Լիլիթ Գրիգորյան (Արարատ)ի բոլոր հրապարակումները

Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը

 «Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը ու ձեր հոգու մի մասնիկով հավատացեք այդ հեքիաթին ու այդպես ապրեք»: Սա «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի ամենահայտնի միտքն է:

Երկու ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Վարդգես Պետրոսյանի  «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա նկարահանված, 16 մասից բաղկացած համանուն հեռուսատասերիալը՝ հաղորդելով ժամանակակից կյանքի շունչը: Անվիճելի է, որ ֆիլմը սիրվեց հատկապես երիտասարդների կողմից: Ֆիլմի, դերասանի մասնագիտության, Ամանորի և այլ թեմաների մասին կզրուցենք հեռուստասերիալի գլխավոր դերասաններից մեկի` Արմեն Միքայելյանի հետ:

-Ինչպե՞ս ընտրեցիր դերասանի մասնագիտությունը:

- Դերասանի մասնագիտության մասին չեմ երազել: Ամեն ինչ սկսվեց, երբ բացվեց Աշոտ Ղազարյանի «Ծիծաղի, հումորի և խոսքի դպրոցը»: Պապիկս ինձ տարավ այնտեղ, որպեսզի փորձեմ ուժերս: Միաժամանակ արդեն սկսեցի հաճախակի այցելել ներկայացումների: Հետո արդեն սկսեցի շատ գրքեր կարդալ և սիրահարվեցի դերասանի մասնագիտությանը:

- Ի՞նչ թերություններ և առավելություններ կնշես դերասանի մասնագիտության մեջ:

- Դերասանի մասնագիտության միջոցով կարողանում ես շատ արագ և հեշտ ճանաչել դիմացինիդ, իսկ որպես թերություն կարող եմ նշել ցածր աշխատավարձը կամ այն, որ ինստիտուտը տարեկան ավարտում են 80-ից 100 դերասան, և մեծ մասը մատնվում են անգործության:

- Ամենակարևոր հատկանիշը դերասանի համար:

- Դերասանը ուղղակի պարտավոր է լինել բազմակողմանի զարգացած և շատ կարդացած: Այդ ամենը կարող եք նկատել առանց նրա հետ շփվելու, այլ ուղղակի նրա աչքերին նայելով:

- Խոսենք «Վերջին ուսուցիչը» ֆիլմից: Ինչպե՞ս ստացար ֆիլմում նկարահանվելու առաջարկը:

- Ինստիտուտում հայտարարեցին քասթինգ, որը անցկացվելու էր Ռադիոտանը: Առաջին օրը ուսումնասիրեցի Աշոտի կերպարը: Երեք շաբաթ անց զանգեցին ու առաջարկեցին Վահանի դերը, ինչի համար ուրախ եմ, որովհետև Աշոտի կերպարը ինձնից շատ հեռու է, ու հաստատ դժվարություններ կառաջանային:

- Արմեն, ի՞նչ ես կարծում՝ ո՞րն էր հեռուստասերիալի հաջողության գաղտնիքը:

- Ֆիլմը պարզ մարդկային հարաբերությունների մասին է: Հերոսները սովորական մարդիկ են` իրենց դրական և բացասական կողմերով, ճիշտ ու սխալ քայլերով: Այս ամենի շնորհիվ էլ ֆիլմը դիպավ մարդկանց սրտերին:

- Քո դպրոցական տարիներին ո՞ր կերպարին էիր նման:

-Հենց Վահանի կերպարին: Ես էլ էի բավականին լավ սովորում և ունեի հանգիստ բնավորություն: Ֆիլմում Վահանը որոշ հատվածներում մեջբերումներ է անում «Աստվածաշնչից»: Իրական կյանքում ես էլ շատ աստվածապաշտ եմ ու ոգեշնչվում եմ «Աստվածաշնչից»:

- Ո՞ր ֆիլմն է քեզ վրա խորը ազդեցություն թողել:

- Մել Գիբսոնի նկարահանած «Խղճի թելադրանքով» ֆիլմը. խորհուրդ կտամ դիտել բոլորին:

- Խոսիր թատրոնի և կինոյի տարբերությունների մասին:

-Երկուսում էլ հիանալի միջավայր է, բայց կինոյում ես ինձ կաշկանդված եմ զգում, թատրոնում՝ ազատ: Բացի այդ, «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալում կան կադրեր, որտեղ իմ խաղից շատ դժգոհ եմ, բայց ուղղելու հնարավորություն չունեմ, իսկ թատրոնում ես դրա հնարավորությունը միշտ ունեմ:

- Ըստ քեզ՝ ե՞րբ որևէ հայկական ֆիլմը կարժանանա Օսկարի:

- Հավատացեք՝ մեր դերասաններից ոմանք ոչ մի բանով չեն զիջում հոլիվուդյան դերասաններին, բայց միայն դա քիչ է: Մեզ անհրաժեշտ է նաև լավ օպերատորական, լավ մոնտաժային, լավ տեխնիկական աշխատանք, դրա համար էլ անհրաժեշտ է գումար, իսկ հայկական կինոարտադրությանը շատ քիչ գումար է հատկացվում:

-Պատմիր քո և գրքերի կապվածության մասին

- Գրքերը իմ մոլուցքն են: Ընդունվելու համար պետք է գրականության մի երկար ցանկ կարդայի: Մուտքը դեպի գրականություն ազդարադվեց Շիրվանզադեի  «Պատվի համար» ստեղծագործությամբ: Ինչ-որ կոնկրետ գիրք առանձնացնել չեմ կարող: Սիրելի են այն գրքերը, որոնց մեջ ես ինձ եմ տեսնում: Հիմա գրքերս ինձնից նեղացած են, երեսիս էլ չեն նայում, որովհետև ժամանակս շատ սուղ է կարդալու համար:

- Արմեն, հեռուստասերիալում քո սերը հաղթահարեց բոլոր դժվարությունները: Իրական կյանքում քո սիրտը զբաղվա՞ծ է:

- Փոքրիկ գաղտնիք բացեմ. դերասանների մեծ մասի սիրտը միշտ զբաղված է. դա մեզ առաջ է մղում: Հիմա իմ կողքին աղջիկ չկա, բայց ես շատ հաճախակի եմ սիրահարվում ու սիրահարվում եմ միմյանցից շատ տարբեր աղջիկների:

-Հիշո՞ւմ ես առաջին սերդ:

- Այո, չորրորդ դասարանում ես և ընկերս սիրահարված էինք տասներորդ դասարանի մի աղջկա: Մենք պայքարում էինք մեր սիրո համար, այսիքն այն բանի համար, ինչը որ սեր էինք համարում, բայց երբեք չէինք պայքարում միմյանց դեմ: Մինչև հիմա պահպանել եմ օրագիրս. օրինակ՝ 14-րդ էջում սիրահարված էի Անիին, 16-րդ էջում՝ Լիանային և այդպես շարունակ: Հիմա ծիծաղով եմ թերթում էջերը:

- Շուտով Ամանոր է: Հետաքրքիր է՝ սովորաբար ի՞նչ ես նվիրում Ամանորին:

- Ըստ նախասիրությունների և կարիքների: Բայց արդեն իմ դեպքերում նախընտրելի է, որ ինձ գիրք նվիրեն:

-Ո՞րն է ամենավառ հիշողությունը Ամանորի հետ կապված

- Չեմ սիրում Ամանորը, որովհետև ցուրտը, ձյունը, ձմեռը արդեն վանող են ինձ համար: Ա՜յ, եթե տոնը լիներ օգոստոսին, շատ կսիրեի: Իսկ որպես վառ հիշողություն ասեմ, որ մի Ամանորի ժամանակ ծնողներս ու քույրիկս Սանկտ Պետերբուրգում էին, ես՝ տատիկիս ու պապիկիս մոտ, և դռան ամեն թակոցի հետ հույս ունեի, որ դռան հակառակ կողմում ընտանիքս է կանգնած:

lilit grigoryan ararat

Պայքար ոչ պարտադիրի դեմ

 Նախորդ օրերի ամենաքննարկված թեման ԿԳՄՍ նախարարության մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծն է, որը շուտով պետք է դրվի հանրային քննարկման: Ըստ օրինագծի` բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չի լինի:

 Կարծիքները տարբեր են: Խնդրով հետաքրքրված մարդկանց մի մասը կարծում է, որ առարկաները չպետք է դուրս գան պարտադիր դասավանդվողների ցուցակից, քանի որ այս առարկաները հայագիտական նշանակություն ունեն:

 «Հայոց լեզուն պետք է պարտադիր լինի բոլոր բուհերում` գոնե առաջին մեկ տարին: Շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք իրենց ոլորտում մասնագետ են՝ հաշվապահ, ծրագրավորող, ֆինանսիստ, բայց հայոց լեզվից նվազագույն գիտելիքներ չունեն,-նշում է Հայասատանի պետական ճարտագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող Համլետը,- Հայոց պատմություն առարկայի դեպքում կարծիքս մի փոքր այլ է: Կարծում եմ՝ ուսանողը տվյալ առարկային պետք է հրաժեշտ տա դպրոցում՝ արդեն բավարար գիտելիքներ ստացած»:

 Իսկ կրթության նախարարությունում պնդում են`ուսանողը պետք է իր ժամանակի մեծ մասը տրամադրի մասնագիտական առարկաներին:

 Ինչ վերաբերում է ինձ, ես լրագրության ֆակուլտետի ուսանողուհի եմ և հայոց լեզու պետք է անցնեմ ընդամենը երկու տարի: Եթե ես, լինելով ապագա լրագրող, հայոց լեզու առարկան պետք է ուսումնասիրեմ ընդամենը երկու տարի, ապա այդ տրամաբանությամբ օրինակ, տնտեսագիտական համալսարանում այդ առարկան չպետք է դասավանդվի, որովհետև հայոց լեզուն իմ մասնագիտության հիմքն է, տնտեսագետինը՝ ոչ: Այս ամենից կարելի է ենթադրել, որ պետք է ապահովել դպրոցներում Հայոց լեզու առարկայի դասավանդման բարձր որակը և պետք է բարձրացնել միասնական քննության անցողիկ շեմը:

 Հայոց պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ կարծիքս այլ է: Ես անտրամաբանական եմ համարում այն տեսակետը, ըստ որի, դպրոցական տարիների ընթացքում հայոց պատմություն առարկայից բավարար գիտելիքներ չկուտակած ուսանողը, կարող է դա անել մեկ տարվա ընթացքում: Ի վերջո, եթե նա դա չի արել մի քանի տարիների ընթացքում, մեկ տարվա ընթացքում դժվար թե անի: