Էս ո՞ր թիվն ա

Ո՞վ չի սիրում քնել: Եթե ինչ-որ մեկը հիմա կարդալով գրածս ասաց`ես, ես նրան կասեմ՝ դու էս կյանքից բան չես հասկանում: Հա: Բա, մա՞րդ էլ քնելը չսիրի:
Լավ, ես ուրիշների հետ գործ չունեմ: Օրինակ, ես քնել շատ եմ սիրում: Գիտե՞ք ինձ համար շատ սիրելը որն ա՝ երբ միշտ ուզում եմ քնել, բայց մտածում եմ, որ երբ քնեմ, կյանքիցս կծախսվի մի քանի ժամ, և այդ ժամերի ընթացքում տեղի կունենա ինչ-որ անհավանական բան, որը ես բաց կթողնեմ, բայց այնուամենայնիվ, եթե ես արդեն պառկեցի, ինձ համար մեկ ա, աշխարհքն էլ փլվի, ես պիտի քնեմ:
Հիշում եմ, մի ժամանակ դպրոցից գալիս էի տուն ու ժամերով նստում համակարգչիս առաջ, իսկ մերոնք ասում էին. «Դրա փոխարեն գնա քնի, մի քիչ հանգստացի»: Իսկ հիմա: Հիմա ես հասնում եմ տուն ու մեռածի պես քնում մինչև գիշերվա 10-ը, ու ինձ զոռով չեն կարողանում արթնացնել, որ դաս անեմ.
-Վահե, դու դաս չունե՞ս, արագ հել` դաս արա, ցերեկվա 3-ից քնած ես, այ տղա,- բարկանում է մայրիկս:
-Հաաաա, մա, սպասի, բան ա, ինչ ա, ժամմը… ,- կիսաքուն հազիվ էս եմ կարողանում ասել:
Ու երբ մարդ ցերեկը քնում է, իրիկունն իր համար արթնանալը տանջալի բան է: Նախ, արթնանում եմ ու առանց աչքերս բացելու մտածում եմ. «էս ո՞ր թիվն ա, ո՞վ եմ ես, ու՞ր եմ ես»: Հա, ասեք, որ էդպես ա: Գոնե մի անգամ ցերեկը մի քանի ժամով քնածներն ինձ կհասկանան:
Ես նույնիսկ յուրօրինակ ռեկորդ ունեմ՝ 22: Հա, դու ճիշտ հասկացար. ես մի անգամ քնել եմ 22 ժամ: Դե, պարզ ա, մի երկու անգամ ստիպած եղա բղավել տնով մեկ. «Մեկդ մի-քիչ ջուր բերեք», բայց խմելով ջուրը, ես ուղղակի բարձս ուղղել եմ ու նորից քնել: Այս արձակուրդներին որոշել եմ թարմացնել ռեկորդս ու վերջիվերջո մի ամբողջ օր՝ 24 ժամ, հանգիստ քնել:
Լավ, է, քունս տարավ, իսկ գլուխս էս ամանորյա շարժից դեռ տրաքում ա: Գնամ` քնեմ, մի քիչ հանգստանամ: