելու էլ էր։ Հետո չոքեչոք, ձեռքերով բոլոր խոտերը պիտի պոկեր։ Իսկ մեր այգին շատ մեծ է։ Նույնիսկ չեմ ուզում պատմել, թե ինչ անհեթեթությունից է մահացել։ Չեմ կարողանում առանց ներվայնանալու խոսել դեպքի անհեթեթությունից։ Ամբողջ արարողությունների ժամանակ ներվայնանում էի էն մարդու ճառերից, որտեղ նշվում էր, թե պապս 88 տարեկան էր։ Ախր, դեռ դեկտեմբերի 4-ը չի եկել, ի՞նչ 88։ Ես էդ մտահոգությամբ կիսվեցի ընկերոջս հետ հենց առաջին դեպքից։ Հետո նա ամեն 88-ի հետ ուսս սեղմում էր։

Իսկ քեզ խնկի հոտը տեսնես դուր գալի՞ս է, թե՞ չէ։ Ինձ շատ է դուր գալիս։ Այգին եկող տարի ո՞վ կէտի։ Լավ, մի բան կմտածենք։

Սա կյանք է կյանքի մեջ

vahe11Հարգելի ընթերցող, ես Վահեն եմ Մալիշկայից։ Սիրում եմ գրել, կարդալ, ֆիլմեր նայել, ֆուտբոլ խաղալ, սիրում եմ ընկերներիս ու ընկերուհուս, քրոջս ու մեկ էլ շանս եմ սիրել։ Ես արդեն մեկ տարուց ավելի է՝ ծառայության մեջ եմ Հայոց բանակում։ Եթե հանենք պաթոսը, էստեղ, անկեղծ ասած, ոչ մեկն էլ հիացած չի, որ բան ու գործ թողած եկել է բանակ։ Բայց, դե ոչ մեկն էլ չի նվնվում։ Հայի հոգեբանություն է՝ բանակը սրբություն է։ Իսկ զինվորի անձը մեր ազգի համար առնվազն հերոս է։ Ուրեմն՝ գալով ծառայության՝ դառնում ես հերոս, որին հավատում ու վստահում են հազարավոր մարդիկ։ Պիտի միշտ ուշադիր լինես քեզ վրա հույս դնողներին չհիասթափեցնելու համար։ Հենց դա էլ բանակն ա. վստահություն ու պատասխանատվություն։

Կներեք, ես էս թեմայով ընդհանրապես չեմ սիրում խոսել, մի փոքր ուղերձ կանեմ ընդամենը բոլոր նրանց, ովքեր դեռ պիտի ծառայեն բանակում։ Կարող եք չընդունել, բայց ես ասում եմ ի սրտե, միգուցե պետք գա։ Երբեք բանակում չլինեք այն մարդը, որը չեք եղել կամ չեք կարող լինել քաղաքացիական կյանքում։ Մի եղեք չարացած կամ տրամադրված ոչ մեկի հանդեպ։ Բոլորն էլ տղաներ են՝ վատ կամ լավ։ Վատը մնում է վատ, ստանում է վատը, իսկ լավը արժանի ա լավին։ Ձեզ էստեղ շատ հիասթափություններ և շատ հիանալի օրեր են սպասվում։ Սա կյանք է կյանքի մեջ։ Փորձեք ճիշտ ապրել այն։

Սիրով ու հարգանքով՝ շարքային Ստեփանյան:

vahe stepanyan

Թե ոնց եղավ, որ էլ չեմ գրում

3 անց 47։ Ժամը նայում եմ, նոր սկսում եմ գրել։ Երկար ու նեղ սենյակում 5 հատ երկու հարկանի մահճակալ կա, 3 հատ էլ կողապահարան (տումբոչկա)։ Էսքանն է մեր սենյակի կահավորումը։ Տասը հատ անկողին, չորսը՝ ազատ, մնացածին պառկած են կարճ սանրվածքով ու կանաչ շապիկներով 7 երիտասարդ։ Ես մաթեմից էնքան էլ լավ չեմ, բայց ամեն դեպքում, չեմ խառնում։ Ուղղակի մահճակալներից մեկին երկուսով են։ Մ-ն ու Ա-ն խորացած խաչբառ են լուծում։ Մ-ն գրում է, Ա-ն՝ հուշում։

-Կրկեսամարտիկ։ Էդի ո՞րն ա։

-Գլադիատոր, այ եզ։

-Արա դե հելի ռադ եղի։ Չի ըլում։ Արա, չէ, եղավ։ ԱՄՆ նախագահ, Ա-ով ա սկսում, մեկ, երկու, չորս, վեց տառ, հինգերորդն էլ՝ հ․․․

Մյուս մահճակալին Ռ-ն է քնած։ Ձեռքերը խաչել է կրծքին ու անշարժ նայում է առաստաղին, դե, փակ աչքերով։ Ռ-ն երկրորդ հարկում է պառկած, առաջինն էլ ազատ է։ Թե ասա, որ առաջին հարկ ազատ տեղ կա, ինչի՞ ես վերև բարձրացել։ Չնայած՝ գիտեմ։ Թղթաբանությամբ իր տեղերն են 2-րդ հարկում։ Շատ կարգապահ տղա է Ռ-ն։ Տարօրինակի մեկն է։

Ռ-ենց մահճակալից աջ՝ առաջին հարկում Հ-ն է փլվել։ Երեք րոպե առաջ հետս իր դիմաց աթոռին դրված հաստափոր էկոնոմիկայի մասին գիրքն էր քննարկում, ձեռքի հետ էլ համոզում էր, որ իր ուզած երգը դնեմ։ Իսկ հիմա նստած մահճակալին հետ է փլվել հետևի պատին, որին աջ կողմով կպած է մահճակալը։ Գրիչը՝ ձեռքին, բավականին ծիծաղելի դեմքով քնած է։ Իսկ ընդհանրապես, նա ֆիզիկա է սովորում։ Համ էլ բարմեն է քաղաքի ամենահայտնի տեղերից մեկում։ Ցերեկներն էլ «Սիթի»-ում ապրանք է դատարկում։ Հա, ու մեկ էլ փափուկ «Նոյ» է ծխում։ 19 տարեկան։ Դաժան տիպ է։

Վերևում Տ-ն է պառկած։ Էնպես էլ դիրք է գտել։ Ձախ ձեռքը գլխի տակ է դրել, գլուխը՝ մահճակալի եզրին, աջն էլ մահճակալից հատակի հետ հորիզոնական կախել միջանցքում էնպես, որ ձեռքը Ռ-ի մահճակալին է հասնում։ Գիտեք, գիշերը հերթափոխից գալիս քանի անգամ եմ մութ տեղը մահճակալիս ճամփին դեմքով խփել ձեռքին։ Շատ անգամներ։ Իսկ Տ-ն միշտ նույն դիրքով պառկած է։ Մեկ-մեկ քնած տեղը անհեթեթություններ է խոսում, արթնանում ու մեզ հետ ծիծաղում իր ասածների վրա։

Սենյակում 6-րդ մարդը պառկած է Տ-ի հենց գլխի մասի մոտի 2-րդ հարկում։ Գ-ն էլ է քնած՝ պինդ ու մեռած քնով։ Էսօր ինժեներականի էր գնացել, լավ տանջված կլինի։ Եթե արթուն լիներ, կիսաձայն մի հիմար բան կպատմեր, ու նրան ոչ ոք չէր լսի։ Եթե երկար խոսեր, մեկը կնետեր, թե․

-Այ տղա, հո դու խփնված չե՞ս, կամ նորմալ խոսա՝ բան հասկանանք, կամ էլ` սուս արա։

-Դեհ, ես ինքս ինձ եմ, բարձր ասեմ, որ ի՞նչ․․․

Ու կպտտվեր պատի կողմ, մի քանի րոպեից բռունցքով կխփեր պատին ու դուրս կգար ծխելու։ Սա էլ Գ-ն։

7-րդը Վ-ն է։ Այսինքն՝ ինչ Վ։ Ես եմ։ Սենյակի աջ անկյունում 2-րդ հարկի անկողնուս պառկած սա եմ գրում։ Ես էլ գրել եմ ուզում։ Բայց էլ չեմ կարողանում։ Ամեն օր գրում եմ։ Բայց էդ գրել չարժի հաշվել։ Ուզում եմ խոսել, պատմել, բայց չեմ կարողանում։ Ուզում եմ բոլոր տետրերս լցնել, բայց գրում-ջնջում եմ։ Առաջ ընդհանրապես ոչ սևագիր էի անում, ոչ ջնջում ինչ-որ բան։ Էդպես էլ որոշեցի չգրել։ Մեծ բան չեք կորցրել։ Բայց ձեռքս ինձնից անկախ գրպանս է մտնում՝ գրիչի հետևից։ Եվ․․․

Եվ այսպես՝ 4 անց 31։ Էսքանը կարողացա գրել։ Էս անգամ կտամ կարդաք։

Երբ արդեն զինվոր ես

Narek SoghoyanԿուրսանտ Սողոյան

Մինչ Վահեն մտածում է, թե ինչպես կարելի է վերնագրել նյութը, ես արագ-արագ վերհիշում ու գրում եմ այս մեկ ամսվա մեջ մեր տեսածը և զգացածը։ Կարծում եմ՝ Վահե զինվորը կհետաքրքրի բոլորին, դե, ես էլ մեծ սիրով կպատմեմ նրա մասին՝ իհարկե, հաշվի առնելով, որ չօգտագործվի ոչ մի ռազմական գաղտնիք։

Ես արդեն մի քանի օրվա զինվոր էի, երբ զորամասի անձնակազմը համալրվեց նոր զինվորներով, որոնց թվում էր նաև Վահեն։ Ինձ մոտ մինչ նրանց գալը սպասողական վիճակ էր․ մտածում էի՝ գոնե այս անգամ տղաների մեջ լինի հարազատ մեկը։ Մինչ այդ Վահեին մի անգամ էի տեսել, ու երբեք չէի կարող պատկերացնել, որ ես ու Վահեն կարող ենք ծառայակից ընկերներ դառնալ։ Անկեղծ եմ ասում՝ նրա հենց առաջին հայացքը հարազատ էր։ Ու հենց այդ պահին էլ հասկացա, որ նույնիսկ մեկ անգամ քեզ հանդիպած մարդը բանակում շատ հարազատ է թվում։

Հետաքրքիրն այն էր, որ այդքան մտամոլոր հայացքների մեջ միայն Վահեն էր ժպտում։ Նույն ժպիտով նա ամեն անգամ ինձ հանդիպում էր ֆեյսբուքիս պատին՝ իր նոր, հետաքրքիր ու մեկ-մեկ էլ ծիծաղելի նյութերով։

Որպեսզի չձանձրացնեմ ընթերցողին, կարճ կասեմ, որ 17-ցի Վահե Ստեփանյանը լավ զինվոր է։ Չգիտեմ՝ որքանով ստացված կլինի այս նյութը, որովհետև չգիտեմ՝ հիմա ինչ է գրում Վահեն, իսկ մտահղացումն այն է, որ ստացվի ամբողջական նյութ՝ 2 կտորից։ Բայց անկախ ամենից՝ կարծում եմ, որ երկուսիս պատկերացումներն էլ նույնն են բանակային կյանքի վերաբերյալ, և ոնց էլ չլինի՝ նման բաներ կգրենք։ Խոսելով տղաներից՝ կասեմ, որ բոլորն էլ լավ են, որովհետև բոլորիս ճակատագրերը մի քանի ամսով նույնն են։ Էստեղ կարոտում ենք հասարակ ամեն մի բան։ Բայց ժամանակը կորած էլ չենք համարում, որովհետև գիտակցում ենք, որ սրանք մեր կյանքի կայացման կարևոր տարիներ են։ Երևի թե էսքանը։ Վահեն գրում է, իսկ ես՝ երևի վերջ։

vahe stepanyanԿուրսանտ Ստեփանյան 

Քանի որ ես ու Նարեկը պայմանավորվեցինք առանձին գրել, հետո միացնել գրածները, ես չգիտեմ՝ Նարեկն ինչի մասին է գրում։ Կարող է պատահի՝ մտածում ա, թե ինչ եմ ես մտածում ու գրում ա հենց դրա մասին։ Լավ, դա էական էլ չի։ Ես սկզբից էլ էս մտահղացմանը անփառունակ վախճան էի կանխատեսել։ Չեմ հիշում՝ որերորդ օրս էր բանակում, երբ Նարեկի հետ ծանոթացա 2-րդ անգամ։ Մի անգամ էլ ապրիլին Սուրոն էր ծանոթացրել (հատուկ շնորհակալություններ, համ էլ՝ բարլուս, ի՞նչ կա)։

Հա, ես բանակում եմ, Նարեկն էլ հետս։ Արա, դե փոքր ա էլի Հայաստանը։ 17-ցիներով նույն տեղում ենք ծառայում, էն էլ՝ ոչ հասարակ զորքերում։

vahe stepanyan

Ոսկե սկավառակի վրա

Գիտեք՝ երբ բան չկա անելու, NASA-ի կայքում ինչ-որ հետաքրքիր բան փնտրելը հաստատ վերջին բանը չի, որ կգա մտքիդ: Իսկ ես սովորաբար կիրակի առավոտները բան չունեմ անելու: Ես հանգիստ սրտով բացում եմ NASA-ի կայքն ու հանգիստ սրտով մտնում ուր ուզում եմ: Մեկ-մեկ մեզ զգում ենք մարդկությունից հեռու ու կտրված: Մեկ-մեկ մեզ զգում ենք ամեն ինչից ամենահեռուն գտնվողը: Բայց NASA-ում ձեր սրտաճմլիկ պահերը ոչ մեկին չեն հետաքրքրում: Որովհետև մարդկությունից ամենահեռուն գտնվողը իրականում Վոյաջեր-1 ավտոմատ միջմոլորակային կայանն ա: Ինքը էնքան հեռու ա երկրից, որ նույնիսկ դուք ձեր ամենադեպրեսված վիճակում դժվար էդքան հեռանաք: Համենայնդեպս, դուք շատ-շատ մտածեք. «Երանի Մարսի վրա լինեի ու սատկեի մենակության մեջ», իսկ Վոյաջերը արդեն վաղուց էլ արեգակնային համակարգում չի: Ուրեմն սրանից հետո կարող եք ասել. «Երանի Վոյաջերի տեղը լինեի»: Բայց, իհարկե, էդտեղ ոչ մի երանի տալու բան էլ չկա: Էս վերջերս արդեն ստացվեց, որ խեղճ կայանը մեն-մենակ արդեն 40 տարի ա՝ գնում ա, ինքն էլ չգիտի՝ ուր: Բայց էդ կարևոր չի: Դե նենց չի, որ հիմա կարևոր բան կասեմ: Բայց, դե հիմա… Մոռացեք: Դե, քանի որ Վոյաջերը հիմա մարդկության ոչ ամենահեռանկարային, բայց գոնե ամենաարագ ընթացող ներկայացուցիչն է միջաստղային տարածությունում, NASA-ն բռնել ու մտածել է էսպես բան անել: Վոյաջերի վրա կա մի ոսկե սկավառակ, որի մի երեսին մարդկության մասին առաջնահերթ ինֆորմացիա է, իսկ մյուսը ձայնապնակ է մարդկության մասին ձայներով: Մի շտապեք մտածել, որ մեր ինֆորմացիան ու պնակը միևնույնն է՝ չեն հասկանա, որովհետև դրանց հետ կապված ամեն ինչը մենք ենք հորինել: Նույն վայրկյանները, տառեր-թվերն ու ամեն ինչը: Դրա համար հատուկ հաշվարկման համակարգ են ստեղծել ու փորագրել սկավառակի վրա: Իսկ ինչ վերաբերվում ա պնակին. ըհ, թերևս հույս ենք դնում այլմոլորակայինների ստեղծագործ մտքի վրա: Իհարկե, հնարավոր ա՝ մի օր Վոյաջերը հասնի մի բանական էակներով լցված մոլորակի, բայց մեր սկավառակը ընդունեն ուրիշ բանի տեղ ու գցեն աղբը: Ամեն ինչ էլ հնարավոր ա: Ոնց ասում են. «Երբեք չգիտես՝ ինչ կմտածի այլմոլորակայինը ձեր մոլորակի մասին»: Հա լավ, էդպես ոչ մեկը չի ասում: Ես եմ ասում: Կարող եք դուք էլ ասել, դեմ չեմ լինի:

Անցած դարի սկզբին Տեխասի անապատներում կորած քաղաքներից մեկում մի տղա էր ապրում: Անունը՝ Վիլի: Երբ Վիլին 5 տարեկան էր, հայրը նրան սիգարի տուփից սարքած կիթառ ա նվիրում: Դե, նույն կիթառն ա, ուղղակի ռեզոնատորը դատարկ սիգրարի տուփից սարքած: Հա: Ու 7 տարեկանում խորթ մոր պատճառով կուրանում ա Վիլին: Դրա համար իրեն բոլորը գիտեն որպես Blind Վիլի Ջոնսոն, որտեղ «blind»-ը էնքան էլ կեղծանուն չի, որովհետև իրոք կույր էր էդ տղան: Հետո Վիլին դարձավ փողոցային երաժիշտ: Շատ հայտնի: Նստում էր փողոցի անկյունում, նվագում ու երգում էր: Ու ձայնն էնքան բարձր էր, որ փողոցի աղմուկը չէր լսվում: Էդպես նստած երգում ու փող էր աշխատում: Ու էդպես էլ մահացավ, երբ 48 տարեկան էր: Վոյաջերի ոսկե սկավառակի վրա Կույր Վիլին էլ ունի իր մասը: «Dark Was the Night». Վիլիի կտորն ա Վոյաջերի սկավառակի ձայների մեջ:
Ու երբ առաջին անգամ այլմոլորակայինները կարողանան միացնել սկավառակը, նրանք չեն տեսնելու, թե ինչ ռումբեր կամ ինչ տանկեր է ստեղծել մարդկությունը: Չեն տեսնելու՝ ոնց են միլիոնավոր մարդիկ սովից մեռնում: Չեն տեսնելու ոչ Էյֆելյան աշտարակը, ոչ Ազատության արձանը, ոչ էլ Բիգ Բենը: Ոչ էլ ձեզ են տեսնելու: Բոլոր այլմոլորակայինները էդ մոլորակի վրա շուչները պահած լսելու են. լսելու են 30 տարեկան մի կույր մարդու, որը Տեխասի ամայի քաղաքների փողոցներում նստած՝ սիգարի դատարկ տուփից սարքած կիթառ է նվագում ու երգում…

vahe stepanyan

Լսելու մասին

Մի րոպե: The Damned – Neat, Neat, Neat: Միացրեք, նոր կարդացեք: Ես միացրել՝ նոր եմ գրում: Ռոքի տակ կյանքը դինամիկ ա: Մարդիկ անընդհատ վազում են, իրենք էլ չգիտեն՝ ուր: Ու երբ էդ մարդկանցից մեկը դու ես, կյանքի դինամիկան չես էլ նկատում: Նորմալ ա: Էդպես ա առավոտյան միշտ: Երբ քթիդ տակ ինչ-որ երաժշտություն մզմզալով տնից դուրս ես գալիս: Երբ արագ-արագ քալում ես դեպի մետրո: Մտնում կայարան ու նայում կիսամեռ դեմքերի: Դնում ականջակալներդ ու հենվում սյանը՝ սպասելով գնացքին: Ձեռքի հետ էլ ոտքով ռիթմի հետ գետնին ես թփթփացնում: Նստում ու միանգամից տեղդ ես զիջում: Հետո նույն ձևով հենվում ես դռանը՝ վագոնում: Ու աստիճանաբար լցվելով՝ վագոնը հասնում ա էնտեղ, որտեղ պիտի դու իջնես: Ու էդպես ա, երբ քեզ կողքից հրում ու արագ-արագ առաջ են անցնում: Հա, էդպես ա կյանքը:

Գուցե շարժասանդուղքին կանգնած ես ու շուրթերով մրմնջում ես երգի հետ հավասար, որը ականջներումդ է հնչում: Ձեռքի հետ էլ նայում ես դիմացից իջնող միանման դեմքերին: Հնարավոր ա՝ մի սիրուն դեմք ես տեսնում ու քեզնից անկախ ժպտում: Բայց դժվար թե: Ու երբ վերջապես իջնում ես ու դուրս գալիս կայարանից, կանգնում ես դիմացի խանութների ցուցափեղկերից մեկի մոտ: Ու նայում ես քո արտացոլանքին: Ու մարդկանց: Ու ընդհանրապես, ամբողջ ճանապարհին դու մենակ լսել ես:

Կխնդրեմ՝ անջատեք երգը: Հա, գիտեմ, որ լավն ա, հետո կլսեք: Անջատեք երգը, որովհետև մեկ-մեկ ուրիշ բաներ էլ ա լսել պետք: Սյանը հենված՝ լսեք կայարանին մոտեցող մետրոյի վագոնների ձայնը: Լսեք շնորհակալությունը, երբ ձեր տեղը զիջում եք: Լսեք, թե ինչ ռիթմիկ են վագոնները գնում ռելսերով: Լսեք «կներեք»-ը, երբ ձեզ կողքից հրելով անցան: Լսեք քայլերի ձայները: Ու լսեք՝ ոնց ա դիմացից իջնողը քթի տակ թեթև փնչացնում, երբ նայում ես իրեն ու ժպտում քեզնից անկախ: Լսեք՝ ոնց են գրպանում մետաղադրամները բանալիների ու ժետոնների հետ չխկչխկում: Եկեք, կանգնեք նույն ցուցափեղկի դիմաց: Մի քիչ քաղաքի ձայնը լսեք: Ու գնացեք: Մեկ-մեկ էլ մարդկանց լսեք: Ոմանք դրա կարիքն ունեն: Ոմանք շատ ունեն:

Մի րոպե: Golden Earring – Radar Love: Միացրի՞ք: Դե, միացրեք: Որովետև ես միացրեցի: Իսկ դա երևի կարևոր ա: Կարող եք դնել ձեր ականջակալները: Ու քայլել ձեր գործերով:

vahe stepanyan

Դու պատմություն ես կերտում

Գիտե՞ք դպրոցում իմ սիրելի առարկան որն էր: Պատմությունը: Հա: Էն, որ ոչ մեկը չէր ուզում էդ անիծված օրերը հասնեին, ես սպասում էի: Սիրում էի դասերը, երևի էն պատճառով, որ հեշտ եմ միշտ սովորել պատմությունը: Դե, բոլորն էլ էդպես են. ինչը հեշտ է տրվում, միշտ էլ սիրում են: Ես էլ բացառություն չեմ: Հա, հնարավոր ա՝ էդ դասագրքերը ինձ համար միշտ էլ գեղարվեստական գրականության նման բաներ են եղել: Բայց դրա մեջ հեչ էլ վատ բան չկա: Ախր, էնքան հետաքրքիր բաներ կան: Ես միգուցե չեմ հիշում, թե ո՞վ էր Հայոց արքան մեր թվարկության 160 թվականին, բայց փոխարենը գիտեմ, որ Էդվին Հաբլը ծնվել ա նույն թվին, ինչ Հիտլերը ու մահացել նույնին, ինչ Ստալինը:

Ասածս ի՞նչ ա: Առաջին հայացքից էնքան անպետք ինֆորմացիա է կրում իր մեջ էդ պատմություն կոչվածը: Ինչիս ա պետք իմանալ՝ ինչ ա եղել 200 տարի առաջ: Սխալվում եք: Պետք ա: Համ էլ՝ հետաքրքիր ա: Էդ տհաճ վերաբերմունքը պատմության հանդեպ դպրոցական ուսուցումից ա գալիս: Դասերը հաճախ անհետաքրքիր են (իմ բախտը բերել ա էդ հարցում), ու բացի էդ էլ մի մոտեցում կա մեր դասագրքերում: Ես գիտեմ հաստատ, որ սովորելու համար ճիշտ ա սիստեմատիկ դասերը, բաժին առ բաժին: Տենց էլ գրված են մեր դասագրքերում: Հա, էլի եմ ասում. տենց հեշտ ա: Բայց անհետաքրքիր: Դրա համար էլ դասագրքերը մեզ հաճախ մոլորեցնում են: Իրականում պատմությունը շատ ավելի բազմաշերտ ա: Այսինքն կան իրադարձություններ , որոնք շատ  ավելի մոտ են իրար, քան ձեզ թվում է: Այ, էդտեղ գալիս ա «պատմության ընկալում» հասկացությունը: Պատմության ընկալումը երևի ամեն մեկի դեպքում տարբեր ա լինում: Հիմնականում մարդկանց մեծ մասի համար պատմությունը մի երկար գիծ ա, որի վրա շարված են իրադարձությունները հերթով: Բայց…

1960-ականների վերջին, երբ մարդկությունն սկսվեց համարվել «տիեզերական հասարակության անդամ»՝ ուղարկելով մարդ տիեզերք, կամ տասնյակ զոնդեր դեպի Լուսին, Մարս, Վեներա. այդ նույն ժամանակ ԱՄՆ-ի 16 նահանգներում (Ֆլորիդա, Տեխաս և էլի ուրիշներ) սևամորթների ու սպիտակամորթների միջև միջռասայական ամուսնությունները օրենքով արգելված էին: Կամ օրինակ, գիտեք, չէ՞, ինչ է գիլիոտինը: Եթե չգիտեք, իմացեք արագ: Ըհը: Վերջին անգամ  մահապատիժ իրագործելու համար օգտագործվել  ա Ֆրանսիայում նույն թվականին, որին  լույս ա տեսել Ջորջ Լուկասի «Star Wars» ֆանտաստիկ սագայի առաջին մասը: Հայրս արդեն 6 տարեկան էր, հեհ… Զարմանալի ա:

Չէ, իրոք: Պատմությունն էսպես տարօրինակ բան ա: Մեկ էլ տեսար՝ էնպիսի բան եղավ ու էն ժամանակ, երբ ոչ մեկը դրան չէր սպասում: Ո՞նց ա հիմա. մարդկության հաշվարկներով Մարսը լրիվ գաղութացնելը 1000 տարվա պատմություն կլինի սկսած մեր օրերից: Բայց հնարավոր ա 100 տարի հետո պատկերը լրիվ ուրիշ լինի: Ի՞նչ 100 տարի: Քանի որ պատմության մասին ենք խոսում, պատմական ակնարկներով ասեմ, էլի: Համ էլ հետաքրքիր ա: Հա, ի՞նչ էի ասում: 100 տարվա պահով: Հա: 1903 թվականին աշխարհահռչակ New York Times-ը մի հոդված հրապարակեց, որի մեջ նշվում էր, որ մարդկությունը չի կարող ստեղծել թռչող մեքենաներ մոտակա 1-10… միլիոն տարիների ընթացքում: Իսկ նույն թվականի դեկտեմբերին Ռայթ եղբայրները (Օրվիլն ու Ուիլբուրը) վերցնում  ու Հյուսիսային Կարոլինայում  մարդկության պատմության մեջ առաջին թռչող մեխանիզմով թռիչք են կատարում: 1908-ին էլ պնդվում էր, որ ոչ մի թռչող մեխանիզմ երբևէ չի կարողանա Նյու Յորքից հասնել Փարիզ: Ո՞վ էր ասում էդ կատարյալ ապուշությունը: Օրվիլ Ռայթը:  Հիմա ի՞նչ՝ երևի կասեք դուք: Ոչ մի բան: Ուղղակի օրինակ եմ բերում, թե ինչքան անկանխատեսելի ա պատմության ընթացքը: Ամեն ինչ շատ ավելի խառն ա պատմության մեջ, քան դպրոցում ենք սովորել:

Ես միշտ էլ էն կարծիքին եմ եղել, որ ոչ թե պատմությունն ա կերտում կերպարներ, այլ կան էնպիսի կերպարներ, որոնք կերտում են պատմությունը իրենց գոյությամբ ու գործերով: Սենց: Էլի չեմ հիշում ով ա ասել (ոնց-որ նկարիչ էր), բայց մի միտք ա ասել, որ հարյուրավորների հետ հաճախ պտտվում ա ուղեղումս: Ասում ա՝ մարդը կարող է մահանալ 2 անգամ. առաջինը՝ ֆիզիկապես, երբ դադարում ա շնչել, իսկ երկրորդը, երբ իր անունը տալիս են վերջին անգամ: Լավ ա չէ՞ ասել: Ասելուց տենց են ասում, էլի:

Սենց բաներ:  Ամեն պահի քո արարքը հնարավոր ա փոխում ա պատմության ընթացքը, ասենք, 2500 թվականին ապրողների համար: Ուրեմն, զգույշ: Դու պատմություն ես կերտում:

Հ.Գ. Ոգեշնչեց Ջարեդ Դայմոնդը:

vahe stepanyan

Նամակներ Մալիշկայից

Նամակ 1

Բարև: Երկար ժամանակ չենք խոսել: Շատ երկար: Ինձ թվում է մի 5 կամ 6 տարի: Չնայած մենք էդ ժամանակ էլ չէինք խոսում տենց: Դիմագծերդ վաղուց մոռացել եմ: Կներես, բայց անունդ էլ չեմ հիշում: Լավ կլինես, էլի: Մենակ հիշում էի, որ քո բոլոր վաֆլիները ես էի ուտում: Չեմ ասի՝ որտեղ: Մարդ ես, մեկ էլ էս թուղթը հասավ քեզ, ու հիշեցիր: Դու ինձ համար ասեմ՝ ով էիր: Երևի ոչ մեկը: Ուղղակի էն կողքի սեղանի աղջիկը, ով իր վաֆլիները ինձ էր տալիս: Էն էլ երևի տալիս էիր, որովհետև վաֆլի չես սիրում: Թե ինչի քեզ հանկարծ հիշեցի, չգիտեմ: Հենց նենց: Նենց էլ սիրուն անուն էր անունդ, ափսոս չեմ հիշում…

Նամակ 2

Բարլուս: Քեզ էլ եմ հիշել չզարմանաս: Իսկի կհիշե՞ս, որ ժամանակին լավ ընկերներ էինք: Դժվար: Ախր, էնքան վաղուցվա բան ա: Քեզ մեկ-մեկ տեսնում եմ: Փոխվել ես: Լավ չի: Առաջ ավելի լավն էիր: Ափսոս: Վատ ընկերներ չէինք:

Նամակ 3

Բարև: Դու լավ մարդ չես դառնա: Երևի քո հանդեպ իմ միակ զգացմունքը էդ հեգնական խիղճն ա: Ինձ մի վստահիր: Չեմ հիշում, թե որ գրքում եմ կարդացել, ասում էր՝ ամեն փայլուն մետաղ ոսկի չի: Քո մասին ա: Մի օր կմնաս մենակ ու կդառնաս մարդ, ում ոչ ոք չի հարգում: Գործերիդ արժանի ես: Առայժմ: Լավ մնա:

Նամակ 4

Կներես: Ես քեզ մոտ չեմ գալիս: Հիշում եմ քեզ: Ամեն օր չէ, բայց միշտ հիշում եմ: Ես դեռ շատ էի փոքր: Բան չեմ հիշում: Բացի դրանից, թե ոնց էիր ամեն ստից բանից նեղանում: Գիտեմ, որ ինձ շատ-շատ ես սիրում: Ես էլ քեզ: Վերջում թերևս կհանդիպենք:

Նամակ 5

Գրողը քեզ տանի: Քո պատճառով ես ինձ աշխարհի ամենավերջին մարդն եմ զգում: Ու ոչ մեկն էլ չիմացավ, որ իմ ամենամոտ բարեկամը դու էիր: Ներել ես, չէ՞ ինձ: Քո տեղը ես հոգացել եմ: Հարմա՞ր ա:

Նամակ 6

Ըմ: Երևի դու սա չես տեսնի կյանքում: Բայց եթե տեսար, դու հնարավոր է՝ հիմա քեզ ես փնտրում էստեղ: Գտար, էլի: Հա քո մասին ա, քո: Բարև: Լա՞վ ես: Դժվար թե: Լա՞վ եմ: Չէ հա: Ես ամեն ինչ ասել եմ: Ոչ մի բան չկա ուրիշ: Մենակ թե, միևնույն է, ամեն ինչ վատ է: Լավ մնա: Չնայած դու դժվար լավ լինես, որ մնաս…

Նամակ 7

Ահագին փոխվել ես: Շատերի համար՝ երևի դեպի լավը: Իսկ շատերի համար լավը դա բոլորին նմանն ա: Բայց դա հեչ էլ լավ չի:

Նամակ 8

Քե՞զ ինչի հիշեցի: Հա, վայ, հարց ունեմ: Ո՞նց ես էդ աղմուկի մեջ հեռախոսով խոսացածը լսում՝ հերիք չի, մի հատ էլ  ինչ-որ բան պայմանավորվում: Զարմանում եմ:

Նամակ 9

Հա, է: Մեկ-մեկ հիշում եմ: Հիշում եմ, որ հասկանամ՝ հասունանում եմ, էլի: Քեզ բան չասելը էդ իմ ամենալավ որոշումներից ա: Շնորհակալ եմ: Կասես՝ ինչի՞, ու էն քո տխմար հայացքով կնայես թղթին: Հեչ: Խելքիդ բանը չի:

Նամակ 10

Մենք իրար չգիտենք: Գաղափար չունեմ անունդ ինչ ա: Դեմքդ էլ նորմալ չեմ տեսել: Չեմ էլ ուզում իմանալ: Բայց եթե քո մեջ մի գրամ մարդկություն կա, էդ անտեր օձիքդ դզի, էլի: Թե չէ հաջորդ անգամ տեսա՝ ասելու եմ քեզ արդեն: Կարո՞ղ ա դիտմամբ ես անում: Հը՞:

***
Էս թերթերը գտա, մորս ասած, «խոզանոց» դարակից: Մի տեսակ չեմ հիշում, որ նման բաներ եմ գրել: Բայց իմ ձեռագիրն ա ոնց որ: Տեսնես՝ ինչի՞ ժամանակին տերերին չեմ տվել: Հիմա որ ընդհանրապես գաղափար չունեմ, թե որն ումն է: Դե լավ, էն վաֆլի տվող աղջկան հիշեցի: Ու էլի մի երկու հոգու:

vahe stepanyan

Թե ինչու սիրել կամ չսիրել հայերին

Ես հայ ազգին շատ եմ սիրում: Բայց ոչ դրա համար, որ բոլոր հայերը ընդհանրապես շատ լավ մարդիկ են: Ուղղակի իմ շրջապատում՝ իմ գյուղում, վատ մարդիկ շատ քիչ են: Այսինքն, վատ մարդը ընդհանուր է ասված: Եկեք ասենք՝ էն մարդիկ, ում արարքները  մնացածին դուր չեն գալիս: Օրինակ, ինձ դուր չի գալիս անտարբեր մարդը: Ուրեմն…
Ուրեմն, ամսի 6-ն էր: Առավոտյան ինձ մի կերպ արթնացրի, իջա կանգառ, նստեցի մեր ավտոբուսը ու գնացի Եղեգնաձոր, որ էդտեղ էլ իջնեմ, նստեմ մի ուրիշ ավտոբուս ու գնամ Երևան: Դե, այդ մասը հետաքրքիր էլ չի: Մենակ ասեմ, որ հետևիս նստած աղջիկը, որ ինձնից երևի մի երկու տարի մեծ էր, ամբողջ ճամփին էդ սփինեռը էնքան ֆռռացրեց, որ արդեն կարող էի վայրկյանով ասել, երբ կֆռռացնի ու երբ կկանգնի: Ինչևէ: Պիտի գնայի համալսարան՝ ատեստատս տալու համար: Ու քանի որ ես գիտեի, որ հաստատ մի բան էն չի լինի, մի տեսակ նույնիսկ հաճույք ստացա, երբ ասացին, որ ինչ-որ ստացական է պետք, որը ես թողել եմ մի 120 կմ-ի վրա: Իհարկե, ես գտա ճարը: Ինձ ասացին, որ նկարն էլ է բավական: Ես էլ դուրս եկա, զանգեցի ընկերոջս ու ասացի, որ գա համալսարանի մոտ: Որովհետև իմ հեռախոսով դժվար նկարը ցույց կարողանայի տալ (ինչ հիանալի է, երբ առանց սմարթֆոնի ես ապրում, հետ ես վարժվում նորմալ կյանքին): Վերջը: Նստել եմ համալսարանի դիմացի նստարաններից մեկի վրա ու նայում եմ գնացող-եկող մարդկանց: Ուրեմն, ամեն ինչ այնպես կատարվեց, որ ես չհասցրեցի էլ տեսնել՝ որտեղից եկան: Մի տատ ու մի իմ տարիքին աղջիկ, իրար թև մտած քայլում էին: Մի կին, 35 տարեկան կլիներ, քայլում էր դեպի համալսարան, էլի ինձնից մի երկու մետրի վրա: Ամեն ձեռքում էլ մի վեց լիքը լցված տոպրակ: Ուրեմն, իրար ընդառաջ էին քայլում: Հասան իրար: Կինը նայեց աղջկան ու ասաց:
-Excuse me.
Մյուս կինն ու աղջիկն իրենց ուղղությունը փոխեցին՝ «на одиннадцать часов»:
-Excuse me?
Կինն ու աղջիկը բանի տեղ չդնելով նրա ասածին, արագ հեռանում էին:
-Hey. I’m not a beggar. I’m a professor at this university.
Էս բառերը ասաց էնքան նեղացած տոնով, որ ես ծիծաղից փորս բռնեցի: Հետո իհարկե, հասա նրան, ու պարզվեց, որ իրեն ուղղակի պետք էր էսինչ շենքը: Նոր էր եկել Հայաստան: Ինչ ափսոս էր: Հայերի մասին առաջին հիշողություններից մեկը վատը եղավ նրա համար: Այ, սրա համար արժի չսիրել հայերին: Իսկ այ, ինչի սիրել…
Ուրեմն նույն օրը գալիս եմ կանգառ, որ նստեմ մեր «գազելը» ու վերադառնամ տուն: Երևանից, էլի: Իմ սովորության համաձայն եկա ու նստեցի էն վերջին անկյունի նստարանին: Տեղ համարյա չէր մնացել. կողքիս երկու տեղ  ու առջևի մի ծալովի նստարան: Մի կին երկու տղայի հետ եկավ ու անդորրս խախտելով հարցրեց.
-Ստեղ ազատ ա՞:
-Չէ, ոնց որ:
Մի 10 վայրկյան երեքի ձայնը ցածրացավ, ոնց որ իրար մեջ խորհրդակցեին, ու տղաներից մեկը ասաց.
-Ախպերս, որ խնդրեմ՝ չես հելնի դեմը նստես, մենք նստենք ստեղ:
-Հա,- ասացի,- ինչի՞ չէ որ:
-Ապրես, ցավդ տանեմ:
Հա, ուրեմն դուրս եկա գնացի, նստեցի էն ծալովի նստարանին: Չէի հասցրել պայուսակս նստարանի տակ տեղավորել, մի չաղլիկ կին եկավ ու ցանկություն հայտնեց իմ տեղը նստելու: Ես արդեն ուզում էի ասել, որ էլ տեղեր չկան, իսկ ես ուզում եմ էսօր տուն գնալ, էն էլ մեր վարորդը ինձ առաջարկեց իր կողքին նստել: Ես էլ զարմացած, որ էդտեղ զբաղված չէր, ուրախ դուրս եկա ու նստեցի մի մե՜ծ ու սիրուն աչքերով աղջկա ու վարորդի արանքը:
Շարժվեցինք: Վարորդը «բարդաչոկից» վերցրեց ծամոնը, մի հատիկ վերցրեց, հետո տուփը տվեց ինձ ու ասաց, որ աղջկան էլ տամ: Մենք էլ շնորհակալություն հայտնելով վերցրինք: Էս մեր վարորդը կարգին մուժիկ էր, ու մենք ուրախ ասել-խոսելով եկանք:
Հետևի նստարաններից մեկին մի չաղ մորքուր էր նստել: Էն տիպիկ քծիպ հայերից: Ուրեմն, մեկ էլ չհասկացա՝ ոնց, տեսնեմ՝ վարորդի հետ վիճում է, թե ինչու են ուղևորները տոմսի գումարը սկզբից տալիս: Մեր հոպարն էլ, առանց հեգնանքը թաքցնելու, ձեռ էր առնում մորքուրին: Մորքուրը, թե.
-Բա էս ո՞ր երկրում ես տեսել տրանսպորտ նստելիս փողը սկզբից տաս: Ամբողջ աշխարհում ֆռռաս, տենց բան չկա, մենակ մեր մոտ ա: Որովհետև անտեր երկիր ա:
-Չէ, այ ցավդ տանեմ: Թարսի պես, օրենքով՝ մարդը իրա տոմսը պիտի առնի ու նոր նստի տրանսպորտ,- հոպարը վառեց ծխախոտը:
-Չկա տենց բան: Հիմա ինձ մի արի բան սովորացրա, էլի: Ոչ մի քաղաքակրթված երկրում տենց բան չկա:
-Բայց չէ, է: Օրենքով առնում՝ նոր են նստում,- կիսաձայն ասացի ես՝ ցույց տալով օգնությունս հոպարին:
-Հա, տղա ջան, ես էլ տենց գիտեմ: Այ, ցավդ տանեմ, օրինակ, որ նստում ես սամալյոտ, էթում-հասնում ես, նո՞ր ես փողը տալի, կամ պոեզ:
-Հա, բայց սամալյոտների պասաժիրներին որ բան ըլնի, էդ ապահովագրման փողերը տալիս են, չէ՞, ընտանիքներին:
Նայեցի հոպարի դեմքին: Քմծիծաղելով գլուխը տարուբերում ու ծտծտացնում էր:
-Է, մորքուր ջան: Հըմի որ Աստված չանի, մի բան ձեզ լինի, կարո՞ղ ա ես փող չտամ: Մի տեղից կճարեմ, կտամ, էլի:
-Նենց էլ խեղճ-խեղճ ես խոսում, ոնց որ փող չես ստանում: Հեսա, էս ռեսը տարար, 20 000-ը կդնես ջեբդ, քեզ ի՞նչ կա:
-Է՜, մորքուր ջան: Բանից բեխաբար ես: Որ իմանաս՝ ցելի օրը 2 անգամ գնում-գալիս եմ Երևան, 5000 փող եմ ստանում:
-Պահ-պահ-պահ…
Էստեղ իրականում մտքիս մեջ ասացի՝ ցավ-ցավ-ցավ…

