Վահե Ստեփանյանի բոլոր հրապարակումները

Ապագա չի՞

Արձագանքում եմ Մարինե Ղահրամանյանի «Համակարգչային կախվածությունը հիվանդություն է» հոդվածին:

 

Համակարգիչը ապագա չի՞: Լավ, հիմա ես ո՞նց հասկանամ ասածդ: Դու ես նյութն ուղարկել էս համակարգչի միջոցով` օգտվելով էն համակարգչային ծրագրերից: Եթե համակարգիչը ապագա չլիներ, հիմա արդեն մոռացվել էր, ինչպես մոռանում են հեռուստացույցը: Եթե մարդկության պատմության միջից հանենք համակարգչի գյուտը, հիմա մարդկությունը կդոփեր իր տեղում անցյալ դարի 50-ականներից: Ու եթե որոշ հանճարներ մտածեին, որ համակարգիչը ապագա չի, ու չստեղծեին բազմահազար համակարգչային տեխնոլոգիաներ ու ծրագրային ապահովումներ, հիմա ոչ-ոք չէր կարող խոսել իր հեռավոր բարեկամների հետ, ու ասեմ, որ սքայփով խոսելը համակարգչի միակ լավ հատկությունը չի: Այսօրվա դարում մարդիկ մտածում են, որ եթե կարողանում են միացնել ու անջատել սքայփը, դա իրենց բավարար է, և համակարգիչը ստեղծված է դրա համար: Բայց չէ՞ որ համակարգիչը մի ֆանտաստիկ գյուտ է, որը կարող է կատարել այնպիսի մաթեմատիկական հաշվարկներ, որոնք մարդ արարածը չի կարող: Ես միշտ պատկառանքով եմ նայում համակարգչին և, ամեն օր ավելի շատ ուսունասիրելով նրա կառուցվածքը, զարմանում եմ այն մարդկանց հանճարի վրա, ովքեր իրենք ամբողջ կյանքը վատնել են ինչ-որ մի դետալի վրա, բայց դարձել են համահեղինակը մի աներևակայելի հայտնագործության: Ու դու հիմա համարձակվում ես համակարգիչն անվանել սքայփ:
Ես մի բան ասեմ. Կարող է չհավատաք: Ես ու շատերը իրենց կյանքում համակարգչի օգնությամբ դասեր չենք սովորում: Ինչի՞ համար պետք կարող է գալ դասի համար համակարգիչը: Հիմա կասեք` ինչ-որ մի կոնկրետ բանի մասին տեղեկություն ստանալու համար: Հա, բայց եթե դու այդքան խորշում ես համակարգչից ու սիրում ես դասերդ, կարող ես գնալ գրադարան կամ օգտվել հանրագիտարաններից, որոնք հաստատ կան բոլորի տանը:
Հիմա եթե ուսուցիչներս որ կարդան, թող չնեղանան: Ես իմ գիտելիքների առյուծի բաժինը ձեռք եմ բերում համակարգչից, բայց ես ամբողջ ժամանակ Վիքիպեդիայում նյութեր չեմ կարդում: Ես կարող եմ ժամերով նայել ֆիլմեր ռուսերեն և նայելուց հետո, բացի բավականություն ստանալուց, բառապաշարս զգալի հարստանում է: Կարող եմ ժամերով թերթել ինչ-որ անիմաստ ու անկապ կայքերի «թայմլայն»-եր, բայց նայելուց հետո ավտոմատ ֆիլտրվում է ամբողջ ինֆորմացիան, ու ես սովորում եմ հազար տեսակի նոր բան: Ես հիշում եմ, փոքր ժամանակ համակարգիչ չունեինք, ու ես ժամերով խաղում էի էժանագին խաղային համակարգերով պիկսելային գրաֆիկայով և («Սեգա»,«Դենդի»), բայց հետո, երբ դուրս էի գալիս փողոց` յոթ քար խաղալու, միշտ կարողանում էի փլել բուրգը, որովհետև դրանից առաջ «Դենդիիս» վրա ժամերով նշան էի բռնում այլմոլորակային ափսեների վրա: Ու այդպես ես ձեռք էի բերում մի հմտություն` ճիշտ նշան բռնել: Առաջին հայացքից անպետք հմտություն է, բայց կյանքում շատ է պետք գալիս: Հիմա կասես` ինչի՞ համար ա էս տղան դրել իր կյանքը պատմում: Ասեմ: Ասածս այն է, որ համակարգչային խաղերը շատ օգտակար են: Օգնում են զարգացնել թե մատորիկան, թե տրամաբանությունը, և թե գիտելիքները: Ուղղակի պետք է ճիշտ խաղեր ընտրել: Ես որպես, այսպես ասած ՏՏ ֆանատ, պատրաստ եմ մինչև վերջ իմ ու շատերի տեսակետը պաշտպանել` ներկայացնելով փաստեր ու խոսելով փաստերով:

Հա ու վերջում, համակարգիչը «Ադնակլասնիկ» չի ու ոչ էլ Վիկիպեդիա,    ու պատկերացրու, ոչ էլ Սքայփ: Պահանջում եմ այսուհետ հարգանքով խոսել համակարգչի մասին:

Էս ո՞ր թիվն ա

Ո՞վ չի սիրում քնել: Եթե ինչ-որ մեկը հիմա կարդալով գրածս ասաց`ես, ես նրան կասեմ՝ դու էս կյանքից բան չես հասկանում: Հա: Բա, մա՞րդ էլ քնելը չսիրի:
Լավ, ես ուրիշների հետ գործ չունեմ: Օրինակ, ես քնել շատ եմ սիրում: Գիտե՞ք ինձ համար շատ սիրելը որն ա՝ երբ միշտ ուզում եմ քնել, բայց մտածում եմ, որ երբ քնեմ, կյանքիցս կծախսվի մի քանի ժամ, և այդ ժամերի ընթացքում տեղի կունենա ինչ-որ անհավանական բան, որը ես բաց կթողնեմ, բայց այնուամենայնիվ, եթե ես արդեն պառկեցի, ինձ համար մեկ ա, աշխարհքն էլ փլվի, ես պիտի քնեմ:
Հիշում եմ, մի ժամանակ դպրոցից գալիս էի տուն ու ժամերով նստում համակարգչիս առաջ, իսկ մերոնք ասում էին. «Դրա փոխարեն գնա քնի, մի քիչ հանգստացի»: Իսկ հիմա: Հիմա ես հասնում եմ տուն ու մեռածի պես քնում մինչև գիշերվա 10-ը, ու ինձ զոռով չեն կարողանում արթնացնել, որ դաս անեմ.
-Վահե, դու դաս չունե՞ս, արագ հել` դաս արա, ցերեկվա 3-ից քնած ես, այ տղա,- բարկանում է մայրիկս:
-Հաաաա, մա, սպասի, բան ա, ինչ ա, ժամմը… ,- կիսաքուն հազիվ էս եմ կարողանում ասել:
Ու երբ մարդ ցերեկը քնում է, իրիկունն իր համար արթնանալը տանջալի բան է: Նախ, արթնանում եմ ու առանց աչքերս բացելու մտածում եմ. «էս ո՞ր թիվն ա, ո՞վ եմ ես, ու՞ր եմ ես»: Հա, ասեք, որ էդպես ա: Գոնե մի անգամ ցերեկը մի քանի ժամով քնածներն ինձ կհասկանան:
Ես նույնիսկ յուրօրինակ ռեկորդ ունեմ՝ 22: Հա, դու ճիշտ հասկացար. ես մի անգամ քնել եմ 22 ժամ: Դե, պարզ ա, մի երկու անգամ ստիպած եղա բղավել տնով մեկ. «Մեկդ մի-քիչ ջուր բերեք», բայց խմելով ջուրը, ես ուղղակի բարձս ուղղել եմ ու նորից քնել: Այս արձակուրդներին որոշել եմ թարմացնել ռեկորդս ու վերջիվերջո մի ամբողջ օր՝ 24 ժամ, հանգիստ քնել:
Լավ, է, քունս տարավ, իսկ գլուխս էս ամանորյա շարժից դեռ տրաքում ա: Գնամ` քնեմ, մի քիչ հանգստանամ:

Վերնագիր հորինելու հավես չունեմ

Ամենօրյա թոհուբոհի մեջ ինձ մենակ մի բան չի հերիքում: Հա, էդ բանը շատ օգտակար ու պարտադիր բան ա: Դե, հիմա… Իմ մեջ էդ բանի դեֆիցիտ կա: Հիմա դու, հա, հենց դու, էս նյութը կարդում ես, բայց դեռ չգիտես, թե էդ ինչ բան ա: Որովհետև քո մեջ էլ կա դրա դեֆիցիտից: Դու ուղղակի հավես չունես մի քիչ միտքդ լարել ու հասկանալ, որ խոսքը հենց հավեսի մասին ա: Լավ ա` հավես ես անում, հիմա էս գրածս կարդում ես: Հավես հիմա ո՞վ ունի որ: Չգիտեմ: Օրինակ, ես չունեմ: Հիմա կասեք. «Տո քո տունը շինվի, հավեսն ի՞նչ ա, որ չունես»: Հա, ասում եք` ասեք: Ես ուղղակի հավես չունեմ ձեզ բացատրելու, թե ինչի ա փախնում իմ հավեսը: Հիմա ես ո՞նց ասեմ ձեզ: Պատկերացրեք, ես արդեն շատերի կողմից մոռացված հեռուստացույց եմ նայում: Ասենք թե, ինչ-որ ֆուտբոլային հանդիպում ա եթերում: Ըհը, առաջին խաղակեսը վերջացավ, ու հիմա արի` 15 րոպե գովազդների տակ տվայտի: Բայց ես չեմ ուզում: Դրա համար ես սկսում եմ հայացքով փնտրել հեռակա-հեռակառա-հեռակառավարման «վալոդիկը»…. Աա՜, կարճ ասած, «պուլտը»: Գտա: Բայց մենակ հայացքով: Էդ «պուլտ» կոչեցյալը սեղանի վրայից չարախնդորեն նայում ա վրաս ասելով. «Ուզած-չուզած պիտի հելնես տեղիցդ»: Փա՜հ: Էս «պուլտն» ինձ լավ չի ճանաչում: Ես ոտքերս ֆիքսում եմ բազմոցին, իսկ մարմինս սողեսող գնում է դեպի սեղան: Ահա ձեռքս երկարեցրի … Եվ այո՛, «պուլտն» իմ ձեռքում է: Բայց հենց այդ պահին երկրորդ խաղակեսը առանց իմ բազմոց վերադառնալուն սպասելու դավադրաբար սկսում է: Այ, էստեղ արդեն հետ ա գալիս հավեսի բացակայության սինդրոմը ու ես նայում եմ խաղը հենց այդպես՝ փորս` գետնին, ոտքերս` բազմոցին, ձեռքս` սեղանին, ուշադրությունս էլ էկրանին: Որովհետև… Որովհետև… Որովհետև ուղղակի հավես չունեմ: Քանի որ հավես չունեմ, նյութին վերջաբան գրել ու ձեզ շնորհավորել տոների կապակցությամբ, ուղղակի հավես արեք ու պատկերացրեք, որ ձեզ լիքը լավ բաներ եմ ասում, գրկում ու համբուրում եմ:

Հետգրություն .
Ով չի ուզում` չեմ համբուրում: Շատ պետքս ա…

Բաբկեն պապուս հեքիաթը


Հիմա բազմոցին նստած էս նյութը գրելով հիշում եմ մանկությանս կախարդական պահերից մեկը: Մտքով թռչում եմ տասը տարի հետ ու ահա ես եմ վեց տարեկան Վահեն եմ` խուճուճ շեկ մազերով՝ հայելու միջից նայում եմ ինձ: Վիզս երկարեցի ու նայեցի պապիկիս սենյակ: Հա էլի, էնտեղ ա: Գնացի ու զոռով հրելով նրան, պառկեցի կողքին՝ մահճակալի վրա:
Պապիս նվնվաց, որովհետև այգուց հոգնած եկել էր հանգստանալու, իսկ ես, կոպիտ ասած, հարամ էի անում էդ հանգիստը: Ու պապիս` հաշտվելով այն մտքի հետ, որ պետք է իր ծոցում գալարվելով չթողնեմ հանգստանա, աչքերը փակելով ձևացնում էր, թե քնած է: Բայց ես էլ հո՞ գիտեմ, որ ձև ա բռնել:

-Պապի, այ պապի, հեքիաթ պատմի, էլի:

Ու պապիս բացելով սկզբից մեկ, հետո մյուս աչքը ու ծանր հոգոց հանելով ասում էր.

-Ախ, ես ի՞նչ հեքիաթ պատմեմ, չեմնալ ոչ մե հեքիաթ:

-Մեղուների հեքիաթը պատմի,- ասում էի ես ու իմանալով, որ պապս չի մերժի, ավելի հարմար էի տեղավորվում:

Մի երկու «չեմուչում» արտահայտող բառերից հետո պապս հաշտվեց իր պարտության հետ ու սկսեց.

-Իրիկվա ժամը 8-ին զանգիմ Թումայենց Խաչիկին, ասիմ. «Յար մեր տուն` քյոմագ պտի անես» ասաց. «Լավ իկյաս եմ»: Մեղուների ռամկեքին մուխ փչի, որ քնեն, գրուզավիկը էկավ, լավ է, բոլի, էլ չեմ հիշել…,- փորձեց ինձնից պոկվել պապս, բայց հասկանալով, որ փորձն անհաջող էր, շարունակեց,- գրուզավիկն էկավ, ես ու Խաչիկը սկսիյ մեղուները լցել մեջը, լցիյ, հետո նստայ, որ էթայ Կարմրաշեն … 

Լսում եմ պապիս «հեքիաթը», ու կոպերս ծանրանում են, ու արդեն կիսաքուն լսում եմ տատիկիս խոսքերը. «Բաբկեն, ջուր տվին քել բիբարները ջրի»:

Ու հետո, երբ մի քիչ էլ մեծացա, մեղուները Կարմրաշեն տանելու գործընթացին մասնակցելուց հետո միայն հասկացա, որ դա ամենևին էլ հեքիաթ չէր, այլ պապիս հոգսերից մեկը: 

Բայց ես մինչ օրս էլ հիշում եմ էդ «հեքիաթը», բայց կիսատ, որովհետև կեսից միշտ քնում էի…



Բարև

Չգիտեմ` «խասյաթ» ա դարձել մոտս թե չէ, բայց ամեն ծանոթ-անծանոթ մարդուն բարև եմ տալիս: Շատ էլ լավ «խասյաթ» է: Բայց բարև տալը մի առանձին ծես ա` կախված մարդուց: Բարև տալուց առաջ էլ միշտ նայում եմ մարդու դեմքին, բռնում եմ հայացքն ու վերծանում նրա դեմքի «միմիկայով արձակած ալիքները» ու միայն հետո, ըմբռնելով և կրկնօրինակելով նրա հայացքը, ասում եմ համապատասխան արտահայտությունը:
…«Բարև, բարև ձեզ, բարլուս» կամ եթե վիճակն այնքան էլ լավ չի, պարզապես գլխով եմ անում: Բայց երբեք-երբեք չի եղել ու չի լինի այնպես, որ նայեմ մարդու դեմքին ու չբարևեմ: Իսկ եթե լինում էլ է, որ չեմ բարևում, ապա դա անում եմ դիտմամբ, որպեսզի նա վիրավորվի, բայց ոչ մեկը չի նկատում ու չի վիրավորվում: Այդ դեպքում ինձ համար նա էլ մարդ չէ: Այդ դեպքում ես նրան ուղղակի չեմ նկատում, ոչ թե չնկատելու եմ տալիս: Բայց էստեղ մի բայց էլ կա: Եթե ես բարևում եմ մեկին, ու նա, նկատելով, որ բարևում եմ, չի պատասխանում բարևիս, ես ուղղակի պատրաստ եմ նրան ոչնչացնել: Մի անգամ դասարանում նման դեպք եղավ ու ավարտվեց նրանով, որ ես ու ընկերս իրար ծեծեցինք:
Ուրեմն, էս նյութը կարդացողներ, ինձ տեսնելուց բարևեք անպայման, թե չէ, երբ չեն պատասխանում բարևիս, աչքերիս առաջ ուղղակի մթնում է:
Հ.Գ. Ամեն առավոտ արթնանալիս Ձեր ընտանիքի անդամներին բարևեք: Ախր, շա~տ լավ բան ա բարևը:

Ապրել ազատ

Գիտե՞ք, աշխարհում ամենաշատը ինչն եմ սիրում. մարդկանց: Հա, սիրում եմ բոլորին, «վատ» թե «լավ», դա կարևոր չի: Չնայած, ո՞նց կարևոր չի. վատն ու լավը պիտակներ են: Ինձ համար մարդը լինում է երկու տիպի` ազատ ու կախված: Կախված` առաջին հերթին կարծիքից, իսկ ազատ՝ մտքով:
Մտքից ուժեղ բան կա՞: Չէ:
Երբ մարդիկ փակում են իրենց կոպերը, աչքերի առաջ մթնում է: Բայց ես սիրում եմ տեսնել այ, էդ մութը: Տեսե’ք էլի, էդ մութը: Հա: էդ մութը թերթ ա , միտքը` գրիչ, ու երբ ես փակում եմ աչքերս ամեն անգամ, նայում եմ, թե ինչ կնկարի միտքս այդ մթության մեջ:
 Մարդկանց կարծիքներից կախվելը ինձ համար նույնն ա, թե մի թոկ կապես վզիցդ ու ծայրը գցես գետնին, որտեղ ամեն գնացող եկողը էդ պարանը քաշում ա մի կողմ: Հիմա կասեք` մեծ-մեծ ա խոսում: Չգիտեմ` մեծ-մեծ եմ խոսում թե չէ, ես խոսում եմ իմ աշխարհայացքով:
 Մենք մեր կյանքը դարձնում ենք սև ու սպիտակ, ոնց-որ շախմատի տախտակը: Բայց մենք կարող ենք էդ սև ու սպիտակ դաշտերի մեջտեղում թաքնված գունավոր դաշտեր գտնել ու ապրել գունավոր կյանքով:
 Գտեք, մի հատ հրաշալի ռոք-խումբ կա` AC/DC ու մի ֆանտաստիկ երգ ունի` Highway to hell: Էդ երգի առաջին բառերն ասում են` livin easy, lovin free – կյանքը հեշտ է, սերն` անվճար: Հիմա էդ իմ կարգախոսն ա դարձել: Գիտե՞ք երբվանից: Երբ սկսեցի ԱՊՐԵԼ ԱԶԱՏ:

Ֆուտբոլային կրքեր

Սովորական մի օր, սովորական երեկոյան լուրեր: Բայց ահա հաղորդավարը` ավարտելով շախմատի, թենիսի ու մնացած բոլոր սպորտաձևերի մասին լուրերը, հայտնեց, որ վաղը 20:00-ին կկայանա Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը:

Պապս ուշադիր լսեց ու, մի անգամ ևս համոզվելու համար, բարձր կրկնեց.

-Ժամը 8-ի՞ն:

-Հա, պապի, վաղը ժամը 8-ին:

Հաջորդ օրը ժամը 7-ին ես, ինչպես ամեն ինձ հետաքրքրող ֆուտբոլային հանդիպումից առաջ գնացի խանութ և գնեցի բոլոր Lays-երը, եկա ու «դիրքավորվեցի» բազմոցին: Պապին էլ իր հերթին էր պատրաստվել: Նրա նոր բացված ծխախոտի տուփն ու մոխրամանը հուշում էին թեժ երեկոյի մասին:

Մրցավարը սուլեց, ու սկսվեց. սկսվեց խաղը ստադիոնում ու սկսվեց իմ ու պապիս հակամարտությունը: Պապս, ճիշտ է, Հայաստանի թիմի կողմից է, բայց նրա բերանից մենակ կլսես էնպիսի արտահայտություններ, որոնք ուղղված են մերոնց.
– Այ քյոռ, էն հո՞ւր ես պաս տալ։ Էշի քուռակ, հո սամայլոտ չե՞ս զարկել, ընչե՞ս զարկել օդ… Խաղալ չեն իմանալ, էլ հեսա գոլ կզարկեն վրաներս:
Իսկ ես տաքանալով հակահարված եմ տալիս պապիս.
- Հեսա տսի բմբլահան ենք անելու, մերոնք, որ վիզ տնեն, մե վարկյանում գոլ կխփեն:
Ու էսպես մինչև 90-րդ րոպեն, մինչ իմ ու Հայաստանի հավաքականի պարտությունը: Իսկ վերջում պապս, գոհ իր կանխագուշակումից, ասում է.

-Բը որ ասիմ՝ տայ խաղացողը չեն, տրիր ես, հակաճառես ես:

Ու էսպես ամեն խաղի ժամանակ:




Առաջին ժամ

-Կներեք, ընկեր Մարգարյան, կարելի ա՞:

Եթե առավոտյան մամային չեմ տեսնում, հենց սրանք են լինում այդ օրվա իմ առաջին բառերը:

-Վահե ջան, էս էլի ուշանո՞ւմ ես:

-Դե,՜ ընկեր Մարգարյան, մինչև տնից եկա՜, հասա՜…

Հա, իմիջիայլոց, մեր տունը դպրոցից հեռու ա ուղիղ երկու կիլոմետր: Հիմա կասեք` ուրիշ դպրոց գնա: Հա, բայց մեր մյուս դպրոցն էլ երկուսուկես կիլոմետր ա հեռու: Ես սովորում եմ առաջին դպրոցում, կամ ինչպես մեր մոտ են ասում` «ցածի դպրոցում»: Համապատասխանաբար, մյուս դպրոցին ասում են` «վերի դպրոց»:

-Նստի լավ, բայց էլ չուշանաս:

Վերարկուս կախեցի կախիչից ու նստեցի իմ «գահին»: Բոլոր ընկերներիս դեմքին գրած ա` «քնել եմ ուզում»: Երևի իմ դեմքին էլ:

Չգիտեմ, չեմ հասկանում կողքերս ինչ ա կատարվում: Բոլորը խոսում են ինչ-որ մի բանի մասին, բայց ուղեղս չի «վերծանում» նրանց խոսքերը: Ընկեր Մարգարյանի բերանից դուրս են թռչում սինուսներ, կոսինուսներ, հավասարումներ ու լոգարիթմներ: Հասմիկն ու Սոնան, հասկացած, գլխով են անում, իսկ մյուսները կամ քնել են, կամ պատրաստվում են քնել, կամ երազում են քնելու մասին:

Ա՜խ… Էս ո՞վ էր: Կարևոր չի: Ապրի ինքը: Վերարկուս գցեց վրաս: Ու ըհը, վազում եմ դպրոցից տուն, որ քնեմ: Բայց զանգը տվեց, ու դրա հետ մեկտեղ ինչ-որ մեկը, ինչ-որ բանով տալով գլխիս, արթնացրեց ինձ ու բարձր հայտարարեց.

-Երեխեք, ֆիզկուլտ ա, իջանք:

Իջնե՞մ, թե՞ քնեմ: Լավ, է: Իջա…

Վազքս

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Վազում եմ մեր գյուղի ճանապարհներով ու հանկարծ, բում… Վեր թռա իմ քնից ու հասկանալով, որ դա ընդամենը երազ էր, նստեցի մահճակալիս մեջ: Արշալույսի արևի առաջին շողերը ներս են թափվում պատուհանիցս՝ տաքացնելով իմ քնաթաթախ դեմքը: Ի՜նչ հաճելի է:
Է՜հ, ինչպես միշտ, արթնացել եմ զարթուցիչից մեկ րոպե առաջ, որ անջատեմ ու նորից քնեմ: Հա, վայելելով լուսաբացը՝ նորից ընկնում եմ մահճակալիս ու նորից վազում: Է՜հ, Էս ի՞նչ երազ է: Ո՞ւր եմ գնում: Ի նչի՞ համար: Անցնում եմ փակ տների մոտով: Հա, բայց հենա, Աշոտենց տունը բաց ա, Տյոմենցն էլ: Տեսնում եմ՝ վազում է մեկը: Աշոտի շորերով, բայց Արտյոմի վազելու ձևին նման: Տեսա՝ ով է: Լավ, հեսա կհասնեմ, կհարցնեմ:
Ա՜խ, մա՛մ… Լավ էլի, արդեն հասնում էի: Մաման էլի «պատահաբար» բացեց ու փակեց դուռը, որ քիչ մնաց՝ մահճակալիցս ընկնեի: «Ա՜խ, լավ էլի,- մտածում եմ ես,- չեմ ուզում էսօր դպրոց գնալ»:
-Մա՛մ, առաջին ժամը ֆիզկուլտ ա, կլինի՞ երկրորդ ժամից գնամ,- արդեն լվացվելիս հայելու դիմաց «պարապում» եմ ես, չնայած գիտեմ, որ դպրոցը դատավճիռ ա:
-Մա՛մ, բարլուս,- ձայնիս խեղճ տոն տալով՝ ասացի ես,- մա՛մ, փորս ցավում ա, չեմ էթում դպրոց,- բայց մայրս մի քննող հայացք գցեց դեմքիս, ու ես ասացի,- լավ, լավ, գնում եմ:
Չէ, չստացվեց: Նույն «մանյովրը» էլ շաբաթը երկու անգամ չեմ կրկնի: Ա՜հ, էլի դաս չեմ արել: Էն ֆիզիկայի գիրքն ո՞ւր ա, է: Լավ է, ֆիզիկան ծանր ա, մենակ հանրը կտանեմ: Հասա խաչմերուկին: Չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե՞ լացեմ. հողաթափերով եմ դուրս եկել տնից:
Լավ ա ֆիզկուլտի կոշիկները մոտս են. նստեցի մի փոշոտ քարի ու հագա իմ բոթասները:

-Ալո, Ռա՛ֆ, Մովսիսյանին կասես՝ թող բացակա չդնի, հեսա եկա:
Վազում եմ գյուղի ճանապարհներով. ու էլի դատարկ փողոցներ, փակ դռներ: Լևոն պապը ասաց.
-Արի՛, է՜, արի՛ տենամ:
-Լևոն կակո, վռազ եմ, ուշացա:
-Լավ, դե քել:
Չէ՛, բաց դռները շատ են, բայց Արտյոմենց ու Աշոտենց դռները փակ են: Երազում չէի հիշում, որ գնացել են գյուղից:
-Ռա՛ֆ, հո բացակա չի՞ դրել, ասա՝ հասնում ա:

Սքայփի «վկաները»

-Վահե, մի հատ միացրու Աստղիկին:
-Աստղիկն ո՞վ ա, է, տատի:
-Չես ճանաչի, ընգերուհուս հորքուրի աղջիկը:
-Լավ էլի, տատի:
-Հա, քեզնից ի՞նչ ա է, էթում, բալես, միացրու էլի:

Սքայփը աշխարհի ամենաչսիրածս բաներից մեկն ա: Հա, ճիշտ ա, լավ ա, երբ շփվում ես հարազատ մարդկանց հետ, բայց երբ արդեն մարդիկ սկսում են «համը հանե՞լ»…

Քո համար նստած ես, մեկ էլ էդ սքայփի արդեն զզվելի ծլնգոցի ձենն եկավ… Ու գնաց անկապ հարցերի շարանը՝ եղանակը ո՞նց ա, հարևանը ո՞նց ա, դեղձի բերքը ո՞նց ա… Ու տենց շարունակ:

Հա, ու մեկ էլ խոսելու կեսից շատը գնում ա. «Դուք մեզ լսո՞ւմ եք» հարցի վրա:

Բա էն, որ ձեզ սքայփով զանգողի տունը մի հարյուր մետրի վրա ա լինո՞ւմ… Ասա` ուզում ես խոսաս, հել արի խոսա, էլի, ի՞նչ սքայփ, ի՞նչ բան…

Մի խոսքով, արդեն հոգնել եմ, ու տատի, եթե հիմա սա կարդում ես, ասեմ` չեմ զանգելու ոմն Աստղիկին, ու վերջ…