Իսկ հոպարը ընդհանրապես ոչ իրեն վատ էր զգում, ոչ էլ նյարդայնանում: Մենակ դեմքի հեգնանքով լի ժպիտը ավելի էր լայնանում:
-Է, մորքուր, է՜…
-Հա, ի՞նչ: Ի՞նչ գործ ա, որ: Սաղ օրը քո համար նստած ավտոյի մեջ քշում ես, էլի:
Մեկ էլ հետևից մորքուրի կողքից մի հոպար էլ խառնվեց:
-Խի՞ ես, է, տենց ասում: Էս գործն էլ իրա դժվարությունն ունի: Սրա վեշը տար, դրա վեշը հասցրա, սրան տեղ գտի, էն մեկի մուննաթը տար:
-Հա, դե լավ,- մեղմանալով ասեց մորքուրը,- ես տենց տեղյակ չեմ:
-Բա որ տեղյակ չես՝ ի՞նչ ես մարդու ականջին նստե: Հիմա էս ա էսօրվա դրությունը:
-Է՜, չգիտեմ, է,- մորքուրը մեղմացավ ու արդեն սկսեց խոսքը փոխել,- ախր, էս ի՞նչ անօրեն երկիր ա: Մարդ պետք ա թողնի գնա ստեղից, գլուխը փախցնի: Երկիր չի էլի, հո զոռով չի՞: Ո՞վ ա սենց բան տեսել:
-Դե հիմա՝ էս ա: Պիտի յոլա գնանք,- եզրափակեց հետևիս հոպարը:
-Ժողովրդի ձեռը մի կոպեկ փող չկա, էն վերևներն էլ չգիտեն՝ փողը ոնց ծախսեն:
Ոչ ոք ձայն չհանեց: Նայեցի կողքիս նստող մե՜ծ ու սիրուն աչքերով աղջկան: Իր դեմքին էլ էր հեգնանքը սառել: Հոպարը կողքիցս արմունկով բզեց.
-Երևի երկիրը երկիր չի,- աչքով տվեց, մի թեթև քմծիծաղ ու գլուխը թեքեց ճանապարհին:

Այ հիմա ասեք՝ մենք մարդ չենք, որ ապրում ենք նման մորքուրներով, տատիկներով ու աղջնակներով լիքը Հայաստանում: Մարդ ենք: Հիմա «յոլա» ենք գնում, էլի: Իսկ իրենց համար Հայաստանը…  Է… Երկիրը երկիր չի, էլի:

vahe stepanyan

Դիոգենեսի տակառի միջից

Եթե դուք սովորական մարդ եք ու սովորում եք սովորական հայկական դպրոցում, ձեզ համար հիմա տարօրիանակ կհնչի այն, որ երկրի կլորության մասին փաստը ընդունված էր ֆիզիկոսների շրջանակում ու հիմնական կրոններում՝ մինիմում հին հույների ժամանակաշրջանից: Իսկ այդ շրջանը ահագին շուտ է եղել: Չգիտես ինչու, մարդկանց մեծ մասին թվում է, որ իրենք հաստատ գիտեն, որ այդ փաստը ընդունվել է մի 600 տարի առաջ միայն: Վիրավորական է հնչում: Դե, մի վեց դար առաջ ապրողների հասցեին: Գուցե նրանք նույն բանն են մտածել նաև իրենցից վեց դար առաջ ապրողների մասին: Բայց մենք հո՞ արդեն գիտենք, որ դա էլ է սխալ կարծիք: Ու նույնը՝ հիմա: Մտածում ես, թե ինչ կաներ 1980 թվականին ապրողը հիմա քո համակարգչի հետ, մտածում ու ծիծաղում: Իսկ այդ պահին ժամանակի ինչ-որ մի պահին, դե, 2040 թվականին ապրողը օրինակ, մտածում է, թե դու ինչ կարող էիր անել հիմա իր համակարգչի հետ ու ծիծաղում: Էլի անարդար է:

Ուրեմն մենք միշտ անցյալում ենք ապրում: Գիտենք, որ մեր ապրածը արդեն անցյալ է ուրիշ ժամանակում ապրողների համար: Հասկանում եք, չէ՞: Կա ներկա, անցյալ ու ապագա: Ու ապագայում մնացած բոլոր ժամանակները անցյալ են, նույնիսկ քո ներկան: Մի քիչ մտածեք: Ասում են, չէ՞, անցյալով մի ապրիր, այլ ներկայով: Իսկ եթե ներկան է՞լ է անցյալ: Կգա մի պահ, որ քեզ համար հիմա էս տողերը կարդալը կդառնա անցյալ: Հըմ: Արդեն եկավ: Մի՞թե անարդար չի, որ մարդ չի կարողանում ժամանակով ճանապարհորդել: Դե, գոնե առաջ: Հետ չարժի: Համ էլ չես կարող: Ֆիզիկան թույլ չի տա: Իսկ եթե դու ֆանտաստիկայի ես հավատում, էս օրինակը թույլ չի տա: Ենթադրենք ունես ժամանակի մեքենա: Վերադառնում ես անցյալ ու սպանում պապիկիդ: Ի՞նչ կլինի: Նա կմահանա, հետևաբար քո ծնողներից մեկը չի ծնվի, ու դու էլ չես լինի: Բայց եթե դու, ասենք թե, վերացար, այդ դեպքում ոչ ոք արդեն հետ չի եկել անցյալ, որ պապիդ սպանի, որովհետև դու գոյություն չունես: Փակ շղթա:

Հա, իզուր խորացա: Ուզում էի խոսել դեպի ապագա ճանապարհորդելու մասին: Դա հնարավոր է: Դե, լույսի արագության մոտիկ արագությամբ, որ շարժվես, ավտոմատ կհայտնվես ապագայում: Դա շատ ձանձրալի թեմա է, դրա համար էլ չեմ ուզում բացատրել մանրամասն: Հիշո՞ւմ եք, հարցնում էի՝ մի՞թե անարդար չի, որ ժամանակով չի կարելի ճանապարհորդել: Լավ էլ արդար է: Դե, օրինակ, ճանապարհորդություն դեպի ապագա: Ո՞ւմ է պետք այն: Ի՞նչ իմաստ է կրում: Ինձ թվում է՝ ոչ մի: Անցյալի մասին արդեն խոսեցի, դրա համար էլ չկրկնեմ, որ անհնար է:
Ի՞նչ եմ ուզում ասել: Երեկվա ապրողը քեզ համար արդեն անցյալ է, իսկ վաղվա ապրողի համար դու ես արդեն անցյալ. հիմա: Պետք չի ապրել անցյալով: Երևի թե ներկայի վրա էլ չարժի կենտրոնանալ: Իսկ այ, ապագան… Ապագան մտածելու տեղիք է տալիս…